Սեռական կյանքը հիստերէկտոմիայից հետո

18.10.20169936

Հիստերէկտոմիան՝ արգանդի վիրահատական հեռացումը, կնոջ համար ծանր ֆիզիկական փորձություն է և ծանր է բարոյական տեսանկյունից: Կինն այս իրավիճակում իրեն շփոթված է զգում, առաջանում է վախ ֆիզիկական ցավի նկատմամբ և թերարժեքության զգացում, հուզական ճնշվածոււթյուն և տագնապ՝ հետևանքների մասին անտեղյակության պատճառով:

Կա կարծիք, որ կինը կորցնում է սեռական հետաքրքրությունն այս վիրահատությունից հետո: Իրականում հիստերէկտոմիան ծանր հետևանքներ չի ունենում, և ամեն ինչ կախված է կնոջ տրամադրվածությունից, ինչն էլ որոշում է սեռական կյանքում խնդիրների առաջացման հավանականությունը վիրահատությունից հետո: Եթե կինն անիքնավստահ է զգում, վախենում է կորցնել սեռական ցանկությունը կամ անհետաքրքիր դառնալ ամուսնու համար, ապա սա կանդրադառնա հետվիրահատական շրջանում խնդիրների առաջացման վրա: Սակայն եթե դիտարկենք այլ տեսանկյունից, ապա նախկինում ունեցած խնդիրներն (արյունահոսություն, ցավ սեռական ակտի ժամանակ, անմիզապահություն և այլն) ավելի շատ են անհանգստություն պատճառում, քան վիրահատության դիմելը: Բացի այդ, զուգընկերոջ կողմից աջակցություն և հոգատարություն ստանալը բավարար կլինի, որպեսզի կինն իրեն նախկինի պես գրավիչ և ցանկալի զգա, ինչպես նաև արագ ու անցավ հաղթահարի հետվիրահատական շրջանը:

Ե՞րբ վերսկսել սեռական կյանքը վիրահատությունից հետո

Սովորաբար, վիրահատությունից մեկ ամիս անց կատարվում է գինեկոլոգիական հետազոտություն, որի ընթացքում բժիշկը պարզում է, արդյո՞ք հեշտոցի հետին պատի վնասվածքն ամբողջությամբ ապաքինվել է և կարելի է վերսկսել սեռական կյանքը: Սկզբնական շրջանում բնական է, եթե ցավ առաջանա սեռական ակտի ժամանակ: Պետք է հիշել, որ ավելորդ անհանգստությունը խոչընդոտում է քսուքի արտադրությանը, հեշտոցի խոնավացմանը և հազվադեպ դեպքերում այն կարող է առաջացնել վագինիզմ: Եթե արգանդի հետ միասին հեռացվել են նաև ձվարանները, ապա հեշտոցի չորությունը կարելի է համարել էստրոգեն հորմոնների պակասի հետևանք: Կարելի է օգտագործել լուբրիկանտներ՝ հեշտոցը խոնավացնող քսուքներ, բայց այս դեպքում ավելի նպատակահարմար է դիմել բժշկի, ով կնշանակի էստրոգենային պրեպարատներ՝ դրանց քանակը նորմայում պահելու համար: Դա կնպաստի հեշտոցի լորձաթաղանթի վիճակի կարգավորմանն ու պատերի վիճակի բարելավմանը:

Սովորաբար, հիստերէկտոմիան չի անդրադառնում կնոջ սեռական ակտիվության կամ հեշտանքի վրա, և այս վիրահատությունից հետո կինը հանգիստ կարող է վերսկսել սեռական կյանքը: