Գլխապտույտը հղիության ընթացքում
Թեթևակի գլխապտույտ, թուլություն, կանգնելու անկարողություն և նմանատիպ զգացողությունները ծանոթ են գրեթե բոլոր հղի կանանց: Դրանց առաջացման պատճառները բազմազան են.
- օրգանիզմի պատասխան ռեակցիան հղիությանն ու հորմոնային ֆոնի փոփոխությանը,
- ներքին ականջի կամ անդաստակային (վեստիբուլյար) նյարդի ախտահարումը,
- պաթոլոգիական գործընթացները գլխուղեղում կամ գանգուղեղային վնասվածքները,
- ողնաշարի պարանոցային հատվածի հիվանդությունները,
- որոշակի դեղերի ընդունումը,
- տարատեսակ փոխադրամիջոցներով երթևեկությունը և այլն:
Տվյալ վիճակի հիմքում ընկած է գլխուղեղի հյուսվածքներում ոչ բավարար արյան մատակարարումը, ինչը հանգեցնում է թթվածնաքաղցի և հնարավոր է առաջացնի գիտակցության կորուստ: Հետևյալ գործոններն են կանխորոշում գլխապտույտի առաջացումը.
- զարկերակային ճնշման նվազումը,
- սակավարյունության (անեմիայի) զարգացումը,
- արյան մեջ գլյուկոզայի կտրուկ բարձրացումը և անկումը,
- քաղցի զգացողությունը,
- մարմնի դիրքի կտրուկ փոփոխումը,
- գերտաքացումը և թթվածնով աղքատ տարածքում երկար գտնվելը,
- ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը և այլն,
Բացի այս, գլխապտույտի պատճառը կարող է կախված չլինել հղիությունից, օրինակ՝ ալերգիկ վիճակները կամ թոքերի հիպերօդափոխությունը հնարավոր է առաջացնեն գլխապտույտ:
Գլխապտույտը՝ որպես հղիության առաջին ախտանշան
Հղիության նշանները բոլոր կանանց մոտ տարբեր ժամկետներում են ի հայտ գալիս: Այդպես, որոշ կանայք նշում են, որ զգացել են հղիությունը հենց առաջին օրերից, իսկ ոմանք էլ իմացել են դրա մասին ավելի ուշ՝ մենստրուացիայի ուշացման ժամանակ: Հղիության ամենատարածված նշաններն են.
- թեթև և կարճատև սպազմ որովայնում, ցավ կրծքում և մաշկի գույնի փոփոխություն այդ հատվածում,
- թուլություն, քնկոտություն, արագ հոգնածություն, տրամադրության կտրուկ անկումներ, ինչը հիմնականում կապված է հորմոնային փոփոխությունների հետ,
- գլխապտույտ, գլխացավեր, որոնք առաջանում են պրոգեստերոն հորմոնի մակարդակի բարձրացման պատճառով,
- սրտխառնոց. ամենահայտնի նշանն է, մասնավորապես առաջանում է առավոտյան ժամերին: Այն սովորաբար առաջանում է հղիության երկրորդ ամսից, բայց հնարավոր է նաև ի հայտ գա երկրորդ շաբաթից սկսած: Եթե սրտխառնոցը շարունակվում է ողջ օրվա ընթացքում, գուցե տոքսիկոզ է զարգանում: Սրտխառնոցը երբեմն ուղեկցվում է փսխումով, ինչի դեպքում անհրաժեշտ է ուշադիր լինել, որպեսզի օրգանիզմի ջրազրկում չառաջանա:
- Առաջին նշաններից են նաև համային զգացողությունների և համապատասխան նախասիրություների փոփոխությունը, ինչպես նաև հիմքային ջերմաստիճանի բարձրացումը:
Բոլոր այս նշանների առաջացումը պայմանավորված է հորմոնային, ինչպես նաև օրգանիզմի արյունատար, շնչառական և այլ համակարգերի փոփոխություններով: Հղիության առաջին օրերից արդեն էապես փոփոխվում է արյան շրջանառությունը. մեծանում է փոքր կոնքի արյունատար անոթների ցանցը, և արգանդի արյան մատակարարումն ավելի է ակտիվանում, մեծանում է արյան ընդհանուր ծավալը, սիրտն ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Այս ամենին զուգահեռ, օրգանիզմի հարմարվողական մեխանիզմները չեն կարողանում ամբողջությամբ ապահովել անհրաժեշտ արյան շրջանառություն ողջ օրգանիզմում, ինչի արդյունքում գլխուղեղում առաջանում է բջիջների թթվածնաքաղց: Հենց դրանով են պայմանավորված հղիության ընթացքում գլխացավերը, գլխապտույտը և նույնիսկ ուշագնացությունը: Գլխապտույտ առաջացնում է նաև երկար ժամանակ ուղղահայաց դիրքում մնալը, դիրքի կտրուկ փոփոխությունը և շատ մարդկանցով փոքր տարածություններում մնալը:
Հղիության ավելի ուշ ժամկետներում արգանդը մեծանալով ճնշում է երակային անոթները, հատկապես մեջքի վրա պառկած դիրքում: Ընդ որում, փոքրանում է դեպի սիրտ արյան հոսքը և հետևաբար վատթարանում է այլ օրգաններին արյան մատակարարումը: Առաջանում է հիպոքսիա, ինչն արյան ծավալում թթվածնի ոչ բավարար մակարդակի առկայությունն է: Սովորաբար այն առաջանում է սակավարյունությունից, երբ արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը նվազում է:
Գլխապտույտ առաջացնում են այնպիսի գործընթացները օրգանիզմում, ինչպես գլյուկոզայի կտրուկ տատանումները: Սա տեղի է ունենում, երբ հղի կինը չարաշահում է պարզ ածխաջրատների ընդունումը, օրինակ՝ քաղցրավենիքի, քաղցր հյութերի և այլն: Այդ ժամանակ գլյուկոզայի մակարդակն արագորեն բարձրանում է, և ակտիվանում է ինսուլինի արտադրությունը, իսկ դրանից հետո գլյուկոզայի մակարդակը կտրուկ անկում է: Այդ պատճառով էլ շատ կարևոր է հղիության ընթացքում ճիշտ սնվելը:
Եթե գլխապտույտն ուղեկցվում է ականջներում ձայների, աղմուկի ի հայտ գալով, տեսողության հանկարծակի խանգարումով, ապա հնարավոր է, որ ձեզ անհանգստացնում է գեստոզը: Սա կարող է հանգեցնել լուրջ բարդությունների և վտանգել պտղի կյանքը, այդ պատճառով հարկավոր է անհապաղ դիմել բժշկի: