Հետծննդաբերական էնդոմետրիտ

Հետծննդաբերական էնդոմետրիտ

Էնդոմետրիտը արգանդի լորձաթաղանթի բորբոքումն է։ Սովորաբար թեթև է ընթանում, շատ վտանգավոր չէ, սակայն երբեմն էլ ծանր ընթացք է ունենում։

Էնդոմետրիտի հարուցիչները էնտերոբակտերիացեաների ընտանիքի բակտերիաներն են (կլեբսիելներ, աղիքային ցուպիկ և այլն)։ Հիվանդության պատճառ կարող են դառնալ նաև միկոպլազմաները, ուրեապլազմաները և քլամիդիաները։ Այդպիսի բակտերիաներ չնչին քանակությամբ լինում են նաև առողջ օրգանիզմում և ակտիվանում են միայն որոշակի պայմանների առկայության դեպքում։

Ծննդաբերությունից հետո հեշտոցի միկրոֆլորայում փոփոխություններ են դիտվում, որոնք վարակային պրոցեսի առաջացման նախադրյալներ են ստեղծում։ Սովորաբար հետծննդաբերական վեցերորդ շաբաթվա վերջին հեշտոցի միկրոֆլորան ինքնուրույն վերականգնվում է։

Կարդացեք՝ Էնդոմետրիում․ հաստությունը և խանգարումները

Էնդոմետրիտի առաջացմանը նպաստող գործոններն են՝

  • իմունային անբավարարություն, 
  • հետվիրահատական վնասվածք (կեսարյան հատումից հետո առաջացած բարդություններ), 
  • սոցիալական ծանր պայմաններ, 
  • սխալ սննդակարգ, 
  • վնասակար սովորություններ (ալկոհոլի, ծխախոտի օգտագործում),
  • բորբոքային հիվանդություններ,
  • երիկամների հիվանդություններ, շաքարային դիաբետ, նյութափոխանակության խանգարում, թոքերի հիվանդություններ, սակավարյունություն, գինեկոլոգիական հիվանդություններ, սեռավարակներ, արգանդային բեղմնականխիչների երկարատև օգտագործում, 
  • աբորտներ և վիժումներ, 
  • քրոնիկական հիվանդությունների սրում, 
  • գերջրություն, 
  • ծննդաբերության ժամանակ արյան մեծ կորուստ, 
  • կեսարյան հատում, 
  • հետծննդաբերական շրջանում հիգիենայի կանոնների խախտում։

Ախտանշանները

Հետծննդաբերական թեթև ընթացող էնդոմետրիտն ուշ է դրսևորվում, ծննդաբերությունից մեկ, անգամ երկու շաբաթ անց։ Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39° С, դիտվում է դողէրոցք, անոթազարկի արագացում, լեյկոցիտների և ԷՆԱ-ի ցուցանիշների բարձրացում։ Հիվանդը գանգատվում է արգանդի ցավից և արյունախառն առատ արտադրությունից։

Ծանր աստիճանը դրսևորվում է ծննդաբերությունից 2-4 օր անց։ Հիվանդը գանգատվում է ուժեղ գլխացավից, թուլությունից, որովայնի ստորին հատվածի ցավից։ Խանգարվում է քունը, ախորժակը, տախիկարդիա է ի հայտ գալիս, բարձրանում է ջերմությունը, դողէրոցք է առաջանում, դիտվում է արգանդի մեծացում, առատ արտադրություն, որը երբեմն թարախային բնույթ է կրում։

Բուժումից երեք օր անց ջերմությունը կարգավորվում է, ցավն անհետանում է, տասն օր անց կարգավորվում է նաև արգանդային արտադրության քանակն ու բնույթը։ Մեկ շաբաթ անց բարելավվում են արյան ցուցանիշները։ Հաճախ, սակայն, հիվանդությունը կրկնվում է նույն ախտանշաններով։ Կրկնման տևողությունը 2-8 օր է։

Էնդոմետրիտը կեսարյան հատումից հետո

Հատուկ ուշադրություն է պահանջում կեսարյան հատումից հետո ի հայտ եկած էնդոմետրիտը։ Նրա առաջացման հավանականությունը մեծապես կախված է վիրահատության կատարման որակից։ Առանձնահատկությունն այն է, որ վիրաբուժական միջամտությունից հետո այն գրեթե միշտ ծանր է ընթանում։ Հիվանդությունն արտահայտվում է վիրահատությունից մեկ-երկու օր անց, երբեմն էլ չորրորդ-հինգերորդ օրը։

Բուժումը

Անհրաժեշտ է մի շարք միջոցներ ձեռք առնել բորբոքային պրոցեսի տեղակայման, բորբոքման օջախի դեմ պայքարի, իմունային համակարգի ակտիվացման նպատակով։ Արգանդից և հեշտոցից ցանքսի նմուշ է վերցվում, որպեսզի որոշվի հարուցչի բնույթը և որոշ հակաբիոտիկների հանդեպ զգայունակությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվում ճիշտ, հավասարակշռված սննդակարգին։ Որոշ դեպքերում արգանդի խոռոչի վիրաբուժական մշակում է պահանջվում, ինչը կատարվում է քերման կամ վակուում-ասպիրացիայի մեթոդով։ Թերապիայի անարդյունավետության դեպքում քննարկվում է արգանդի հեռացման տարբերակը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար