Հիգիենա

11.12.20179810

Հիգիենան բազմաթիվ բաժիններ ունի՝ սննդի հիգիենա, երեխաների և դեռահասների հիգիենա, աշխատանքի հիգիենա, սպորտային հիգիենա, անձնական հիգիենա, արտաքին միջավայրի հիգիենա, զինվորական հիգիենա և այլն։ Այս հոդվածում անդրադառնում ենք մազերի, բերանի խոռոչի հագուստի և ննջասենյակի հիգիենային։

Մազերի հիգիենա։ Գլխամաշկի և մազերի ճիշտ խնամքը կարգավորում է ճարպագեղձերի գործունեությունը, ինչպես նաև լավացնում է արյան շրջանառությունը և փոխանակման գործընթացները։ Այդ պատճառով պետք է պատասխանատվությամբ վերաբերվել գլխամաշկի խնամքին։

Մազերը լվանալու հաճախականությունը կախված է մի շարք գործոններից՝ դրանց երկարությունից, մազի և գլխամաշկի տիպից, աշխատանքի բնույթից, տարվա եղանակից և այլն։ Ձմռանը սովորաբար մազերն ավելի հաճախ են լվանում, քանի որ գլխարկ կրելու դեպքում գլխամաշկը չի շնչում, որի պատճառով մաշկային ճարպն ավելի շատ է արտադրվում, քան սովորաբար։

Պետք չէ մազերը շատ տաք ջրով լվանալ, հնարավոր է, որ յուղոտ դառնան, քանի որ տաք ջուրն ակտիվացնում է ճարպագեղձերի աշխատանքը։ Հարկավոր է առանձնակի զգուշավորությամբ ընտրել լվացող միջոցը (շամպույն, բալզամ, լոսյոն և այլն)։ Մազերը լավ ներծծում են ջուրը, դրա հետ նաև այնպիսի նյութեր, որոնք կարող են վնասակար լինել ինչպես մազերի, այնպես էլ գլխամաշկի և ամբողջ օրգանիզմի համար։

Պարզաջրելուց հետո ցանկալի է պաղ ջուր պահել մազերին։ Լվանալուց հետո հարկավոր է մազերը չորացնել տաք սրբիչով, այնուհետև թողնել, որ չորանան բաց վիճակում։ Ցանկալի չէ հարդարիչով չորացնել մազերը, քանի որ այն չափից շատ է չորացնում։

Չի կարելի սանրվել այլ մարդու սանրով։

Բերանի խոռոչի հիգիենա։ Բերանի խոռոչի ճիշտ խնամքը նպաստում է ատամների առողջության պահպանմանը, ինչպես նաև կանխում է ներքին օրգանների բազմաթիվ հիվանդություններ։

  • Հարկավոր է ամեն օր լվանալ ատամները՝ առավոտյան և երեկոյան։
  • Չի կարելի այլ մարդու ատամի խոզանակն օգտագործել։ Ունեցեք ձերը։
  • Ուտելուց անմիջապես հետո ողողեք բերանը։
  • Ատամների կամ լնդերի հիվանդությունների առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմեք բժշկի։
  • Կանխարգելիչ զննման նպատակով տարին երկու անգամ այցելեք ստոմատոլոգի։

Հագուստի և կոշիկի հիգիենա։ Անձնական հիգիենայի հարցում կարևոր դեր է խաղում նաև հագուստի մաքրությունը։ Հագուստը մարմինը պաշտպանում է կեղտոտվելուց, մեխանիկական և քիմիական վնասվածքներից, ցրտահարումից, մանրէներից և այլն։

Սպիտակեղենը պետք է փոխել ամեն օր։

Գուլպաները, զուգագուլպաները, կիսագուլպաները նույնպես պետք է փոխել ամեն օր։

Պետք է հագուստը չթողնել կեղտոտ վիճակում, պետք է կանոնավոր լվանալ այն։

Չի կարելի այլ մարդու հագուստ կամ կոշիկ կրել։

Հագուստն ու կոշիկը պետք է համապատասխանեն եղանակային պայմաններին։

Ցանկալի է նախապատվությունը տալ բնական գործվածքներից կարված հագուստին և բնական նյութերից կարված կոշկեղենին։

Հագուստն ու կոշիկը պետք է համապատասխան չափսի լինեն, ընտրվեն մարդու անատոմիական առանձնահատկությունները հաշվի առնելով։

Ննջասենյակի հիգիենա։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա իր անկողնային սպիտակեղենն ու սրբիչները։

Անկողնու սպիտակեղենը պետք է փոխել ամեն օր կամ շաբաթական առնվազն երեք-չորս անգամ։

Անկողինը պետք է հարմարավետ լինի։

Քնելուց առաջ հարկավոր է օդափոխել սենյակը։

Ցանկալի է գիշերաշապիկով քնել։

Տնային կենդանիներին թույլ մի տվեք բարձրանալ անկողնու վրա։