Ինչո՞ւ են հղիության թեստերը երբեմն սխալ արդյունք ցույց տալիս

Ինչո՞ւ են հղիության թեստերը երբեմն սխալ արդյունք ցույց տալիս

Այսօր կանանց ճնշող մեծամասնությունը հղիության հաստատման կամ ժխտման նպատակով առաջին հերթին օգտվում է տան պայմաններում անցկացվող թեստերից: Վերջիններս մատչելի են, պարզ, հարմար և արագ: Գրեթե միշտ (97-99%) թեստը հավաստի պատասխան է ցույց տալիս: Իսկ մնացյալ 1-3%-ը ոչ: Ինչ պատճառներով են հղիության թեստերը երբեմն սխալվում:

Ի՞նչ սկզբունքով է աշխատում հղիության թեստը

Խնդրի էությունը հասկանալու համար նախ պարզենք, թե ինչպես է թեստն աշխատում: Եթե մի կողմ դնենք սուբյեկտիվ զգացողությունները, ապա հղիության ամենավաղ նշանը սաղմի կողմից արտադրվող մարդու խորիոնային գոնադոտրոպինն է, որն անցնում է ինչպես արյան, այնպես էլ հղի կնոջ մեզի մեջ: Հենց այս հորմոնն է, որի նկատմամբ զգայուն է թեստը:

Ավելի պարզ ասած՝ թեստի ներծծող հատվածը, որն ընկղմվում է մեզի մեջ, պարունակում է մի նյութ, որը քիմիապես կապված է գունանյութի հետ: Մեզի մեջ ՄԽԳ-ի առկայության դեպքում հղիությունը հաստատող գծիկի հատվածում, որը ևս մեկ բաղադրիչ է պարունակում, ռեակցիա է տեղի ունենում, գունանյութն ազատ է արձակվում և երևում է գունավոր գծիկը (հաճախ մորեգույն կամ կապույտ): Եթե վերոնշյալ հորմոնը բացակայում է, ապա ռեակցիա տեղի չի ունենում, և գծիկը չի գունավորվում: «Ստուգիչ գծիկը» պարունակում է մի նյութ (ռեագենտ), որի հետ փոխազդելիս գունանյութն ազատ է արձակվում ցանկացած դեպքում, անկախ մեզում ՄԽԳ-ի առկայությունից:

Կեղծ բացասական արդյունք

Պետք է ասել, որ կեղծ բացասական արդյունքը (երբ կա հղիություն, սակայն թեստն այն ցույց չի տալիս) ավելի հաճախ է հանդիպում, քան կեղծ դրական արդյունքը: Պատճառը հաճախ թեստի սխալ կիրառումն է կամ շտապողականությունը: Թեստերի առավելագույն զգայունակությունը, ավելի ճիշտ՝ ՄԽԳ-ի նվազագույն քանակը 20-25 մՄՄ/մլ է (գործնականում մոտ 50): Արյան շիճուկում ՄԽԳ-ի խտությունը բեղմնավորումից միայն 7-10-րդ օրն է հասնում այդ ցուցանիշին և շարունակվում է կրկնապատկվել յուրաքանչյուր 2-3-րդ օրը: Մեզի մեջ հորմոնի քանակը մոտավորապես կրկնակի քիչ է, քան արյան մեջ: Հետևաբար թեստը հնարավոր է անցկացնել բեղմնավորումից հետո 10 օրից ոչ շուտ, իսկ հավաստի պատասխան ստանալու համար՝ դաշտանի ուշացման առաջին օրից սկսած, ինչպես և խորհուրդ են տալիս թեստեր արտադրողները:

Կեղծ բացասական պատասխանի այլ պատճառներից են.

  • Թեստից առաջ մեծ քանակությամբ հեղուկի կամ միզամուղ դեղամիջոցների օգտագործումը: 
  • Երիկամների և սրտանոթային համակարգի այնպիսի հիվանդությունները, որոնք խոչնդոտում են բավարար խտությամբ ՄԽԳ-ի արտազատմանը:
  • Կենսաքիմիական հղիությունը կամ վիժման վտանգը: Այս դեպքում ՄԽԳ-ի խտությունը նվազում է:
  • Արտարգանդային կամ մեռելածին հղիությունը: ՄԽԳ-ի պարունակությունն ավելի քիչ է, քան արգանդային հղիության պարագայում:

Կեղծ դրական արդյունք

Կեղծ դրական արդյունքն ավելի հազվադեպ է հանդիպում, քանի որ կնոջ օրգանիզմում հղիության բացակայության պայմաններում ՄԽԳ-ի արտազատման պատճառներն այնքան էլ շատ չեն: Հնարավոր է, որ թեստը երկու գծիկ ցույց տա.

  • Ծննդաբերությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում (ինչպես հեշտոցային, այնպես էլ կեսարյան հատմամբ):
  • Վիժումից, արտարգանդային հղիության հեռացումից կամ աբորտից հետո:
  • ՄԽԳ արտադրող թրոֆոբլաստիկական ուռուցքների առկայության պայմաններում:
  • ՄԽԳ դեղամիջոցների ընդունման դեպքում (վերջին ընդունումից հետո մոտավորապես 10 օրվա ընթացքում):

Հավաստի արդյունք ստանալու համար անհրաժեշտ է արյան շիճուկում ՄԽԳ-ի առկայության քանակական հետազոտությունն անել 2 անգամից ոչ պակաս, 2-3 օր ընդմիջումով: ՄԽԳ-ի խտության նվազումը վկայում է, որ դուք հղի չեք:

Սխալմունքի այլ պատճառներ

Կան մի շարք գործոններ, որոնց պատճառով թեստը սխալ արդյունք է ցույց տալիս, ընդ որում՝ և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:

Հղիության թեստ. ինչին ուշադրություն դարձնել

Անորակ թեստ: Ցածրորակ թեստերի դեպքում ստուգիչ գծիկը խոնավանալիս կարող է ներթափանցել հղիությունը հաստատող գծիկի հատված, ինչը թյուրիմացաբար ընդունվում է որպես դրական արդյունք:

Անպիտան թեստ: Տուփի վրա սովորաբար նշվում է, որ, եթե թեստի վրա ոչ մի գծիկ չի հայտնվում, նշանակում է, որ պիտանի չէ: Ոչ բոլորն են ուշադրություն դարձնում այս հանգամանքին:

Թեստի պահպանման պայմաններ: Սխալ պահպանման դեպքում, ինչպես գնելուց առաջ, այնպես էլ հետո, հնարավոր է, որ թեստը սխալ արդյունք ցույց տա:

Պիտանելիության ժամկետ: Թեստը հետագայում օգտագործելու նպատակով գնելու դեպքում օգտագործելուց առաջ ուշադրությոն դարձրեք պիտանելիության ժամկետին:

Օգտագործման ձև: Հնարավոր է, որ թեստի սխալ անցկացումը հանգեցնի ինչպես կեղծ դրական, այնպես էլ կեղծ բացասական արդյունքի: Օրինակ՝ գծիկը մեզի մեջ անհրաժեշտ քանակով չընկղմելու դեպքում հնարավոր է, որ մեզն ընդհանրապես չներծծվի արդյունքների հատվածում:

Արդյունքները տուփի վրա նշված ժամկետից ուշ մեկնաբանելու դեպքում գունանյութը կարող է տարածվել շրջակա միջավայրի գործոնների կամ խոնավության ազդեցությամբ:

Մեզի մեջ սպիտակուցների առկայություն: Թեստ-գծիկի գործող նյութը բնույթով սպիտակուցային է, ըստ այդմ՝ տրամաբանական կլինի եզրակացնել, որ մեզի մեջ սպիտակուցի առկայությունը կարող է խեղաթյուրել արդյունքը:

Հոգեբանական գործոն: Հատկապես զգայուն և կասկածամիտ կանայք հղիության պլանավորման դեպքում կարող են ոչ միայն զգալ գոյություն չունեցող հղիության բոլոր նախանշանները, այլև տեսնել երկրորդ գծիկն այնտեղ, որտեղ այն չկա: Այս պարագայում լավ կլինի թեստի մեկնաբանումը վստահել այլ մարդու՝ ամուսնուն, ընկերուհուն, մորը և այլն:

Ինչպե՞ս խուսափել սխալներից

Որպեսզի կեղծ հույսեր չփայփայեք և զուր տեղը չընկճվեք, թեստն անցկացնելիս պետք է հստակ առաջնորդվել հրահանգներով, ինչպես նաև կարելի է՝

  • անցկացնել ոչ թե մեկ, այլ երկու թեստ (տարբեր արտադրողների),
  • թեստը կրկնել 2-3 օր հետո՝ անկախ սկզբնական արդյունքից,
  • արյուն հանձնել ՄԽԳ-ի առկայությունը որոշող հետազոտության համար (ցանկալի է պարբերաբար՝ 2-3 օր ընդմիջմամբ):
Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…