Ժամանակից շուտ ծնված երեխաներ

Անհաս են համարվում այն երեխաները, ովքեր ծնվում են մինչև գեստացիոն շրջանի ավարտը, այսինքն՝ 22-ից 37 շաբաթականում, 2500գր-ից փոքր քաշով և 45սմ-ից փոքր հասակով:
Անհաս երեխաներն ունենում են ջերմակարգավորման խանգարում, ապնոէի հակվածությամբ շնչառություն, թույլ իմունիտետ և անտրոպոմետրիկական ու կլինիկական թույլ նշաններ:
Աստիճանները
Անհաս երեխաների դասակարգումը հիմնված է նրանց քաշի վրա`
- 1-ին աստիճան- քաշը 2001-2500գր (35-37 շաբաթական),
- 2-րդ աստիճան- քաշը՝ 1501-2000գր (32-34 շաբաթական),
- 3-րդ աստիճան- քաշը՝ 1100-1500գր (29-31 շաբաթական),
- 4-րդ աստիճան- քաշը՝ 1000գր-ից պակաս (29 շաբաթականից փոքր):
Պատճառները
Վաղաժամ ծննդաբերության պատճառները բազմազան են և ներկայացվում են երեք դիտանկյունից:
Մայրական գործոն`
- քրոնիկական հիվանդություններ (սրտանոթային համակարգի, էնդոկրինային, երիկամների հիվանդություններ),
- հղիության ընթացքում տարած սուր վարակիչ հիվանդություններ,
- գինեկոլոգիական հիվանդություններ,
- ներարգանդային պարույր,
- վնասվածքներ,
- իսթմիկացերվիկալային անբավարարություն,
- տարիք (17 տարեկանից փոքր և 30 տարեկանից մեծ),
- ռեզուս-կոնֆլիկտային հղիություն,
- վնասակար սովորություններ,
- ընկերքի խնդիրներ (առաջադրություն, շերտազատում),
- աշխատանքի վնասակար պայմաններ,
- հղիության բարդացում (գեստոզ):
Հայրական գործոն`
- տարիք (50 տարեկանից մեծ),
- քրոնիկական հիվանդություններ:
Պտղի գործոն`
- զարգացման ներարգանդային արատներ,
- բազմապտուղ հղիություն,
- էրիթրոբլաստոզ,
- ներարգանդային վարակում:
Նշանները
Անհաս երեխաները վառ արտահայտված կլինիկական պատկեր են ունենում: Նկատվում է մարմնի մասերի անհամաչափություն, գանգի ոսկորների, ինչպես նաև ականջախեցիների փափկություն: Այս երեխաների ենթամաշկային ճարպի շերտը թույլ է զարգացած, նրանք չեն կարողանում պահպանել մարմնի ջերմաստիճանը:
Թոքերի թերզարգացածությունը պայմանավորված է սուրֆանկտանտի բացակայությամբ, որն ապահովում է թոքային ալվեոլների բացվելն արտաշնչելիս, արտահայտվում է շնչառության խանգարմամբ և պարբերական ապնոէյով:
Մաշկը կնճռոտ է, առաջին օրերին վառ կարմիր երանգ է ունենում, դիտվում է մկանային թույլ տոնուս կամ վերջինիս բացակայություն: Ֆիզիոլոգիական ռեֆլեքսները (ծծման, որոնման և այլ) թույլ են արտահայտված:
Տղաների դեպքում ամորձիները փոշտի մեջ չեն լինում, աղջիկների դեպքում թերզարգացած են լինում սեռական շուրթերը: Նկատվում է լյարդի անբավարար աշխատանք, ինչն արտահայտվում է դեղնուկով: Թույլ զարգացած իմունային համակարգի հետևանքով մեծանում է վարակվելու վտանգը:
Անհաս երեխաների թերապիան
Անհաս երեխաների բուժմամբ զբաղվում է նեոնաթոլոգը: Ժամանակից շուտ ծնված երեխաների համար գոյատևման համար որոշակի պայմաններ են հարկավոր: Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը պետք է լինի 25°C, իսկ խոնավությունը՝ նվազագույնը 55-60%: Այդ նպատակով անհաս երեխաներին պահում են կուվեզում (հատուկ ինկուբատոր): Առողջ երեխայի դուրս է գրվում հիվանդանոցից 8-10 օր անց, եթե քաշն աճում է մինչև 2կգ:
Եթե անհաս երեխայի քաշը 14 օրվա ընթացքում չի հասնում 2կգ-ի, ապա նրան տեղափոխում են և բուժումը շարունակում հիվանդանոցի երեխաների բաժանմունքի ռեանիմացիոն սենյակում: Նրանց տեղավորում են կուվեզի մեջ, որտեղ թթվածին է տրվում:
Անհաս երեխաներին սկսում են լողացնել 2 շաբաթականից, զբոսանքի են տանում 3-4 շաբաթականը լրանալու և 1700-1800գր քաշի դեպքում:
Կերակրումը
Անհաս երեխաներին կերակրում են կրծքի կթած կաթով ծնունդից 2-6 ժամ անց հակացուցումների բացակայության դեպքում: Ծանր վիճակում գտնվող երեխաներին կերակրում են զոնդի միջոցով կյանքի առաջին 24-48 ժամերի ընթացքում:
Կրծքով կերակրում են 1800-2000գր քաշով երեխաներին: Առաջին օրը մեկ կերակրման ծավալը կազմում է 5-10մլ, երկրորդ օրը՝ 10-15մլ, երրորդ օրը՝ 15-20մլ: Բացի այդ, անհաս երեխաներին ցուցված են նաև վիտամիններ՝ В1, В2, В5, В6, С, Е, D:
Հետևանքները և զարգացման կանխատեսումները
Անհաս երեխաների կյանքի վերաբերյալ կանխատեսումները կախված են բազմաթիվ գործոններից: Առաջին հերթին՝ հղիության ժամկետից և ծննդյան պահին ունեցած քաշից: 22-23 շաբաթականում ծնվելու դեպքում կանխատեսումները կախված են թերապիայի ինտենսիվությունից և որակից: Մահվան ելքի վտանգը մեծանում է հետևյալ դեպքերում՝
- նախածննդաբերական արնահոսություն,
- հետույքային առաջադրությամբ ծննդաբերություն,
- բազմապտուղ հղիություն,
- ասֆիքսիա ծննդաբերության ընթացքում,
- երեխայի մարմնի ցածր ջերմաստիճան:
Անհասության՝ ապագայում ի հայտ եկող հետևանքներն են՝
- մտավոր և ֆիզիկական զարգացման հապաղում,
- միոպիա,
- աստիգմատիզմ,
- գլաուկոմա,
- ցանցաթաղանթի շերտազատում,
- լսողության խանգարում,
- աղջիկների դեպքում՝ նաև դաշտանային ցիկլի խանգարում, սեռական օրգանների ինֆանտիլիզմ և բեղմնավորման հետ կապված խնդիրներ: