Սթրեսի ազդեցությունը բեղմնավորման վրա

02.11.201628934

Կա տարածված համոզմունք, որ սթրեսը խոչընդոտում է հղիությանը: Իրականում կա՞ արդյոք առնչություն սթրեսի և բեղմնավորման միջև:

Նախ պետք է հասկանալ, որ սթրեսն իրենով ֆիզիիոլոգիապես կարևոր դեր է կատարում մարդու մտավոր և ֆիզիկական նորմալ գործունեության ապահովման և խթանման գործում: Այլ խնդիր է, երբ սթրեսը դառնում է ծանր ու մշտական, իսկ օրգանիզմը չի կարողանում հաղթահարել այն:

Սթրեսի և բեղմնավորման միջև կապը պետք չէ բացառել, քանի որ ուժեղ անհանգստությունների կամ նյարդային երկարատև լարվածության դեպքում կնոջ մոտ հնարավոր է դաշտանային ցիկլն ուշանա և ձվազատում տեղի չունենա: Արդյունքում բեղմնավորում նույնպես տեղի ունենալ չի կարող:

Ենթադրվում է, որ սթրեսի ժամանակ օրգանիզմում սկսվում է արտադրվել մեծ քանակությամբ պրոլակտին հորմոն, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում լյուտեինիզացնող և ֆոլիկուլախթանիչ հորմոնների արտադրման վրա: Այս հորմոնները կարևոր դեր ունեն ձվազատման գործընթացում, իսկ դրանց քանակի նվազումը հանգեցնում է ձվազատման հետաձգման կամ առհասարակ բացակայության:

Կարդացեք՝ Ամփոփ տեղեկություն հորմոնների մասին:

Տղամարդկանց դեպքում նույնպես հորմոնային ֆոնի փոփոխությունները բացասաբար են ազդում բեղմնավորման վրա: Այդպես, տեստոստերոնի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել պոտենցիայի նվազման կամ սպերմատոգենեզի (սերմնաբջիջների ձևավորում) գործընթացի խանգարումների:

Նյարդային համակարգի տեսանկյունից սթրեսը կրկին կարող է բացասաբար ազդել բեղմնավորման վրա: Մարդու բոլոր օրգանները, այդ թվում վերատադրողական օրգաններն անխզելիորեն կապված են գլխուղեղի հետ նյարդային մանրաթելերի միջոցով: Հնարավոր է սթրեսի ժամանակ գլխուղեղից հաղորդվեն նյարդային ազդակներ, որոնք առաջացնում են հարթ մկանունքի կծկումներ: Սա կարող է արգանդափողերի սպազմ և արգանդի հիպերտոնուս առաջացնել:

Կարդացեք՝ Արգանդի հիպերտոնուսը հղիության ընթացքում:

Այս մեխանիզմով կնոջ վերարտադրողական օրգանների ֆունկցիան էականորեն տուժում է, դժվարանում է սերմնաբջջի տեղափոխումը դեպի ձվաբջիջ: Արդյունքում կրկին բեղմնավորման հավանականությունը նվազում է: Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է անհանգստացնող սթրեսային իրավիճակներից դուրս գալու ուղիներ գտնել: Նախ պետք է հասկանալ սթրեսի իրական պատճառը և հետո փորձել վերացնել այն կամ հնարավորինս բացառել:

Սթրեսի բացասական ազդեցությունից ազատվելուն կօգնեն յոգայի պարապմունքները, մեդիտացիան, հանգստացնող մերսումները, լողը, հանգիստը: Անհրաժեշտության դեպքում պետք է խորհրդակցել հոգեթերապևտի հետ, ով կսովորեցնի սթրեսը կառավարելու հմտություններ:

Հղիության պլանավորումը պատասխանատու և լուրջ աշխատանք է, հետևաբար պետք է նախապես ազատվել բոլոր խանգարող գործոններից, որպեսզի ցանկալի բեղմնավորմանը և հետագա հղիության զարգացմանը ոչինչ չխոչընդոտի: