Վուլվիտ (ամոթույքաբորբ)

12.09.201611709

Վուլվիտն արտաքին սեռական օրգանների բորբոքումն է: Բնորոշվում է քորի, այրոցի առաջացմամբ, առատ արտադրությամբ, սեռական շուրթերի հիպերեմիայով և այտուցով, միզարձակման ժամանակ ցավային զգացողություններով:

Վուլվիտի դեպքում ծլիկի, սեռական փոքր և մեծ շուրթերի, հեշտոցի նախադռան և գեղձի, կուսաթաղանթի շրջանում առաջանում է ախտահարում: Վուլվիտի հարուցիչ են հանդիսանում պայմանական-ախտածին միկրոօրգանիզմները (աղիքային ցուպիկ, ստրեպտոկոկ, ստաֆիլակոկ, սնկեր), հազվադեպ՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտածին հարուցիչները (գոնոկոկ, տրիխոմոնադ, քլամիդիա):

Առաջացման պատճառները

Վուլվիտի առաջացմանը նպաստում են՝

  • Անձնական հիգիենային չհետևելը (հատկապես ցիկլի ժամանակ): 
  • Կոպիտ հագուստից, հիգիենիկ միջադիրների երկարաժամկետ օգտագործումից կամ սեռական հարաբերության ժամանակ առաջացած լորձաթաղանթի մեխանիկական վնասումները: 
  • Արտաքին սեռական օրգանների վարակների ժամանակ հեշտոցից, ցերվիկալ ուղուց եկող արտադրության պատճառով կամ անմիզապահության դեպքում առաջացած լորձաթաղանթի գրգռումը: 
  • Դեղորայքի չարաշահումը (հակաբիոտիկներ), ճառագայթային թերապիան: 
  • Օրգանիզմում հորմոնային ֆունկցիայի և նյութափոխանակության խանգարումները (ձվարանների թերֆունկցիա, գիրացում, շաքարային դիաբետ, վիտամիների և հանքանյութերի անբավարարություն), ալերգիկ ռեակցիաները: 
  • Աղիներից, միզուղիներից պաթոլոգիական մուտքի (խուղակներ) առկայությունը:

Տարբերում են առաջնային վուլվիտ, երբ վարակն առաջանում է վնասումի կամ ոչ բավարար հիգիենայի պատճառով, և երկրորդային վուլվիտ, երբ վարակի աղբյուրն այլ օրգաններն են (հեշտոց, արգանդ, միզապարկ, երիկամներ): Առաջնային վուլվիտը սովորաբար հանդիպում է աղջիկների և դաշտանադադարի տարիքի կանանց դեպքում:

Վուլվիտի նշանները

Վուլվիտն ընթանում է սուր կամ քրոնիկ ձևերով: Սուր վուլվիտին բնորոշ են՝

  • Սեռական շուրթերի, ծլիկի ուժեղ այտուցը, էրոզիան, շեքի շրջանի և ազդրերի ներքին մակերևույթի ախտահարումները 
  • Քոր և այրոց, ցավ (միզելիս, շարժվելիս, դիպչելիս ուժգնացող) 
  • Շիճուկային-թարախային արտադրություն: Աղիքային ցուպիկով վարակման դեպքում՝ ջրային սպիտակահոսք՝ դեղնականաչ և վատ հոտով, ստաֆիլոկոկի դեպքում՝ թանձր, դեղնավուն, կանդիդայի դեպքում՝ կաթնաշոռանման: 
  • Երբեմն շեքի ավշահանգույցները մեծանում են, դիտվում է ջերմության բարձրացում: 

Աղջիկների դեպքում սուր վուլվիտը բնորոշվում է նաև նյարդային գրգռությամբ, քնի խանգարումով: Ժամանակին չբուժելու դեպքում հիվանդությունը կարող է դառնալ քրոնիկ՝ հաճախակի կրկնություններով:

Ախտորոշումը

Ախտորոշման համար կազմվում է հիվանդության պատմություն, հաշվի են առնվում գանգատները, գինեկոլոգիական զննման, անհրաժեշտության դեպքում՝ կոլպոսկոպիայի և լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

Հարուցիչը որոշելու համար կատարվում է միկրոֆլորայի մանրէաբանական ցանքս՝ հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշմամբ:

Բացի այդ, հայտնաբերվում են ուղեկցող այլ հիվանություները, որոնք հնարավոր է լինեն վարակի աղբյուր կամ ընկճեն օրգանիզմի իմունային կարգավիճակը:

Բուժումը

Ժամանակակից գինեկոլոգիայում վուլվիտի բուժման համար կիրառվում է տեղային և ընդհանուր ազդեցության համալիր թերապիա: Բուժման նպատակը ոչ միայն բորբոքային պրոցեսի, այլև դրա աջացմանը նպաստող գործոնների վերացումն է:

Սուր վուլվիտի դեպքում անհրաժեշտ է անկողնային ռեժիմ: Կանայք պետք է բուժման շրջանում զերծ մնան սեռական հարաբերություններից: Հակաբակտերիալ բուժումը նշանակվում է կախված հիվանդության հարուցչից և հակաբիոտիկների հանդեպ դրա զգայունությունից: Կատարվում է նաև սեռական օրգանների տեղային մշակում:

Ալերգիկ վուլվիտի դեպքում նշանակվում են հակահիստամինային միջոցներ, հատուկ սննդակարգ:

Բուժման ենթակա են նաև ուղեկցող այլ հիվանդությունները (հորմոնային, նյութափոխանակման խանգարումներ, քրոնիկ վարակներ՝ տոնզիլիտ, պիելոնեֆրիտ):

Կանխարգելումը

Վուլվիտի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ժամանակին բուժել հիվանդությունները, վերացնել քրոնիկ վարակների օջախները: Ինչպես նաև չմոռանալ անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի կարևորության մասին, չէ որ աղջիկների ճիշտ հիգիենան հետագայում իրենց կանացի առողջության երաշխիքն է: