Ի՞նչ անել ձմռանը չափից շատ չուտելու համար

28.11.20145810

Աշնանը և ձմռանը դժվար է հետևողական լինել կազմվածքի նկատմամբ և պահպանել մարզավիճակը. ցուրտը և մթությունը նպաստում են չափից շատ ուտելուն: Հոգեթերապևտ, սննդի խանգարումների մասնագետ Ժերար Ապֆելդորֆերը մի քանի պարզ խորհուրդ է տալիս:

1. Ձեր սիրելի ուտեստին այլ կերպ նայեք. որպես թշնամու չէ, որպես ընկերոջ և համախոհի: Չարժե պայքարել համեղ ուտեստների դեմ, սննդակարգից հանել կարտոֆիլն ու շոկոլադը: Նիհարել հնարավոր է նաև շարունակելով ուտել համեղ ուտեստներ, սակայն ուտել պետք է քիչ: Սովորեք հագենալ նաև փոքր չափաբաժիններով: Ավելի լավ է քիչ, այո, քիչ, սա է գեղեցիկ կազմվածքով մարդկանց նշանաբանը:

2. Փորձեք շոկոլադին վերաբերվել որպես ամենասովորական մթերքի: Նրա հիմնական արժանիքը սննդարարությունն է: Որքան սննդարար է մթերքը, այնքան համեղ է, իսկ որքան համեղ է, այնքան քիչ է պետք հաճույք ստանալու համար, այսինքն՝ հագենալու համար: Նախապատվությունը տվեք որակին, համտեսեք մի փոքր կտոր՝ ինքներդ ձեզ ասելով, որ դրան կհաջորդի ևս մեկը ... միայն թե վաղը:

3. Ճարպը դանդաղ է կուտակվում և դանդաղ էլ հեռանում է: Չարժե դիետա պահել, եթե մեկ շաբաթվա ընթացքում գիրացել եք 3 կգ-ով. քաշի այդպիսի ավելացումը բացատրվում է միայն հեղուկի կուտակմամբ:

4. Պետք չէ ժամանակ և ուժ վատնել կատարյալ քաշ ունենալու համար: Ավելի լավ է գտնել սեփական կայուն քաշը, որը հաճախ անվանում են նաև բնական քաշ: Մենք կարող ենք երկարատև և առանց ջանքերի պահպանել այն՝ ականջ դնելով մեր մարմնական և սննդային զգացումներին:

5. Սնվելու 2 տեսակ կա՝ ինքնակառավարվել կամ էլ լսել ինքներդ ձեզ: Կշեռքը մեզ մղում է վերահսկման՝ մարմինը վերածելով վտանգավոր օբյեկտի, իսկ եթե ենթարկվենք մեր մարմնական և սննդային պահանջներին, ապա մարմինը կդառնա համախոհ և ոչ թե հակառակորդ:

6. Գրեթե բոլորն էլ ունեն իրենց սննդային տաբուն: Արգելված ասելով՝ նկատի են առնվում այն մթերքները, որոնցից ամեն կերպ փորձում ենք խուսափել առօրյայում, բայց որոնք սկսում ենք ուտել մեծ քանակությամբ, երբ կորցնում ենք վերահսկողությունը: Այսպես արատավոր շրջան է սկսվում. Որքան խիստ է արգելքը, այնքան անխուսափելի են դրա խախտման հետևանքները: Որքան ուժեղ է տաբուն, այնքան ուժեղ ենք կախված նրանից: Ոչ մի մթերք ինքնին չի առաջացնում քաշի կտրուկ աճ. ամեն բան կախված է դրա նկատմամբ մեր վերաբերմունքից:

7. Անհրաժեշտ է կրկին սկսել ուտել ներքին պահանջմունքների թելադրանքով. ենթարկվել ախորժակին, քաղցի և հագեցածության զգացմանը, համերին: Մեր խնդիրը սննդի ֆիզիոլոգիական վերաբերմունքին վերադառնալն է՝ հեռանալով հուզականից: Լինելով սեփական հույզերի գերին՝ մեզնից շատերն ուտում են տագնապի, սթրեսի, վախի կամ զայրույթի թելադրանքով: Սովորեք հուզական լարվածությունն այլ կերպ թոթափել (սպորտ, զվարճանք), իսկ ուտելիքը թող ձեզ համար զգայական հաճույքի աղբյուր դառնա:

8. Ի՞նչ անել, երբ երեխան շոկոլադ կամ չիփս է պահանջում: Սկզբում ավելի լավ է պարզել երեխան քաղցած է, թե ոչ: Եթե քաղցած չէ, ապա հնարավոր է, որ մի բան այն չէ: Մղումը դեպի քաղցրը և յուղալի սնունդը (այսպիսի սնունդն իսկապես հանգստացնող ազդեցություն է թողնում) սովորաբար առաջանում է, երբ երեխան ջերմության, հոգատարության, քնքշության և ուշադրության կարիք է ունենում: Չի կարելի թույլ տալ, որ նա ուտի խոսելու փոխարեն: Առաջարկեք նրա պատմել իր զգացմունքների ու խնդիրների մասին, փորձեք անկեղծ խոսել: Թույլ տվեք նրան շոկոլադն ուտել և քննարկեք, թե ինչու էր այդքան շատ ուզում ուտել այն: «Եկ, նստիր կողքիս, արի մի լավ գրկեմ քեզ, դու էլ պատմիր, թե ինչ կա չկա, լավ, վատ ... Հետո, եթե ուզես, կարող ես մեկ հատ էլ շոկոլադ վերցնել»: