Դաշտանային ցավերից ազատվելու 5 խորհուրդ

21.07.201431938

Շատերն են դաշտանի շրջանում ցավեր ունենում: Ոմանց համար ցավն աննշան է լինում՝ այդուհանդերձ անհարմարություն պատճառելով, ոմանք էլ ցավից կորցնում են աշխատունակությունը, անգամ քայլել չեն կարողանում: Այս հարցում շատ բան կախված է ցավային շեմից, ժառանգականությունից, ինչպես նաև կնոջ օրգանիզմի անհատական առանձնահատկություններից:

Երբեմն ցավը մեղմելու նպատակով շատերն ստիպված են լինում ցավազրկող դեղամիջոցներ օգտագործել, սակայն դրանց հաճախակի ընդունումը որոշակի վնաս է հասցնում օրգանիզմին: Գոյություն ունեն դաշտանային ցավերը դադարեցնելու և պարբերականությունը նվազեցնելու ավելի անվնաս միջոցներ ևս:

Այս հոդվածում կփորձենք լուսաբանել այն հիմնական միջոցները, որոնց օգնությամբ հնարավոր է խուսափել դաշտանային ցավերից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ որևէ հիվանդություն կամ հորմոնային խանգարում կա, որը բժշկական խորհրդատվություն է պահանջում:

Միջոց առաջին՝ յոգա

Յոգան վաղուց ի վեր հայտնի է օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն թողնելու առավելությամբ: Շաբաթվա ընթացքում ընդամենը 1-2 պարապմունքը հնարավորություն կտա ինչպես ազատվելու ուժգին ցավերից, այնպես էլ բարելավելու օրգանիզմի յուրաքանչյուր համակարգի աշխատանքը:

Այն ամենը, ինչ հարկավոր է դրա համար, մի քանի ազատ ժամ գտնելն է և մեկ ամիս անց արդեն զգալի տարբերություն կնկատեք: Գոյություն ունեն անգամ կոնկրետ վարժություններ և դիրքեր, որոնք ուղղված են հենց դաշտանային ցավերի նվազեցմանը:

Միջոց երկրորդ՝ առողջ սնունդ

Որքան էլ որ զարմանալի հնչի, դաշտանային ցավերը հնարավոր է դադարեցնել նաև առողջ սննդի միջոցով: Կնոջ սննդակարգն անպայման պետք է ներառի վիտամիններով և միկրոէլեմենտներով հարուստ մթերքներ: Դաշտանի ընթացքում խորհուրդ է տրվում հաճախ ուտել, սակայն փոքր չափաբաժիններով: Ցավն արդյունավետորեն մեղմացնում է կոճապղպեղով՝ իմբիրով թեյը:

Կարող եք օգտվել նաև ժողովրդական խորհուրդներից՝ օրվա ընթացքում մեկ անգամ երիցուկով կամ նանայով թեյ խմել: Օգտակար են նաև վիտամին В-ով, կալցիումով և ցինկով հարուստ սննդամթերքները: Ինչպես նաև խորհուրդ է տրվում ուտել այնպիսի սննդամթերքներ, որոնք մեծաքանակ հակաօքսիդանտներ են պարունակում, օրինակ՝ լոլիկ: Իսկ այ շաքարավազից, սուրճից, ալյուրից պատրաստված ուտելիքներից, ալկոհոլից և ծխախոտից լավ կլինի հրաժարվել:

Միջոց երրորդ՝ հորմոնային դեղամիջոցներ

Հորմոնային բեղմնականխիչների ընդունման պահից սկսած գրեթե բոլոր կանանց դաշտանային ցավերը լիովին անհետանում են: Բացի այդ հորմոնները բարենպաստ ազդեցություն են թողնում հենց ցիկլի վրա և բացառում են անցանկալի հղիությունը: Նմանատիպ հակաբեղմնավորիչների ընտրությունը և ընդունումը պետք է անել բժշկի խորհրդով:

Միջոց չորրորդ՝ ջրային պրոցեդուրաներ

Ջրային պրոցեդուրաները հանգստացնում են մարմինը, թեթևացնում են ցավը և զգալիորեն կրճատում են ցավի հաճախակիությունը: Դաշտանի օրերին անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախ տաք լոգանք ընդունել՝ օգտագործելով նաև լարվածությունը հանող յուղեր: Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում այցելել սպա կենտրոն:

Միջոց հինգերորդ՝ լիցքաթափում

Ցանկացած բնույթի ցավի դեմ պայքարում օգնում է թուլանալն ու հանգստանալը: Հաճելի երաժշտությունը, տեղին լուսավորությունը, բուրումնավետ նյութերով լամպը օգնում են մեդիտացիայի համար նպաստավոր պայմաններ ստեղծել:

Հանգստի ժամանակ պետք է փորձել թուլացնել սեփական մարմնի ամեն մի բջիջը և ցավը կանհետանա: Այդ օրերին հարկավոր է խուսափել վիճահարույց իրավիճակներից, սթրեսներից և բացասական մտքերից: