Արբունքի տարիքի առատ դաշտան և արյունահոսություն

25.02.201416716

Արգանդից առատ արտադրությունը կարող է ամեն տարիքում էլ դիտվել: Բնականոն պայմաններում դաշտանի ընթացքում կորցրած արյան ծավալը 60-80 մլ-ը չի գերազանցում: Եթե այն ավելի է, ապա դա ոչ թե դաշտան է, այլ հիպերամենորեա, այսինքն` պարբերաբար դաշտանի ընթացքում դիտվող արյունահոսություն: Դրանց միջև տարբերությունն օրերի մեջ է. առատ դաշտանը տևում է դաշտանի օրերի չափ` 7-10 օր, մինչդեռ արգանդային արյունահոսությունն ավելի երկար է` 10-14 օր:

Արգանդային արյունահոսության պատճառները բաժանվում են երկու մեծ խմբի.

1. Գործառութային խանգարումներ`պայմանավորված էնդոմետրիումի՝ ձվարանի հորմոնային գործառույթի խանգարումների (հաճախ`պրոգեստերոնի անբավարարությանը զուգընթաց` էստրոգենների ավելցուկ) հետևանքով առաջացած փոփոխություններով:

2. Օրգանական, որոնց հիմքում անատոմիական խախտումներ են ընկած, ինչպես նաև ձվարանի, արգանդի մարմնի կամ պարանոցի ուռուցքներ, էնդոմետրիոզ (ադենոմիոզ) և այլն: 

Պատճառը

Պատճառը հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարան համակարգի գործունեության խանգարումն է: Կախված ձվազատման առկայությունից կամ բացակայությունից`գործառութային խանգարումներով պայմանավորված արգանդային արյունահոսությունները բաժանվում են ձվազատականի (օվուլյատոր) և ոչ ձվազատականի (անօվուլյատոր): Վերջինն ավելի հաճախ է հանդիպում`դեպքերի մոտ 80%-ում:

Ոչ ձվազատականի (անօվուլյատոր) արգանդային արյունահոսություններ ծագում են ցիկլից դուրս, 1,5-6 ամիս ընդմիջումներով, սովորաբար տևում են 10 օրից ավել: Առավելապես դիտվում են վերարտադրողականության համակարգի ձևավորման փուլում` արբունքի շրջանում, երբ գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոնի արտամղման ժամային պարբերությունը դեռևս չի ձևավորված:

Յուվենիլ արյունահոսություններ (արբունքի շրջանի արգանդային արյունահոսություններ)

Արբունքի շրջանի արգանդային արյունահոսությունները 12-18 տարեկանում հանդիպող գինեկոլոգիական բոլոր հիվանդությունների շարքում 10-37 % են կազմում: Այս կարգի արյունահոսությունների ծագման գործում առաջատար դեր ունեն դեռևս գործառութային առումով տհաս հիպոթալամիկ կառույցների վրա վարակային-թունավոր ազդակները, որոնք կառավարում են ձվարանների աշխատանքը: Առանձին անբարենպաստ ազդեցություն ունի նշիկներից բխող վարակը: Որոշակի դեր են խաղում հոգեկան հույզերը, նյարդային համակարգի լարվածությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, անկանոն սնունդը, վիտամինների պակասը:

Արբունքի շրջանի արգանդային արյունահոսություններին հատուկ է ձվազատման յուրահատուկ բացակայությունը, երբ դեռևս չհասունացած ֆոլիկուլները ատրեզիայի են ենթարկվում: Դրա հետ մեկտեղ ձվարաններում խանգարվում է հորմոնների արտադրությունը. էստրոգենների մակարդակը համեմատաբար իջնում է և գրեթե անփոփոխ պահպանվում դաշտանային ցիկլի ամբողջ ընթացքում, պրոգեստերոնը աննշան քանակությամբ է արտադրվում: Այդ ամենի հետևանքով էնդոմետրիումը անհրաժեշտ կազմափոխություների չի ենթարկվում` խոչընդոտելով դրա շերտազատմանը, և երկարատև արյունահոսում է: Դրա հետ մեկտեղ, ի տարբերություն էստրոգենային գերարտադրությամբ պայմանավորված դաշտանային արյունահոսությունների, էնդոմետրիումի գերաճ տեղի չի ունենում: Տևական արյունահոսությանը նպաստում է նաև արգանդի անբավարար կծկողունակությունը` վերջինիս թերի հասունության հետևանքով:

Հաճախ դեռատի աղջնակներն ամաչում են դիմել բժշկի`դրանով իսկ խիստ վնասելով իրենց: Պարբերաբար կրկնվող առատ արյունահոսությունների հետևանքով սակավարյունություն է զարգանում` պակասում են արյան կարմիր գնդիկները (էրիթրոցիտներ), որոնք բոլոր հյուսվածքների ու օրգանների թթվածնի մատակարարներն են, ուստի դրանց անբավարության պայմաններում օրգանիզմը թթվածնաքաղց է զգում, ինչն արտահայտվում է գլխապտույտով, տկարությամբ, քնկոտությամբ, դժվարանում է ուշադրության կենտրոնացումը: Ժամանակին միջոցներ չձեռնարկելիս վիճակն էլ ավելի է վատանում:

Բուժումը

 Չափավոր արյունահոսությունների դադարեցման նպատակով կիրառում են հորմոնային պաշտպանությունը` էստրոգեն-հեստագենային պատրաստուկներով (միափուլ, համակցված, ներքին ընդունման հակաբեղմնավորիչներ) կամ միայն հեստագեններով, ըստ սխեմայի, մինչև արյունահոսությունները դադարեն: Բացի այդ, նպատակահարմար է արյան մակարդելիությունը բարձրացնող պատրաստուկների, ինչպես նաև ոչ ստերոիդային հակաբորբոքիչ պատրաստուկների ընդունումը: Այդ ամենից զատ, արբունքի շրջանի արգանդային արյունահոսությամբ տառապող բոլոր հիվանդներին անխտիր նշանակվում է բուժում սակավարյունության դեմ` երկաթի պատրաստուկներով:

Արբունքի շրջանի արգանդային արյունահոսությամբ աղջիկների համար խիստ սահմանափակ կիրառում ունի վիրահատական բուժումը (արգանդի խոռոչի լորձաթաղանթի քերում), թերևս, միայն այն ժամանակ, երբ հիվանդի կյանքին վտանգ է սպառնում կամ դեղորայքով անհնար է բուժել:

Արդեն իսկ առկա արյունահոսության բուժման հետ մեկտեղ հարկ է նաև արբունքի շրջանի արգանդային արյունահոսությունների կրկնությունները կանխարգելել: Գործառական արյունահոսությունների կանխարգելումն ուղղված է ձվազատման բնականոն ցիկլի վերականգնմանը. այն անցկացվում է առնվազն 3-ամսյա էստրոգեն-հեստագենային պատրաստուկներով (КОК): Նման վիճակներում ամեն կարգի բուժումը բժիշկ-գինեկոլոգի գործն է, ում հսկողությամբ արբունքի շրջանի արգանդային արյունահոսությամբ տառապողները ոչ միայն հաջողությամբ բուժվում են, այլև մասնագիտորեն վերահսկվում մինչև սեռական հասունացման շրջանի ավարտը: