Էստրադիոլի մակարդակի որոշում

02.05.20174292

Էստրադիոլը (17-β-էստրադիոլ, 17- β -էստրա-1,З,5(10)-տրիեն-3,17-դիոլ, Е1) ստերոիդային հորմոն է։ Սինթեզվում է ֆոլիկուլի բջիջներում, դեղին մարմնում և ընկերքում՝ ֆոլիկուլախթանիչ հորմոնի ազդեցությամբ։

Էստրոնը (3-հիդրոքսիէքստրա-1,3,5(10)-տրիեն-17-ոն, Е1) E2 հիմնական մետաբոլիտն է։ E1-ն էստրոգենային ակտիվություն ունի, սինթեզվում է ֆոլիկուլային էպիթելի կողմից, հղիության դեպքում՝ ընկերքի կողմից։ Անփոփոխ ձևով դուրս է գալիս մեզի միջոցով։ E1-ի հավելուրդային կուտակման ախտաբանական դերը մեծ է սկլերոկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում։

Այդ պրոցեսը հրարհրող մեխանիզմը հիպերանդրոգենիան է, իսկ հիմնական հետևանքը՝ ֆոլիկուլախթանիչ հորմոնի հիպոֆիզային արտազատման դադարումը և լյուտեինիզացնող հորմոնի արտազատման ակտիվացումը։

E2-ը որոշիչ դեր է խաղում սեռական օրգանների զարգացման և աշխատանքի, ինչպես նաև սեռական երկրորդային հատկանիշների ձևավորման, ձվաբջջի զարգացման և դաշտանային ցիկլի կարգավորման գործում։

Արյան մեջ E2-ի մակարդակի որոշման ցուցումները՝

  • դաշտանային ցիկլի խանգարումներ և դրանց տարբերակիչ ախտորոշում, 
  • էնդոկրին անպտղություն և բուժման հսկում, 
  • սեռական հասունացման խանգարում, 
  • էստրոգեն արտադրող ուռուցքներ, 
  • օստեոպորոզ և այլն։

Արյան մեջ E2-ի պարունակությունը կախված է ցիկլի փուլից և բնորոշվում է երկփուլ մեծացմամբ․ ֆոլիկուլային փուլում աճում է՝ առավելագույնին հասնելով նախքան ձվազատումը(0,57-1,69 նմոլ/), լյուտեինային փուլում՝ նվազում է՝ հասնելով երկրորդ մաքսիմումին այդ փուլի կեսերին (մինչև 0,8 նմոլ/լ)։

Հետազոտության արդյունքի վրա ազդում է լյարդի քայքայիչ պրոցեսների առկայությունը, B խմբի վիտամինների պակասը, ցածր կալորիականությամբ դիետաները (հիմնականում առանց սպիտակուցների դիետաները), հակաբիոտիկների մեծ դեղաչափով օգտագործումը։

Հետազոտման համար անհրաժեշտ շիճուկի չափը՝ 0,05մլ, հետազոտության տևողությունը՝ 3-4 ժամ։