Ես շատ նիհար եմ. արդյո՞ք դա կարող է անդրադառնալ իմ հղիանալու կարողության վրա

20.01.20158031

Արդյո՞ք իմ նիհարությունը կարող է որևէ կերպ անդրադառնալ իմ հղիանալու կարողության վրա: Պարտադիր չէ: Դա կախված է դաշտանային ցիկլի բնականոն լինելուց: Եթե բնականոն 30-օրյա ցիկլ է, ամենայն հավանականությամբ ձեր մարմնի զանգվածը ոչ մի կերպ չի առնչվի ձվազատման հետ և չի խանգարի հղիանալուն:

Բնականոն ձվազատման համար ճարպաշերտը պետք է կազմի ամենաքիչը մարմնի զանգվածի 22% (առողջ կնոջ դեպքում ճարպը կազմում է մարմնի զանգվածի միջինում 28% ը), այնինչ եթե դուք ինտենսիվորեն զբաղվում եք սպորտով,  ձեր մարմնի ճարպաշերտը կարող է այնքան բարակ լինել, որ ազդի դաշտանի և ձվազատման կանոնավորության վրա:

Օրգանիզմում ճարպի շատ ցածր քանակը խախտում է հորմոնների հոսքը ուղեղից դեպի հիպոֆիզ (մակուղեղ): Դա նշանակում է, որ ձվարանները ձվազատման ազդանշան չեն ստանում: Դրա պատճառով էլ, եթե նույնիսկ շատ առողջ ձվաբջիջներ ունեք, չեք կարողանա հղիանալ, քանի որ նրանցից ոչ մեկը դուրս չի գալիս ֆոլիկուլից: Բազմաթիվ կանայք մշտապես հատուկ սննդակարգ են պահպանում և մարմնի քաշը պահում են նորմայի ամենացածր աստիճանին: Բացի այդ, նման սննդակարգերից շատերը անհամապատասխան են և կարող են հանգեցնել հղիության ընթացքում պահանջվող սննդային նյութերի անբավարարության:

Նյարդային անորեքսիայի և բուլեմիայի նման սննդային խանգարումներով տառապող կանայք հաճախ ունենում են շատ ցածր քաշ: Եթե հետևում եք հատուկ սննդակարգի կամ սպորտով եք զբաղվում, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, թե որն է ձեր հասակի համար իդեալական մարմնի զանգված համարվում և հետևել օրգանիզմում ճարպի պարունակության մակարդակին:

Հաշվի առեք, որ եթե կորցնեք ձեր իդեալական զանգվածի 15%-ը, ձեր դաշտանային ցիկլը կարող է անկանոն դառնալ: Եթե կորցնեք նորմայի 30%-ը, դաշտանը կարող է նույնիսկ առհասարակ դադարել:

Ձեր մարմնի զանգվածի ինդեքսը 19-ից ցածր է, իսկ դաշտանը անկանո՞ն: Բժիշկն այս դեպքում խորհուրդ կտա նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և ընդունել ավելի շատ կալորիաներ, որպեսզի ավելանա օրգանիզմում ճարպի քանակը: Երբ Դուք ձեռք բերեք ձեր հասակի համար առողջ համարվող մարմնի զանգվածի և ճարպի պարունակության ցուցանիշներ, դաշտանային ցիկլը կվերադառնա բնականոն վիճակի: Եթե ցիկլը չի կարգավորվում, ապա հարկ կլինի դիմել վերարտադրող-մասնագետի: Հնարավոր է հայտնաբերվի ինչ-որ թաքնված պատճառ, որը խանգարի հղիանալուն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, ովքեր հղիացել են մարմնի անբավարար զանգվածով, գտնվում են փոքր քաշով երեխա լույս աշխարհ բերելու վտանգավոր գոտում: Մեկ այլ հետազոտության համաձայն կնոջ մարմնի անբավարար քաշը 72%-ով բարձրացնում է հղիության անհաջող ավարտի վտանգը: