Բրոմոկրիպտինը գինեկոլոգիայում և անպտղության բուժումը

Հիպերպրոլակտինեմիան (պրոլակտին հորմոնի մեծաքանակ արտազատումը) կնոջ վերարտադրողական համակարգի բնականոն աշխատանքի խանգարման ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկն է: Հիվանդությունն ի հայտ է գալիս կանանց 15-30%-ի շրջանում, ովքեր ունեն ամենորեա կամ օլիգաամենորեա (դաշտանի բացակայություն կամ երկարատև ընդմիջումներ), ինչպես նաև անպտղություն ունեցող կանանց 30-70%-ի շրջանում:
Դա առաջին հերթին պայմանավորված է պրոլակտինի՝ ձվարանների վրա ունեցած ուժգին ազդեցությամբ. նվազում է էստրադիոլի, ֆոլիկուլախթանիչ և լյուտեինիզացնող հորմոնների մակարդակը, սխալ է լյուտեինիզացվում ֆոլիկուլը, դեղին մարմնի աշխատանքի անբավարարություն է ի հայտ գալիս, և ճնշվում է ձվազատման գործընթացը: Ներկայում հիպերպրոլակտինեմիայի բուժման բազմաթիվ դեղամիջոցներ կան, սակայն առավել հաճախ կիրառվող, փորձված և ամենաարդյունավետ դեղամիջոցը բրոմոկրիպտինն է:
Բրոմոկրիպտինը (քիմիական անվանումը՝ 2-բրոմ-ալֆա-էրգոկրիպտին) կիսասինթետիկ դեղամիջոց է, որը խթանում է հիպոթալամուսի դոֆամինային ընկալիչները՝ այդպիսով արգելակելով պրոլակտինի արտազատումը: Դեղմիջոցն զգալիորեն իջեցնում է պրոլակտինի մակարդակը, ինչն ուղեկցվում է հիպոֆիզի այլ հորմոնների արտազատման փոփոխություններով՝ բացառությամբ աճի հորմոնի: Բրոմոկրիպտինն օգտագործում են ինչպես ֆունկցիոնալ խանգարումներով, այնպես էլ հիպոֆիզի ուռուցքներով պայմանավորված հիպերպրոլակտինեմիայի բուժման նպատակով:
Դեղամիջոցը նպաստում է ոչ միայն արյան մեջ պրոլակտինի մակարդակի նվազմանը, այլև էապես նվազեցնում են հիպոֆիզի ադենոմաները (դեպքերի 73%): Այդ նպատակով երկարատև թերապիա է պահանջվում, սակայն դեղամիջոցի կիրառման դադարեցումից հետո ուռուցքները երբեմն սկսում են կրկին աճել: Բացի այս ադենոմա ունեցող կանանց 5-18%-ի օրգանիզմում դիմադրություն է առաջանում բրոմոկրիպտինի նկատմամբ, իսկ 20%-ի օրգանիզմն առհասարակ չի ընդունում այն:
Ներքին ընդունման պարագայում ստամոքսաղիքային համակարգից ներծծվում է դեղամիջոցի 30%-ը, իսկ արյան մեջ առավելագույն խտությունը որոշվում է 1-3 ժամ անց: Չի կարելի բրոմոկրիպտինը համատեղել ոգելից խմիչքների հետ, վերջիններս նվազեցնում են օրալային բեղմնականխիչների և նեյրոլեպտիկների արդյունավետությունը: Օրգանիզմից ամբողջությամբ դուրս է գալիս 5 օր անց:
Հետազոտությունների համաձայն՝ բրոմոկրիպտինը բացասական ազդեցություն չի գործում պտղի և հղիության ընթացքի վրա:
Ցուցումներ
Բրոմոկրիպտինը լայնորեն օգտագործվում է ոչ միայն էնդոկրինոլոգիայի և գինեկոլոգիայի այլև նեյրովիրաբուժության և նևրոլոգիայի մեջ: Գինեկոլոգիայում հիպերպրոլակտինեմիայի բուժումն այս դեղամիջոցով ուղղված է՝
- պրոլակտինի մակարդակի նվազեցմանը,
- աճի դանդաղեցում և չափերի փոքրացում պրոլակտինով,
- հորմոնային ֆոնի վերականգնում,
- դաշտանային ֆունկցիայի վերականգնում,
- վերարտադրողական ֆունկցիայի վերականգնում,
- կրծքագեղձի կիստաների չափսերի և քանակի նվազեցում,
- ֆիզիոլոգիական լակտացիայի ճնշում:
Գինեկոլոգիական հիվանդությունների բուժման ցուցումներն են՝
- դաշտանային ցիկլի խանգարումներ՝ պայմանավորված հիպերպրոլակտինեմիայով (օլիգաամենորեա, ամենորեա),
- հիպոֆիզի պրոլակտինոմաներ (միկրո և մակրոադենոմաներ),
- անպտղություն,
- վիճակներ՝ պայմանավորված լակտացիայի դադարեցման կամ նվազեցման անհրաժեշտությամբ,
- կաթնագեղձեր հիվանդություններ (բարորակ մաստոպատիա, ցավ նախադաշտանային համախտանիշի դեպքում):
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բրոմոկրիպտինով բուժման պարագայում վերարտադրողական ֆունկցիան վերականգնվել է կանանց 50-85%-ի դեպքում:
Բրոմոկրիպտինի ընդունման առանձնահատկությունները
Նշանակված չափաբաժինը գլխավորապես կախված է հիվանդության բնույթից և ծանրության աստիճանից: Դեղամիջոցը պետք է ընդունել ուտելիս: Եթե նշանակվել է մեկ անգամ, ապա ցանկալի է խմել քնելուց առաջ, ինչը թույլ կտա առավելագույնս նվազեցնել առաջացրած տհաճ զգացողությունները:
Բրոմոկրիպտինի կողմնակի ազդեցություններն են՝
- սրտխառնոց,
- գլխացավ,
- փսխում,
- գլխապտույտ,
- հոգնացություն,
- բերանի չորություն,
- փորկապություն,
- ցածր անոթային ճնշում,
- ալերգիկ ռեակցիաներ,
- հալյուցյունացիաներ (չափից շատ օգտագործման դեպքում):
Ինչպես և ցանկացած այլ թերապիա, այնպես էլ բրոմոկրիպտինային թերապիան ունի մի շարք հակացուցումներ՝ հիպոտենզիա, հոգեկան հիվանդություններ, սրտանոթային համակարգի և ստամոքսաղիաքային համակարգի հիվանդություններ:
Հղիության դեպքում պետք է անմիջապես դադարեցնել բրոմոկրիպտինի օգտագործումը, իսկ թե ինչպես անել, որ ճիշտ լինի, կօգնի բժշկի խորհրդատվությունը:
Հիշեք՝ դեղամիջոցը նշանակվում է միայն բժշկի կողմից, խորհրդատվությունը պարտադիր է: