Աղբյուրը՝ mama66.ru Թարգմանությունը՝ sotskiy.am

Հեշտոցի արտադրությունը փոքրիկ աղջիկների դեպքում

30.04.201528274

Կա մի այնպիսի համոզմունք, որ կանանց բազմաթիվ հիվանդություններ ունենում են միայն սեռական կյանք վարող կանայք: Դա է պատճառը, որ փոքրիկ աղջնակների դեպքում արտադրություն հայտնաբերելը հաճախ վախեցնում է մայրիկներին, ովքեր ընդունում են այն որպես երեխայի առողջությանը վտանգ սպառնացող երևույթ:

Պարզենք, թե որ դեպքում է արտադրությունը համարվում բնականոն և որ դեպքում է այն վտանգավոր ու պահանջում մանկական գինեկոլոգի այց: Հեշտոցի արտադրությունը բնորոշ է իգական սեռի ներկայացուցիչներին բոլոր տարիքներում (նույնիսկ նորածիններին): Այս արտադրությունը կնոջ վերարտադրողական համակարգի օրգանների գործունեության և ինքնամաքրման արդյունք է:

Սովորաբար հեշտոցային սեկրետը (արտադրությունը) բաղկացած է լինում՝

  • նորացվող բջիջներից, որոնք պատում են ներքին սեռական օրգանների մակերեսը,
  • լորձից, որն արտադրվում է արգանդի խոռոչի և պարանոցի գեղձերի կողմից,
  • միկրոօրգանիզմներից,
  • արյան բջիջներից և այլ բաղադրիչներից:

Փոքր աղջիկների հեշտոցային արտադրությունը լինում է ֆիզիոլոգիական և պաթոլոգիական ծագման:

Բնականոն համարվող արտադրություն, որից պետք չէ վախենալ

Այսպիսին է համարվում բաց գույն ունեցող, լորձանման արտադրությունը, որը կարող է պարունակել ձգվող թելանման կամ փշուրանման խառնուրդներ: Երիտասարդ մայրիկները կարող են չանհանգստանալ, եթե հայտնաբերեն այս բնույթի արտադրություն։ Առատ լորձանման արտադրություն հաճախ է հանդիպում նորածինների կյանքի երկրորդ շաբաթում: Հազվադեպ հնարավոր է, որ արտադրության մեջ երևան արյան հետքեր, և հնարավոր է այն ուղեկցվի նաև կաթնագեղձերից պղտոր, խիտ հեղուկի արտադրությամբ: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ նման երևույթը բացառապես անվտանգ է և կոչվում է նորածինների սեռական կամ հորմոնային կրիզ: Այն բնականոն երևույթ է և ունի իր բացատրությունը: Այդ միջոցով է երեխայի օրգանիզմը պատասխանում մայրիկի սեռական հորմոնների մակարդակի բարձրացմանը, որոնք հայտնվում են իր օրգանիզմում ընկերքի կամ կաթի միջոցով: Այս վիճակը բուժում չի պահանջում: Պարզապես անհրաժեշտ է ավելի ուշադիր հետևել երեխայի հիգիենային:

Երեխայի սեռական զարգացման 3-4-րդ շաբաթներից հետո գալիս է հորմոնային հանգստի շրջանը: Մինչև երեխայի 7-8 տարեկանը, երբ սկսվում է նախասեռական հասունացման շրջանը, լորձանման արտադրությունը գրեթե ամբողջությամբ վերանում է: Սեռական զարգացման այս շրջանը բնորոշվում է օրգանիզմի հորմոնային ֆոնի վերակառուցմամբ: Առաջին դաշտանի սկսվելուց մոտ մեկ տարի առաջ հորմոնային փոփոխությունների ազդեցության ֆոնին կարող է կրկին նկատվել հեշտոցային՝ ֆիզիոլոգիական արտադրություն: Իննից տաս տարեկանում կամ ոմանց դեպքում 15 տարեկանում արտադրությունը դառնում է ցիկլային, առատ և այդպես կարգավորվում է մենստրուալ ցիկլը:

Պաթոլոգիական արտադրություն, պատճառները և նշանները

Նորածինների դեպքում պաթոլոգիական արտադրությունը բնորոշվում է առատությամբ, արյան կամ թարախի առկայությամբ, ինչպես նաև սուր, տհաճ հոտով: Սովորաբար թարախային արտադրությունը հեշտոցի լորձաթաղանթը կամ արտաքին սեռական օրգանները ախտահարող բորբոքային պրոցեսի հետևանք է լինում: Դրա պատճառը երեխայի հեշտոցի և վուլվայի (արտաքին սեռական օրգաններ) ֆիզիոլոգիական առանձնահատկություններն են: Բանն այն է, որ փոքր աղջնակների հեշտոցը պատող լորձաթաղանթը փխրուն և նուրբ կառուցվածք ունի: Բացի այդ, երեխաների հեշտոցում չկան համապատասխան պայմաններ, որ այնտեղ գոյատևեն կաթնաթթվային ցուպիկները: Իսկ դրանք հասուն կնոջ դեպքում ապահովում են թթվային միջավայր, որը կանխում է ախտածին բակտերիաների ու սնկերի զարգացումը: Այնպես որ՝ մանկան հեշտոցի միջավայրը հիմնային է և այնտեղ մշտապես առկա են պայմանականորեն ախտածին միկրոօրգանիզմներ: Ցածր իմունիտետի, հիգիենայի կանոնների խախտման, ալերգիկ հիվանդությունների դեպքում այդ բակտերիաներն սկսում են ակտիվորեն բազմանալ, ինչն էլ հանգեցնում է արտադրության:

Բորբոքային պրոցեսի սկիզբը բնութագրվում է ոչ միայն ախտածին դեղին կամ կանաչավուն արտադրության ի հայտ գալով, այլև այնպիսի նշաններով, ինչպիսիք են՝

  • արտաքին սեռական օրգանների և հարակից շրջանի մաշկի կարմրություն՝ հիպերեմիա,
  • այտուցվածություն,
  • թույլ կամ ուժեղ այրոց և քոր, որոնք կտրուկ սրանում են միզարձակման ժամանակ:

Դեղնականաչավուն արտադրությունը վկայում է բակտերիալ վուլվովագինիտի (շեքի և հեշտոցի լորձաթաղանթի բորբոքում) առկայության մասին: Հեշտոցի միկրոֆլորայի հավասարակշռության խախտման դեպքում առաջացող արտադրությունն ունենում է մոխրագույն կամ կաթնային կրեմանման սպիտակ տեսք և ուղեկցվում է տհաճ հոտով: Եթե աղջնակի օրգանիզմում առկա լինի տրիխոմոնադային վարակ (ծննդաբերական ուղիների անցման ժամանակ), կառաջանա փրփուրանման արտադրություն: Ալերգիկ վուլվովագինիտի դեպքում արտադրությունը կլինի ջրիկ, իսկ լորձաթաղանթը՝ շատ բարակ ու չոր:

Ո՞ր դեպքերում է պահանջվում բուժում

Բուժումը նշանակվում է բացառապես բժշկի կողմից: Երեխայի տարիքից և նրա քրոնիկական հիվանդությունների առկայությունից կախված մշակվում է անհատական ծրագիր: Նախ և առաջ բժիշկը պարզում է, թե ինչն է վուլվովագինիտի հարուցիչը, որքանով է այն զգայուն հակաբիոտիկների նկատմամբ: Այնուհետև նշանակում է դեղորայքային բուժում՝ հակասնկային, հակաբիոտիկ դեղամիջոցներով և այլն: Սուր ընթացքի և առատ արտադրության դեպքում երեխային անհրաժեշտ է խիստ անկողնային ռեժիմ:

Եթե պարզվում է, որ հիվանդության առաջացմանը նպաստել է ճիճվային վարակը, ապա անհրաժեշտ է բուժում իրականացնել նաև փոքրիկի ծնողների համար: Ընդ որում՝ խորհուրդ է տրվում դեղորայքային բուժմանը զուգահեռ երեխային խոտաբուսային կամ հակասեպտիկ թուրմերով լվացումներ կատարել:

Կարելի է կիրառել հետևյալ կանխարգելիչ միջոցները՝

  • վարել ճիշտ, առողջ ապրելակերպ,
  • զգույշ լինել տարբեր վարակներ կրող մարդկանց հետ շփվելիս,
  • պահպանել հիգիենայի կանոնները,
  • հնարավորինս շուտ բուժել ցանկացած վարակային հիվանդություն:

Այսպիսով՝ եթե նկատել եք պաթոլոգիական արտադրություն, ապա երեխային հնարավորինս շուտ տարեք բժշկի, որպեսզի խուսափեք բարդացումներից և կրճատեք բուժման ժամանակահատվածը: Հիշեք, որ հիվանդությունն ավելի հեշտ է բուժել վաղ շրջանում: