Ամլացումը որպես բեղմնականխիչ միջոց

25.02.201411400

Հակաբեղմնավորման արդի եղանակներից մեկն ամլացումն է: Հղիության կանխումը վիրահատական միջամտությամբ հնարավոր է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում: Այդ հակաբեղմնավորման միանգամայն արդյունավետ եղանակ է, որը տեխնիկապես ճիշտ կատարելու դեպքում ապահովում է հարյուր տոկոսանոց արդյունք:

Կանանց ամլացում

Կանանց վիրաբուժական ամլացման եղանակները նրանց սեռական ցանկության վրա չեն անդրադառնում: Վիրահատությունը տարբեր ձևերով է կատարվում` արգանդափողերի կապում, սեղմում, կտրում, որոնք խորը տեղակայված են կոնքում և դժվար հասանելի են, քան տղամարդկանց սերմնատար ծորանները: Կանանց վիրաբուժական ամլացման եղանակներից առավել տարածվածը և իր հետևանքների տեսակետից անվնասն արգանդափողերի կապումն է: Տեխնիկապես այդ միջամտությունը բարդ չէ: Արդի ժամանակներում ամլացումն իրականացվում է լապարասկոպիայի օգնությամբ, այսինքն` առանց որովայնի պատը հատելու, կամ էլ կեսարյան հատման ժամանակ: Եղանակի արդյունավետությունը 99% է: Արգանդափողերի անցանելիությունը հազվադեպ է վերականգնվում:

Հնարավոր են բարդություններ` արյունահոսություն, վարակի ներթափանցում, արգանդի հարակից օրգանների վնասում, սակայն դրանք ծայրաստիճան հազվադեպ են լինում: Ամեն դեպքում ամլացումը քիչ վտանգ է պարունակում, քան արհեստական վիժումը: Սակայն պետք է հաշվի առնել, որ եթե երիտասարդ կինը ամլացումից հետո կամենա ծննդաբերել, ապա կկանգնի բարդությունների առաջ. ո՛չ միշտ է, որ հնարավոր է վերականգնել արգանդափողերի անցանելիությունը: Ուստի ամլացումը կարելի է խորհուրդ տալ այն կանանց, ովքեր, օրինակ, արդեն երկու երեխա ունեն և չեն պատրաստվում այլևս ծննդաբերել:

Տղամարդկանց ամլացում
 

Տղամարդկանց ամլացման եղանակները ենթադրում են սերմնազատող ծորանների անցանելիության խանգարում դրանք կապելու կամ հատելու ճանապարհով, որոնցով հասուն սերմնաբջիջները ամորձիների հավելումներով անցնում են միզարձակության խողովակ: Ներկա ժամանակներում կիրառվում է ինչպես վազոռեզեկցիան (սերմնածորանի մի մասի հատումը), այնպես էլ վազեկտոմիան (ամբողջ սերմնածորանի հատում):