Ճի՞շտ է, որ հղիության ժամանակ գրիպով հիվանդանալը կարող է վնասել պտղին

22.05.201420622

Հաճախ այնպես է պատահում, որ չնայած զգուշավորությանը, հղի կինը վարակվում է գրիպով: Արդյո՞ք ճիշտ է, որ հղիության ժամանակ գրիպով հիվանդանալը կարող է վնասել պտղին:

Այո, ճիշտ է: Հղիության ցածր ժամկետում վտանգն ավելի մեծ է, քան բարձր ժամկետում, սակայն սա էլ հարաբերական է: Այդ պատճառով պետք է անմիջապես դիմել բժշկի և ստանալ համապատասխան նշանակումներ: Բարձր ջերմություն ունենալիս պետք է անհապաղ իջեցնել այն: Ճիշտ ժամանակին բժշկի դիմելու դեպքում ամեն բան լավ կլինի:

Բնականաբար հնարավոր չէ պաշտպանվել բոլոր վարակներից, սակայն կարող եք բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Ահա մի քանի խորհուրդ:

Ճիշտ սնվեք: Որքան հնարավոր է շատ մրգեղեն ու բանջարեղեն կերեք, ինչպես նաև ձավարեղեն, որոնք օրգանիզմին անհրաժեշտ միներալներ և վիտամին-հակաօքսիդանտներ են պարունակում, օրինակ՝ վիտամին C, որն օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ:

Կոֆեին պարունակող ըմպելիքների փոխարեն բուսական թեյ խմեք, կամ էլ ջուր: Դա կնպաստի օրգանիզմի մաքրմանը և այն կհագեցնի կարևոր վիտամիններով ու միկրոէլեմենտներով:

Հղիների համար նախատեսված վարժություններ կատարեք: Մարմնամարզությունը կնպաստի արյան շրջանառության լավացմանը և կբարձրացնի դիմադրողականությունը:

Կարող եք հատուկ հղիների համար մշակված մուլտիվիտամիններ օգտագործել:

Ճիշտ սննդակարգ պահպանելու դեպքում ձեր օրգանիզմը նույնպես կստանա անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոէլեմենտները: