Կրծքով կերակրելու կարևորությունն ու առաջնահերթությունը

Կրծքով կերակրելու կարևորությունն ու առաջնահերթությունը

Կրծքով կերակրելը կարևոր է երեխաների և կանանց ներկա և հետագա առողջության համար: Կարևոր է ինչպես կրծքի կաթի բաղադրությունը, այնպես էլ կրծքով կերակրելու գործողությունը: 

Կրծքով կերակրվելու գործողությունը՝

• նպաստում է երեխայի ծնոտի, լեզվի և ևստախյան խողովակի մկանների ձևավորմանը: Այդ զարգացումը նվազեցնում է ականջի վարակների հավանականությունը, նպաստում է խոսքի ձևավորմանը, ատամները պաշտպանում է կարիեսից և նվազեցնում է օրթոդոնտիկ խնդիրների վտանգը, 

• երեխաները կարող են կարգավորել իրենց ստացած կաթի քանակը: Դա կարող է ազդել հետագայում նրանց ընդունած սննդի քանակի, ախորժակի ինքնակարգավորման և գիրության վրա: Ախորժակի նմանտիպ ինքնակարգավորում չեն ունենում շշով կերակրվող մանուկները, քանի որ կերակրող անձն է որոշում կաթի քանակը և ոչ թե երեխան, 

• կրծքով կերակրելն ապահովում է նաև ջերմություն, մտերմություն և շփում մոր հետ, ինչը նպաստում է երեխայի ֆիզիկական և էմոցիոնալ զարգացմանը:  

Կրծքի կաթը՝

• Ապահովում է լավագույն սնունդը, որը բավարարում է երեխայի կարիքները աճի և զարգացման համար: Մայրական կաթը լավագույն ձևով հարմարեցված է մանկան անհատական պահանջներին և մշտապես փոփոխվում է նրա փոփոխվող պահանջները բավարարելու համար: 

• Պաշտպանում է վարակներից և կարող է կանխել մանկական մահերի որոշ մասը: Զարգացող երկրներում կատարվող հետազոտությունների ամփոփումը ցույց է տալիս, որ կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում կրծքով չկերակրվող երեխաների մահանալու վտանգը 6-10 անգամ մեծ է կրծքով կերակրվողների համեմատ: Կրծքի կաթից զրկված երեխաներն ավելի հաճախ և ավելի ծանր են հիվանդանում փորլուծությամբ և թոքաբորբով, ինչպես նաև միջին ականջի վարակներով, Hemophilus influenzae-nվ պայմանավորված մենինգիտով, միզուղիների ինֆեկցիայով: 
• Նվազեցնում է անհաս նորածինների նեկրոտիզացնող էնտերոկոլիտով հիվանդանալու վտանգը: 
• Նվազեցնում է իմունոլոգիական հիմք ունեցող հիվանդություններով, այղ թվում ասթմայով, էկզեմայով և այլ ատոպիկ վիճակներով, մանկական հասակի ինսուլինկախյալ շաքարային դիաբետով, գլյուտենային հիվանդությամբ, Կրոնի հիվանդությամբ, խոցային էնտերոկոլիտով հիվանդանալու վտանգը: 
• Նվազեցնում է նաև մանկական լեյկեմիայի վտանգը: 
• Ծրագրավորում է օրգան-համակարգերի աշխատանքը, օրինակ՝ նպաստում է արյան ճնշման կարգավորմանը և նվազեցնում է գիրության վտանգը հետագա կյանքի ընթացքում: 
• Միշտ պատրաստ է օգտագործելու համար: 

Կրծքով կերակրվող երեխաներն ունեն մտավոր զարգացման ավելի բարձր մակարդակ և հաջողություններ ուսուցման ասպարեզում: Կրծքով կերակրելու առավելությունները պայմանավորված են նրա «քանակով»: Կրծքով սնուցումը կարևոր է նաև մոր համար: Կրծքով կերակրած կանանց համեմատ կրծքով չկերակրած կանանց հետևյալ հիվանդությունների կամ վիճակների վտանգն ավելի մեծ է՝

• կրծքագեղձի քաղցկեղ և ձվարանների քաղցկեղի որոշ տեսակներ, 
• կոնքազդրային հոդի կոտրվածքներ ծերունական տարիքում, 
• հղիության ընթացքում կուտակած ճարպի պահպանում, որը հետագայում կարող է հանգեցնել գիրության, 
• սակավարյունություն` ծննդաբերությունից հետո արգանդի ավելի վատ կծկողունակության և դաշտանային ցիկլի ավելի արագ վերականգնման պատճառով: 

Կրծքով չկերակրելն ազդում է նաև ընտանիքի վրա: Եթե երեխան կրծքով չի կերակրվում, ապա կարող է լինել եկամուտի կորուստ կաթնախառնուրդ ձեռքբերելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական ծախսեր, ինչպես նաև երեխայի հիվանդության հետ կապված ծախսեր: 

Կրծքով չկերակրելու վտանգները պայմանավորված են կրծքի կաթի պաշտպանական հատկությունների պակասով, որը մեծացնում է հիվանդացությունը, ինչպես նաև սնուցողական բաղադրամասերի լավագույն փոխհարաբերության պակասով, օրինակ՝ ուղեղի զարգացման համար և աղիքների աճի համար անհրաժեշտ նյութերի պակասով: Ի լրումն այս ամենի կան լրացուցիչ վտանգներ կրծքի կաթի փոխարինիչների օգտագործման հետ կապված, այդ թվում՝

• մանկական կաթնախառնուրդը կարող է արտադրության սխալի հետևանքով վարակվել միկրոբներով, 
• կաթնախառնուրդը կարող է անապահով բաղադրամասեր պարունակել կամ չպարունակել կենսականորեն անհրաժեշտ որոշ բաղադրամասեր, 
• կերակրելու պարագաները լվանալու համար կամ կաթնախառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ ջուրը կարող է վարակված լինել, 
• կաթնախառնուրդ պատրաստելու սխալները, այղ թվում չափազանց նոսր կամ խիտ պատրաստելը կարոդ է երեխայի հիվանդության պատճառ դառնալ, 
• կաթնախառնուրդը կարոդ է տրվել լաց լինող երեխային հանգստացնելու նպատակով, որը կարող է հանգեցնել հավելյալ քաշի և անցանկալի վարքագծի ձևավորման, երբ սնունդը դիտվում է որպես տրամադրության անկումը հաղթահարելու միջոց, 
• կրծքի կաթի փոխարեն ջուր և թեյ տալը կարող է ընդունած կաթի ընդհանուր քանակի նվազման և քաշի կորստի պատճառ դառնալ: Հաճախակի հղիությունները անցանկալի են կնոջ առողջության համար:

 

 

 

 

Մանկաբուժություն: Ուս. ձեռնարկ, ԵրՊԲՀ հրատ.

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…