Դաշտանի ուշացում. նպաստող գործոնները, ինչ անել

02.05.2014111522

Ցանկացած կին իր կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է դաշտանային ցիկլի խանգարում: Մեծ մասամբ այդ վկայում է հղիության մասին, սակայն հաճախ լինում են պատճառներ, որոնք չեն առնչվում հղիությանը: Մի բան հստակ է, դաշտանի հետ կապված ցանկացած փոփոխություն լուրջ ազդանշան է, որ օրգանիզմում մի բան այն չէ:

Նորմալ ցիկլ

Հասուն կնոջ դաշտանային ցիկլը կախված է արտադրվող հորմոնների մակարդակի կայունությունից: Յուրաքանչյուր ամիս օրգանիզմը պատրաստվում է սաղմ կրելուն և առանց սպասելու դրա ձևավորմանը պոկում է անպետք և հասունացած էնդոմետրիումը՝ նոր ցիկլում այն փոխարինելով նորով: Էնդոմետրիումի պատռվածքն էլ հենց դաշտանն է:

Նորմալ դաշտանը պետք է կանոնավոր լինի և յուրաքանչյուր կնոջ համար որոշակի տևողությամբ: Միջին ցիկլ է համարվում 28-30 օրը, չնայած որ լինում են տանատանումներ՝ 21-35 օր: 1-2 օրվա շեղումները նշանակալի չեն:

Որն է ուշացումը

Դաշտանը և ընդհանրապես կնոջ օրգանիզմը նուրբ մեխանիզմներ են, որոնք ենթարկվում են արտաքին միջավայրի տարաբնույթ գործոնների ազդեցությանը: Այդ պատճառով էլ հնարավոր է, որ դաշտանի տևողությունն աննշան շեղվի՝ երկարելով կամ կարճանալով:

Բժիշկներն ուշացում են համարում 5 և ավել օրը: Տարվա մեջ մի քանի անգամ հնարավոր է, որ դաշտանն ուշանա, սակայն այդ լիովին առողջ կնոջ համար անհանգստանալու առիթ չէ: Այդ պայմանավորված է արտաքին պայմանների ազդեցությամբ և օրգանիզմի ներքին վիճակով: Սակայն եթե ուշացումներն սկսում են պարբերական բնույթ կրել, դաշտանը խանգարվում է, ոչ բնորոշ կերպով արտահայտվում, դառնում ցավոտ կամ էլ բացակայում է, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի:

Ինչով են պայմանավորված ուշացումները

Առաջին պայմանը, որն անցնում է կանանց մտքով, հղիությունն է. չէ՞ որ հենց այդ վիճակն է դաշտանի ամենաբնական և ակնհայտ պատճառը: Դաշտանի ուշացումը կամ կհաստատի, կամ կհերքի ձեր ենթադրությունը: Պետք է հաշվի առնել, սակայն, որ հղիության որոշման թեստերի զգայունությունը տարբեր է, և հղիության պարագայում հնարավոր է, որ թեստը բացասական արդյունք ցույց տա:

Այդ պատճառով էլ հարկավոր է մի քանի անգամ թեստն անցկացնել՝ 3-5 օր ընդմիջումով: Եթե այնուամենայնիվ թեստի պատասխանը բացասական է, իսկ դաշտանն ուշանում է, ապա պատճառը կպարզի գինեկոլոգը:

Դաշտանի ուշացման պատճառները

Սթրես

Եթե հաճախ եք ենթարկվում սթրեսների, մշտապես լարված եք ու նյարդային, ապա հնարավոր է, որ դաշտանն ուշանա, իսկ ուժեղ հոգեկան ցնցումների պարագայում՝ որոշ ժամանակով անհետանա: Հաճախ դաշտան չեն ունենում որոշ ուսանողուհիներ քննական շրջանում, զգայուն կանայք կարևոր նախագիծ հանձնելու ընթացքում, հուզական ցնցումների դեպքում՝ հարազատ մարդու մահ, ամուսնալուծություն կամ բաժանում և նույնիսկ հարսանիք:

Եթե կարծում եք, որ դաշտանի ուշացումը պայմանավորված է սթրեսով, ապա խորհրդակցեք բժշկի հետ՝ պատմելով իրավիճակի մասին: Ի դեպ, շարունակական անքնությունը, հաճախակի հիվանդությունները և բուռն երեկույթները նույնպես սթրեսային են:

Ցիկլը կանոնավորելու համար պետք է հանգստացնող հաբեր ընդունել, քիչ հուզվել և կյանքին փիլիսոփայորեն նայել: Հիշեք՝ անհաջողությունները ժամանակավոր են, պետք է պահել ներքին հանգստությունը: Եթե սթրեսները ձեր մշտական ուղեկիցներն են դարձել և խանգարում են վերարտադրողական համակարգի նորմալ գործունեությանը, ապա դիմեք հոգեբանի:

Մարմնի քաշը

Հայտնի է, որ մարմնի քաշն անդրադառնում է վերարտադրողական առողջության և դաշտանային ցիկլի վրա: Եթե կինը կտրուկ նիհարում է 45 կգ և ավել, ապա նրա դաշտանը կարող է ժամանակավորապես դադարել կամ ուշանալ: Դա բացատրվում է էստրոգենի և պրոգեստերոնի դեֆիցիտով:

Բանն այն է, որ ենթամաշկային ճարպը լրացուցիչ էստրոգեն է արտադրում և որոշակիորեն կարգավորում կնոջ առողջությունը: Համապատասխանաբար քաշի ավելացման դեպքում էստրոգենի ավելցուկը ևս բացասաբար է անդրադառնում դաշտանի վրա: Հնարավոր է, որ այն խանգարվի, դառնա ցավոտ, ընթանա 5-7 օր ուշացմամբ:

Վտանգավոր են նաև դիետաները, որոնք սթրես են օրգանիզմի համար և քաշի կտրուկ նվազման պատճառ: Այս ամենը միասին կարող են երկար տարիներ կնոջը զրկել երեխա ունենալու կարողությունից: Այսպիսով, եթե ցանկանում եք առողջ լինել և առողջ երեխա լույս աշխարհ բերել, ապա զգուշավոր եղեք սնվելու և նիհարելու հարցում:

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն և հիվանդություններ

Դաշտանի վրա էապես ազդում են նաև պրոֆեսիոնալ սպորտը, հյուծող պարապմունքները և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Վերջիններս օրգանիզմում բարձրացնում են ադրենալինի և արական սեռական հորմոն տեստոստերոնի մակարդակը, ճնշում են իգական հորմոնները՝ դառնալով դաշտանի ուշացման պատճառ:

Հորմոնային հավասարակշռության վրա ծանր ազդեցություն են գործում լյարդի և երիկամների հիվանդությունները, քանի որ այս օրգանները մասնակցում են հորմոնների նյութափոխանակությանը, դրանց քայքայմանն ու օրգանիզմից դուրս գալուն:

Բացի այդ, ձվարանների աշխատանքում կարևոր դեր են խաղում նաև ձվարանների, արգանդի հետ կապված խրոնիկ խնդիրները և էնդոմետրիոզը: Դաշտանային ֆունկցիայի վրա էապես ազդում է նաև եղանակային միջավայրի կտրուկ փոփոխությունը:

Դաշտանի փոփոխությունները վկայում են օրգանիզմում ծագած խնդիրների մասին: Եթե շեղումները հաճախակի են, դիմեք բժշկի, ով անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետզազոտություններ կնշանակի: