Հորմոնային անպտղություն

Հորմոնային անպտղություն

Ժամանակակից կյանքն իր արագընթացությամբ և սթրեսներով, անառողջ սննդով և քրոնիկական հիվանդություններով հաճախ հանգեցնում է բացասական հետևանքների․գնալով աճում են տղամարդկանց և կանանց անպտղության դեպքերը: Այս խնդրի առաջացման հիմնական պատճառները մի քանիսն են և դրանցից մեկը էնդոկրին անպտղությունն է կամ հորմոնային համակարգի շեղումները, որոնք արգելակում են բեղմնավորումը ու հղիության հետագա զարգացումը:

Կանանց հորմոնային անպտղություն

Այս խնդիրը տարբեր կերպ է արտահայտվում կնոջ օրգանիզմում: Հաճախ այն ընթանում է աննշան կամ ախտանշանները համընկնում են այլ հիվանդությունների ախտանշանների հետ: Այնուամենայնիվ կանանց հորմոնային անպտղության գլխավոր, ամենավառ արտահայտված նշաններն են ձվարանում ֆոլիկուլի աճի և զարգացման գործընթացների խանգարումը, անկանոն ձվազատումը կամ ձվազատման բացակայությունը (անօվուլյացիա), ինչպես նաև մենստրուալ ցիկլում լյուտեինային փուլի անբավարարությունը: Այդ խանգարումները կարող են առաջանալ հետևյալ էնդոկրին խնդիրների հետևանքով՝

  • հիպերպրոլակտինեմիա (հիպոֆիզի հորմոն պրոլակտինի բարձր մակարդակն արյան մեջ), 
  • ձվարանների թերֆունկցիա (ձվարանների բնածին կամ ձեռքբերովի վնասում և դրանց ֆունկցիայի նվազում), 
  • հիպերանդրոգենիա (արական հորմոնների գերարտադրություն), 
  • ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ (ձվարաններում բազմաքանակ փոքր ֆոլլիկուլների առաջացում), 
  • հիպո կամ հիպերթիրեոզ (վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ), 
  • գոնադոտրոպինային անբավարարություն (հիպոֆիզի և հիպոթալամուսի ֆունկցիայի նվազում գենետիկական կամ ձեռքբերովի խանգարումների հետևանքով):

Անօվուլյացիայի և լյուտեինային փուլի անբավարարությանը զուգահեռ կանանց մեծամասնության էնդոկրին անպտղության դեպքում դիտվում է մենստրուալ ցիկլի խանգարում (դաշտանը բացակայում է կես տարուց ավել կամ տեղի է ունենում երկար ընդմիջումներով, դիտվում է արյունային արտադրության տևողության և ծավալի ավելացում), առաջանում է ցավ և լարվածություն կաթնագեղձերում:

Տղամարդկանց հորմոնային անպտղություն

Անպտղության այս տեսակը հաճախ հանդիպում է նաև տղամարդկանց դեպքում: Դա կապված է սերմնագոյացման համար պատասխանատու օրգաններում խնդիրների առաջացման հետ: Արական սեռական բջիջների վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են՝

  • հիպոգոնադիզմը (սեռական օրգանների բնածին կամ ձեռքբերովի անոմալիաներով պայմանավորված արական հորմոնների արտադրության նվազում), 
  • հիպերէստրոգենիան (արյան մեջ իգական հորմոնների մակարդակի բարձրացում), 
  • հիպերպրոլակտինեմիան (պրոլակտին հորմոնի մակարդակի բարձրացում), 
  • շաքարային դիաբետը,
  • վահանաձև գեղձի ֆունկցիայի տարատեսակ խանգարումները:

Բացի այդ, տղամարդկանց ներզատական գեղձերի ֆունկցիան կարող էր խանգարվել դեռ ներարգանդային զարգացման կամ սեռական հասունացման շրջանում ամորձու լուրջ վնասվածքների կամ սեռական գեղձերում վարակային-բորբոքային գործընթացների (վեզիկուլիտ, պրոստատիտ և այլ) պատճառով:

Հորմոնային անպտղության ախտորոշման մեթոդները

Անպտղության իրական պատճառները բացահայտել հնարավոր է միայն գինեկոլոգի (ուրոլոգ-անդրոլոգի), էնդոկրինոլոգի խորհրդատվությունից և համալիր զննումներից հետո, ինչպես նաև մի շարք լաբորատոր հետազոտություններից հետո, քանի որ էնդոկրին խանգարումները հաճախ ուղեկցվում են մի շարք այլ պաթոլոգիաներով:

Ճիշտ ախտորոշման համար կանանց խորհուրդ է տրվում՝

  • անցնել ուլտրաձայնային հետազոտություն, որպեսզի հաստատվի ցիկլի կեսին (11-16-րդ օրը) հասուն ֆոլիկուլի բացակայությունը կամ դեղին մարմնինը՝ 19-23-րդ օրը,  
  • կատարել վերարտադրողական ֆունկցիային անուղղակիորեն առնչվող հորմոնների մակարդակի հետազոտություն (լյուտեինիզացնող, ֆոլիկուլախթանիչ հորմոն, տեստաստերոն, պրոլակտին, կորտիզոլ, 17-հիդրոքսիպրոգեստերոն, ԴՀԷԱ-սուլֆատ, վահանաձև գեղձի հորմոններ և այլն),  
  • որոշել հիմնային ջերմաստիճանը և կազմել գրաֆիկ մի քանի ամիսների ընթացքում, ինչը կօգնի բացահայտել ձվարանների թերֆունկցիան:

Տղամարդդկանց խորհուրդ է տրվում՝

  • հետազոտել արյան մեջ հորմոնների մակարդակը,
  • կատարել սերմնահեղուկի հետազոտություն (սպերմագրամա) դրա քանակական և որակական ցուցանիշների որոշման համար:

Անհրաժեշտության դեպքում բուժող բժիշկը կարող է խորհուրդ տալ հետազոտության այլ տեսակներ, ինչպես նաև այլ մասնագետների խորհրդատվություն:

Հորմոնային անպտղության բուժումը

Ըդհանուր առմամբ էնդոկրին անպտղության բուժման բոլոր եղանակներն ու տեսակներն ուղղված են ներզատական գեղձերի աշխատանքում խանգարումների կարգավորմանը, վերարտադրողական ֆունկցիայի վերականգնմանը և հաջող բեղմնավորմանը: Այդ նպատակով անհատական խնդիրները հաշվի առնելով՝ նշանակվում են համապատասխան դեղամիջոցներ և բուժական միջամտություններ: Օրինակ՝ հիպերպրոլակտինեմիայի դեպքում նշանակվում է արյան մեջ պրոլակտինի մակարդակը նվազեցնող դեղամիջոց, իսկ հիպերթիրեոզի դեպքում՝ հորմոններ, որոնք լրացնում են օրգանիզմում թիրոդիային հորմոնների հաշվեկշիռը: Հորմոնային թերապիայի դեպքում հնարավոր է, որ նաև ցուցվի ցածր կալորիականությամբ սննդակարգ, ֆիզիկական ծանրաբեռնվածության ակտիվացում, ինչպես նաև կատարվում է ուղեկցող հիվանդությունների բուժում: Լինում են դեպքեր, երբ պահանջվում է վիրահատական միջամտություն:

Հորմոնային անպտղության կանխարգելումը

Կանխարգելիչ միջոցներ պետք է կիրառվեն դեռ վաղ հասակից: Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար շատ կարևոր է սթրեսային իրավիճակներից խուսափելը, օրգանիզմում վարակի աղբյուրների ժամանակին վերացումը, քաշին հետևելը գիրացումից և հյուծվելուց խուսափելու համար: Բացի այդ, այն երեխաները, ում մայրն ունեցել է հորմոնային խանգարումներ, կարիք ունեն մանկական գինեկոլոգի խորհրդատվության: Ամենակարևորը՝ նման ախտորոշում լսելուց հետո չհուսալքվեք և խուճապի չմատնվեք, քանի որ էնդոկրին անտղությունը 80% դեպքերում բուժվում է:

views 18879
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը