Կանանց ինտիմ հիգիենա

Կանանց ինտիմ հիգիենա

Բոլոր կանայք էլ հասկանում են ինտիմ հիգիենայի պահպանման կարևորությունը, բայց ցավոք ոչ բոլորն են տեղյակ, թե ինչպես է պետք ճիշտ պահպանել: Պետք է հասկանալ, որ ձեր լսած ոչ բոլոր խորհուրդներն են օգտակար, իսկ այդ ոլորտում սխալը կարող է հանգեցնել խնդիրների։ 

Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ լվացում կատարել, ինչպե՞ս

Ցանկալի է լվացում կատարել տաք ջրով օրական ամենաքիչը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան, ինչպես նաև յուրաքանչյուր սեռական մերձեցումից հետո: պարտադիր չէ ամեն անգամ ինտիմ հիգիենայի համար նախատեսված գել կամ օճառ օգտագործել: Այդ հատուկ միջոցները բավական է կիրառել օրական մեկ անգամ: Ջրի ուղղությունը նույնպես կարևոր է, այն պետք է լինի առջևից հետ, քանի որ այդպես ուղիղ աղուց բակտերիաները չեն ներթափանցի սեռական օրգաններ (ուղիղ աղում բնակվող բակտերիաները, հայտնվելով հեշտոցում, կարող են առաջացնել բորբոքում):

Նուրբ հատվածները լվանալուց հետո պետք չէ չորացնել սրբիչով տրորելով, պետք է բավարարվել թեթև հպումներով: Հասկանալի է, որ այդ սրբիչը պետք է լինի նախ և առաջ անհատական, երկրորդ՝ լինի նախատեսված միայն այդ հատվածի համար, և երրորդ՝ այն պետք է լինի նուրբ կտորից: Հիգիենիկ նպատակներով կարելի է նաև օգտվել ինտիմ հատվածի համար նախատեսված հատուկ խոնավ անձեռոցիկներից, չնայած խորհուրդ չի տրվում դրանցով փոխարինել լվացումները, քանի որ դրանց մշտական օգտագործումը կարող է գրգռում առաջացնել: Խոնավ անձեռոցիկները հրաշալի օգնականներ են այնպիսի իրավիճակներում, երբ ճանապարհորդում եք մեքենայով կամ գնացքով:

Արդյո՞ք անհրաժեշտ է ներլվացում կատարել

Եթե կնոջ սեռական օրգաններում խնդիրներ չկան, ապա ներլվացում կատարելու կարիք նույնպես չկա: Ավելին, եթե կինը հաճախ է կատարում ներլվացումներ, դա կարող է հանգեցնել հեշտոցի բնական միկրոֆլորայի խանգարման, քանի որ ներլվացման ընթացքում հեշտոցից օգտակար բակտերիաները ջրի հետ դուրս են գալիս, իսկ լորձաթաղանթում առաջանում է չորություն և խանգարվում է հեշտոցի рН-ը: Այդ ամենի արդյունքում պայմաններ են ստեղծվում բակտերիալ վագինոզի (հեշտոցի դիսբիոզ) կամ բորբոքային պրոցեսների զարգացման համար:

Ներլվացումներ երբեմն ցուցվում են բուժական նկատառումներով, բայց այդ դեպքում դրանք անցկացվում են մի քանի օրով, այլ ոչ թե մշտապես: Սեռական հարաբերությունից հետո նույնպես կարիք չկա ներլվացում կատարելու: Որպես հակաբեղմնավորման մեթոդ՝ այն նույնպես չի կիրառվում (սերմնաժայթքումից արդեն 30 վայրկյան անց սերմնաբջիջները ներթափանցում են արգանդի պարանոց, այնպես որ դրանց կանգնեցնել դուք չեք հասցնի), իսկ հիգիենիկ նպատակներով բավարար է սովորական լվացումը: Եթե նույնիսկ հեշտոցում որոշակի քանակությամբ սերմնաբջիջներ մնան, դա ոչ մի վնաս չի հասցնի:

Դաշտանի օրերին և հղիության ընթացքում ներլվացումները հակացուցված են:

Ինչպե՞ս ընտրել ինտիմ հիգիենայի գելը

Ինտիմ հիգիենայի համար պահանջվում են հատուկ միջոցներ, քանի որ սովորական օճառը կամ ցնցուղի գելը կարող է հանգեցնել սեռական օրգանների լորձաթաղանթի չորացման: Ինտիմ գելը տարբերվում է նրանով, որ դրա թթվայնությունը նմանեցված է հեշտոցի բնական թթվայնությանը և պարունակում է ավելի մեծ քանակությամբ խոնավացնող բաղադրիչներ և քիչ քանակությամբ գունանյութեր ու բուրավետ նյութեր: Նպատակահարմար է ընտրել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորինս քիչ են պարունակում այդ արհեստական հավելումները, քանի որ դրանք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա: Խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի ինտիմ գել, որը պարունակում է լակտոբակտերիաներ: Դա կնպաստի բնական միկրոֆլորայի պահպանմանը: Արտաքին սեռական օրգանների հատվածում թեթև գրգռվածության դեպքում բարենպաստ ազդեցություն կարող են ունենալ երիցուկով ինտիմ գելերը:

Ի՞նչ անել, եթե հեշտոցից տհաճ հոտ է գալիս 

Նորմայում հոտ չի դիտվում կամ կարող է լինել թթվային հոտ: Հանկարծակի առաջացած տհաճ հոտը գրեթե միշտ վկայում է որոշակի ախտաբանական պրոցեսների մասին: Դա կարող է լինել կամ հեշտոցի դիսբիոզ, կամ վարակ, այդ պատճառով նման ախտանիշի առկայության դեպքում անհրաժեշտ է պարտադիր դիմել բժշկի, եթե նույնիսկ այլ ախտանշաններ չկան:

Երբեմն հանդիպում է մեկ այլ իրավիճակ, երբ հոտը մշտական երևույթ է: Որոշ դեպքերում կինը նույնիսկ կարող է չզգալ այդ հոտը (մարդը սովորում է իր անհատական հոտին), սակայն ցավոք դա կարող է զգալ սեռական զուգընկերը: Ավանդական բժշկությունը մի լավ խորհուրդ ունի՝ մարմնի և սեռական օրգանների հաճելի հոտ ունենալու համար անհրաժեշտ է պատրաստել և խմել անանուխի թուրմ: Բացի այդ կարելի է ուղղումներ մտցնել սննդակարգում: Վատ հոտի կարող են հանգեցնել սուր հոտով մթերքները, սոխը և սխտորը: Որոշ կանայք նշում են հոտի ուժգնացում գարեջուր խմելուց հետո:

Խորհուրդ է տրվում կրել շնչող՝ բնական կտորից ներքնազգեստ: Սինթետիկ ներքնազգեստից սեռական օրգանները քրտնում են, և դա նույնպես կարող է վատ հոտի առաջացման պատճառ լինել: Տհաճ հոտի առկայության պարագայում անհրաժեշտ է ավելի հաճախ կատարել լվացումներ: Կարևոր է լվացվել սեռական ակտից առաջ և հետո:

Կարելի՞ է արդյոք կիրառել ինտիմ դեզոդորանտներ

Ինչպես արդեն նշվել է վերևում, տհաճ հոտի առկայության հիմքում ընկած է որևէ պատճառ: Անհրաժեշտ է ամենից առաջ գտնել այդ պատճառն ու վերացնել, այլ ոչ թե փորձել առավելագույնս քողարկել հոտը: Ինտիմ դեզոդորանտը կարող է օգտակար լինել այն դեպքերում, երբ համոզված եք, որ ոչ մի վարակ չունեք, այլ պարզապես ձեր զուգընկերն ունի հոտի հանդեպ անհատական գերզգայունություն: Պետք է հիշել, որ դեզոդորանտն օգտագործում են բացառապես մաքուր սեռական օրգանների վրա, այնպես որ նախքան այն կիրառելը պարտադիր լվացվեք: Ինտիմ դեզոդորանտը խորհուրդ չի տրվում կիրառել շաբաթական 1-2 անգամից ավել: Դրա հաճախակի կիրառումը կարող է հանգեցնել հեշտոցի рН մակարդակի խանգարման: Բացի այդ սեռական օրգանների հարակից մաշկը գերզգայուն է և պետք չէ բացառել գրգռման հավանականությունը: Ինտիմ դեզոդորանտ կարելի է ձեռք բերել դեղատներից:

Պե՞տք է արդյոք կիրառել ամենօրյա միջադիրներ

Ամենօրյա միջադիրն անկասկած փայլուն հայտնագործություն է: Ցանկացած կին օրվա ընթացքում ունենում է որոշակի քանակությամբ արտադրություն, որը կարող է հետք թողնել ներքնազգեստի վրա, իսկ ամենօրյա միջադիրները պաշտպանում են դրանից: Այնուամենայնիվ պետք չէ շատ տարվել և կրել դրանք մշտապես, քանի որ սեռական օրգանների մաշկը ավելի շատ է քրտնում: Ցանկացած տեսակի միջադիր, նույնիկ ամենաբարակը, խանգարում է օդի թափանցելիությանը: Ամենօրյա միջադիրների մշտական օգտագործման արդյունքում կարող է գրգռում առաջանալ: Միջադիրն անհրաժեշտ է փոխել նվազագույնը 4 ժամը մեկ, հակառակ դեպքում դրանում կսկսեն մանրէներ բազմանալ, իսկ դրանց ինտենսիվ զարգացումը կառաջացնի հեշտոցի դիսբիոզ:

Ինչպես տեսնում եք, ինտիմ հիգիենայի կանոնների պահպանումը դժվար չէ, հատուկ ջանքեր չի պահանջում։ Հիգիենայի պահպանումը թարմության և ինքնավստահության գրավականն է:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում