Ինչպես լրացնել էստրոգենների պակասը սննդի միջոցով

30.09.201420836

Հորմոնների հավասարակշռությունը մեծ դեր է խաղում օրգանիզմում: Առօրյա կյանքում վերջիններիս ազդեցությունը նկատում ենք հատկապես հոգեհուզական և ֆիզիկական ոլորտներում, սակայն առավել լուրջ է ազդեցությունը կնոջ կարևոր մի գործառույթի վրա՝ բեղմնավորում, հղիություն և երեխայի ծնունդ:

Էստրոգենները սեռական հորմոնների խումբ են: Մեծ ազդեցություն ունեն օրգանիզմի վրա դաշտանային ցիկլի առաջին փուլի ընթացքում, խթանում են արգանդի լորձաթաղանթի բնականոն զարգացումը, ինչի շնորհիվ այն հեշտությամբ է ընդունում բեղմնավորված ձվաբջջին: Հաճախ էստրոգենները, առաջին հերթին էստրադիոլը, կոչում են իգական սեռական հորմոններ: Իգական հորմոնների բավարար քանակը երաշխավորում է, որ հղիությունը բարեհաջող կընթանա, իսկ պակասը լի է տհաճ հետևանքներով և կարող է հանգեցնել անպտղության:

Ֆիտոէստրոգեններ

Հորմոնների մակարդակը որոշելու նպատակով անհրաժեշտ է կլինիկական հետազոտություն անցնել: Եթե պարզվի, որ էստրոգենների պակաս ունեք, պարտադիր չէ անմիջապես հորմոնային դեղամիջոցներ ընդունել: Այս սեռական հորմոնի քանակը հնարավոր է լրացնել կամ շտկել սննդակարգում որոշակի տեսակի մթերքներ ներառելով:

Այս պարագայում առանձնացվում է գործողությունների երկու ուղղություն: Առաջին՝ օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք խթանում են օրգանիզմին արտադրել բավարար քանակությամբ էստրոգեններ: Այդպիսի մթերքներից է յուղալի կաթը և նրանից պատրաստված մթերքները, այդ թվում նաև պաղպաղակը: Բացի կաթից էստրոգենների արտադրությունը խթանում են նաև մի շարք վիտամիններ՝ վիտամին E, որ մեծ քանակությամբ պարունակվում է բուսական յուղերում, լոբու մեջ և այլն, վիտամին K, ինչով հարուստ է սպանախը, կաղամբը, կանաչ ոլոռը, ձվի դեղնուցը, ինչպես նաև ֆոլաթթու: Կենդանական ծագման ճարպերը, որոնք մտնում են մսի, կաթի, պանրի մի շարք տեսակների մեջ, նույնպես նպաստում են էստրոգենների մակարդակի կարգավորմանը: Ձկան յուղն էլ պակաս օգտակար չէ:

Անհրաժեշտ է հիշել, որ օրգանիզմում էստրոգենների զգալի մասն արտադրվում է ենթամաշկային- ճարպային մանրաթելերի միջոցով, իսկ դա նշանակում է, որ չափազանց նիհար լինելը կարող է բացասաբար անդրադառնալ հորմոնային հավասարակշռության վրա:

Երկրորդ՝ սննդակարգի համալրում այնպիսի մթերքներով, որոնք հարուստ են ֆիտոէստրոգեններով: Վերջիններս կառուցվածքային առումով նման են էստրադիոլ հորմոնին և դրա հաշվին իրենց ազդեցությամբ իգական ստերոիդային հորմոններ են հիշեցնում և նպաստում հորմոնների կարգավորմանը:

Սննդային էստրոգենների առավել տարածված աղբյուր է սոյան: Սոյայի ֆիտոէստրոգենները նվազեցնում են կրծքագեղձի և արգանդի քաղցկեղի, ինչպես նաև սրտի հիվանդությունների վտանգը:

Հատիկային մշակաբույսերը և լոբազգիները ֆիոէստրոգենների պարունակությամբ երկրորդ տեղն են զբաղեցնում: Այս նյութերից զգալի քանակությամբ պարունակում են գարին, կորեկը, աշորայն, լոբին, սիսեռը,կտավատի սերմերը և այլն: Ֆիտոէստրոգեններով հարուստ են նաև դդումը, գազարը, պոմիդորը, բադրիջանը, սուրճը, գարեջուրը և այլն: Այսպիսի մթերքների ամենօրյա օգտագործումը պետք է գրագիտորեն կատարվի: Նախապես պետք է պարզել հորմոնների մակարդակի վիճակը և խորհրդակցել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի հետ:

Այս խորհուրդը վերաբերում է նաև ֆիտոէստրոգենային դեղաբույսերի ընտրությանը: Դրանցից են գայլուկը, մատուտակը, եղեսպակը, երեքնուկը, վայրի սուսամարը և այլն: Դեղաբույսերով բուժումն արդյունավետ է լինում մի շարք հիմնական սկզբունքների պահպանման դեպքում:

Այդ սկզբունքներն են՝

  • խոտաբույս-ֆիտոհորմոնները չեն օգտագործվում հորմոնային դեղամիջոցների հետ,
  • ցանկալի չէ խոտաբույսերն օգտագործել դաշտանային արտադրության օրերի ընթացքում,
  • ֆիտոէստրոգեններ պարունակող խոտաբույսերը մեծ մասամբ հակացուցված են հղիության ընթացքում,
  • հորմոնների մակարդակի կանոնավոր վերահսկումը պարտադիր է:

Էստրոգենն անվանում են երիտասարդության հորմոն: Վերջինիս մակարդակը հնարավոր է բարձրացնել տան պայմաններում ճիշտ սննդակարգի պահպանման և առողջ ապրելակերպի միջոցով: Այդուհանդերձ չպետք է անտեսել որակավորված մասնագետի խորհրդատվությունը: Հիշեք՝ ստերոիդային հորմոնների մեծ քանակությունը ևս կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների: