Հայմորիտը հղիության ընթացքում

27.06.20158083

Հղիության ընթացքում կնոջ իմունային համակարգը թուլանում է, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում տարատեսակ հիվանդությունների զարգացման համար: Շատ կանայք գանգատվում են հայմորիտից: Դա սինուսիտի տարատեսակներից է, որը բնորոշվում է վերծնոտային խոռոչների բորբոքմամբ: Կարող է արտահայտվել սուր կամ քրոնիկական ձևերով:

Ի՞նչ է հայմորիտը

Առաջին անգամ հայմորիտը բնութագրվել է 17-րդ դարում Հայմոր Նատանիելի կողմից: Թույլ իմունիտետի պատճառով հղի կանայք հայտնվում են վտանգի գոտում: Հայմորիտն առաջանում է որպես առանձին հիվանդություն, նաև կարող է դիտվել շնչառական ուղիների այլ հիվանդությունների ֆոնին: Պատճառ կարող են դառնալ թերի բուժված քթաբորբը կամ մրսածությունը (սուր շնչառական հիվանդություներ, սուր շնչառական վիրուսային վարակներ, գրիպ), ինչպես նաև հիվանդ ատամը, նշիկների քրոնիկական բորբոքումը: Բացի այդ հայմորիտ կարող են առաջացնել տարատեսակ վարակները, իսկ հազվադեպ՝ նաև ալերգիկ ռեակցիաները և քթի ծուռ միջնապատը: Հայմորիտի ախտանշաններն են՝

  • դեմքի զգայունություն և ցավեր քթի շրջանում, 
  • ջերմության բարձրացում, 
  • շնչառության դժվարացում, 
  • ճնշում քթանցքներում, 
  • սուր կամ մզզացող գլխացավ, 
  • խեղդող, չոր հազ առանց խորխի:

Հիվանդության ընթացքի առանձնահատկությունները հղիության ընթացքում

Հղի կանանց դեպքում հիվանդությունն ընթանում է նույն կերպ, ինչ մյուսների, միայն այն տարբերությամբ, որ դրա առաջին նշանները ոչ միշտ են տեսանելի լինում: Հղի կանանց հորմոնային ֆոնը փոփոխվում է, բոլոր լորձային արտադրությունները դառնում են ավելի խիտ, որի պատճառով դժվար են դուրս գալիս: Բացի այդ, արյան հոսքի արագացման և անոթների լայնացման պատճառով կնոջ շնչառությունը դժվարանում է, և առաջանում է քթի խցանվածություն: Դե իսկ գլխացավերն էլ համարվում են գերծանրաբեռնվածության նշան: Հենց այստեղ է թաքնված ամենամեծ վտանգը. ժամանակն անցնում է, իսկ հիվանդությունը նախնական փուլերում չբուժելով կարող է վերածվել քրոնիկական ձևի:

Ի՞նչ վտանգներ է կրում հայմորիտը

Հղիության ընթացքում հայմորիտը կարող է վտանգավոր լինել ինչպես մայրիկի, այնպես էլ պտղի համար: Նախ և առաջ շնչառության դժվարանալը նշանակում է, որ վատանում է նաև պտղին թթվածնի մատակարարումը: Դա վատ է անդրադառնում պտղի զարգացման վրա և հանգեցնում է թթվածնաքաղցի: Մայրիկի համար հայմորիտը վտանգավոր է այնքանով, որ բորբոքումը կարող է բարձրանալ վեր՝ հասնելով ուղեղ: Այդ դեպքում կարող են զարգանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մենինգիտը, ուղեղի աբսցեսը և սեպսիսը: Հաճախ հայմորիտն առաջացնում է ատամնացավ, սրտի ռիթմի խանգարումներ և բարձր ճնշում: Այդ պատճառով էլ շատ կարևոր է հիվանդությունը ժամանակին և ճիշտ ախտորոշելն ու բուժումն սկսելը:

Հայմորիտի ախտորոշումն ու բուժումը

Հղիության ընթացքում հայմորիտի ախտորոշումն իրականացվում է տարբեր մեթոդներով՝ կախված հղիության ժամկետներից: Առաջին եռամսյակում խստիվ արգելվում է ռենտգեն հետազոտությունը: Դա սովորաբար փոխարինում են այլ միջամտություններով, օրինակ ծակում են հայմորյան խոռոչները: Այս միջամտության առավելությունն այն է, որ դա ոչ միայն ախտորոշում է հայմորիտը, այլև դրա բուժման բաղադրիչներից մեկն է: Առաջին եռամսյակում բուժումը կատարվում է տեղային միջամտությունների տեսքով: Ընդ որում՝ քթի կաթիլները, որոնք նեղացնում են անոթները, արգլվում են: Իսկ հայմորյան խոռոչների ծակումն ուղեկցվում է կուտակված լորձի դուրս բերմամբ, այնուհետև ներմուծվում է հատուկ լուծույթ, որը թեթևացնում է շնչառությունը և թույլ չի տալիս քթի լորձաթաղանթին չորանալ: Հազվադեպ առաջին եռամսյակում նշաակվում են հակաբիոտիկներ: Մեծամասամբ բուժումն անցկացվում է ավանդական մեթոդներով և պտղին չվնասող բուսական ծագման դեղորայքով:

Երկրորդ և երրորդ եռամսյակներում հայմորիտն ախտորոշվում է ներարկման մեթոդով կամ ռենտգենով: Հազվադեպ նշանակվում է կուկուշկա կոչվող հատուկ միջամտություն, երբ կնոջը պառկացնում են մեջքի վրա և մի քթանցքից ներմուծում են հակաբիոտիկներով լուծույթ, իսկ մյուսից հեռացնում են լորձը հատուկ գործիքի միջոցով: Այդ գործընթացի ժամանակ կինը շարունակաբար կրկնում է կու-կու-կու-կու ձայները, որոնք օգնում են, որպեսզի հեղուկը չլցվի քթըմպան և այդ կերպ թարախը դուրս է գալիս օրգանիզմից:

Հայմորիտի բուժման ավանդական մեթոդները

Հղիության ընթացքում, ինչպես արդեն նշվեց, առավել նախընտրելի են հայմորիտի բուժման ավանդական միջոցները: Դրանք անվնաս են և արդյունավետ, ունեն բուսական ծագում: Այդպիսի միջոցներից մեկը աղային լուծույթով քթի խոռոչի լվացումն է: Այդ ընթացքում խիստ կարևոր է, որ քիթը խցանված չլինի, հակառակ դեպքում հեղուկը կարող է հայտնվել միջին ականջում և օտիտի զարգացման վտանգ առաջացնել: Ավելի անվնաս են երիցուկի և դաղձի թուրմերը: Դրանք հագստացնում են, թողնում հակաբորբոքային ազդեցություն, միզամուղ չեն, չեն թունավորում օրգանիզմը և չունեն հղիության ընթացքում կիրառելու հակացուցումներ:

Հայմորիտի կանխարգելման լավագույն և պարզ միջոց է մրսածության հիվանդությունների ժամանակին բուժումը: Հիվանդությունը ոտքի վրա անցկացնել պետք չէ: Անհրաժեշտ է ամրապնդել իմունային համակարգը հղիության ընթացքում հասանելի միջոցներով: Լավ կլինի թույլ չտալ շնչառական հիվանդություններին զարգանալ մինչև հայմորիտի աստիճան: Անհրաժեշտ է բուժումը ժամանակին կատարել, սառեցումներից խուսափել և ժամանակին վերացնել ալերգիայի նոպաները: