Հղիության առաջին շաբաթները

10.12.201546964

Բեղմնավորման առաջին իսկ օրվանից սկսած օրգանիզմն սկսում է որոշակի փոփոխություններ կրել։ Ձվաբջիջն սկսում է կիսվել բեղմնավորումից 10-12 օր անց։ Այն նախ կիսվում է երկու մասի, որոնք այնուհետև միանում են և կազմում մեկ ամբողջություն։ Այդ փոքրիկ բջիջն արդեն երեխա կոչվելու իրավունք է ստանում։

Հղիության առաջին օրերին ոչ մի փոփոխություն չի զգացվում՝ ոչ արտաքին, ոչ էլ ներքին, կինն անգամ գլխի էլ չի ընկնում, որ հղի է։ Նորաստեղծ բջիջն սկսում է դանդաղորեն շարժվել արգանդափողով և կիսվել, քանի որ արգանդի պատին ամրանալիս այն պետք է ընկերք և պորտալար ունենա։

Առաջին շաբաթվա ընթացքում բջիջները մեծանում են և աստիճանաբար կազմում պտղաձու, որն ամրանում է արգանդի պատին։ Այդ օրերը շատ կարևոր են։ Բանն այն է, որ այդ փուլում մեծ է վիժման վտանգը։ Պատահում է, որ մոր օրգանիզմը պատրաստ չի լինում և դուրս է մղում պտղաձուն որպես օտարածին մարմնի։ Երբ ամեն բան ընթանում է բնականոն հունով, և սաղմն ամրանում է արգանդի պատին, օրգանիզմում սկսում են հորմոնային փոփոխություններ կատարվել։ Առաջին հերթին պրոգեստերոն՝ հղիության հորմոն է արտադրվում։ Այն ապահովում է, որ արգանդը չկրճատվի և դրանով իսկ օրգանիզմից դուրս չմղի սաղմին։

Կարդացեք՝ Հղիությունը շաբաթներով

Հղիության առաջին կեսին պտուղը հարմարվում է նոր պայմաններին, և կնոջ օրգանիզմն էլ ընդունում է նրան։ Փոքրիկը մոր օրգանիզմից տարբեր սննդանյութեր է ստանում, այդ իսկ պատճառով էլ նախ կազմավորվում է նրա ստամոքսը, այնուհետև մյուս օրգանները՝ սիրտը և անոթային համակարգը։ Մոր օրգանիզմում փոքրիկին պաշտպանում է պտղապարկը, որը լցված է լինում սննդարար հեղուկով՝ պտղաջրով։

Հղիության երկրորդ շաբաթվա ընթացքում ձևավորվում է ընկերքը, որը մոր օրգանիզմին է միանում պորտալարի միջոցով։ Հղիության սկզբներին պորտալարը նման է լինում բարակ թելի, սակայն հետագայում հաստանում և ամրանում է․ չէ՞ որ այդ օրգանի միջով են սննդանյութերն ամբողջ հղիության ընթացքում փոխանցվում փոքրիկին։

Ամեն բան, սակայն, այնքան էլ հեշտ չէ հղի կնոջ համար․ հնարավոր է, որ արդեն իսկ առաջին շաբաթների ընթացքում վաղ տոքսիկոզ սկսվի։ Այդ երևույթը պայմանավորված է օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերման աշխատանքի խանգարմամբ։ Տոքսիկոզը տարբեր կերպ է արտահայտվում՝ պայմանավորված կնոջ անհատական առանձնահատկություններով։ Ոմանց համար այն ընդամենը սրտխառնոց է, մյուսների համար՝ մշտական փսխումներ։ Հիմնականում կանայք չեն զգում վաղ տոքսիկոզը, շարունակում են կյանքի բնականոն ընթացքը և չեն նկատում փոփոխությունները։

Ցանկացած կին պետք է իմանա հղիության առաջին նշանները․ չէ՞ որ իմանալուն պես որոշ սովորություններից հրաժարվելու և երեխայի պահանջները հաշվի առնելու անհրաժեշտություն է ծագում։

Կարդացեք՝ Հղիության նշանները

Հղիության առաջին նշանների ի հայտ գալուն պես հարկավոր է դիմել բժշկի։ Հիշեք, որ բեղմնավորման պահից ի վեր դուք պատասխանատու եք ձեր և ձեր երեխայի առողջության համար։