Ջերմային առհոսքը կլիմաքսի ընթացքում

Ինչ է ջերմային առհոսքը
Ջերմային առհոսքը հանկարծակի ծագող և կարճատև շոգի բռնկում է, որը մեծամասամբ զգացվում է դեմքի և կրծքի շրջանում, սակայն կարող է տարածվել նաև ամբողջ մարմնով մեկ: Հաճախ ուղեկցվում է դեմքի կարմրությամբ և առատ քրտնարտադրությամբ: Սովորաբար տևում է 30 վրկ-ից մինչև մի քանի րոպե, ի հայտ է գալիս առավոտյան և երեկոյան ժամերին: Ոմանք գանգատվում են նաև գիշերային բռնկումներից, որոնք առատ քրտնարտադրություն և անքնություն են առաջացնում:
Պատճառները
Ջերմության առաջացման պատճառները դեռևս լիարժեք ուսումնասիրված չեն, սակայն հայտնի է, որ առհոսքն առաջանում է այն ժամանակ, երբ արյան մեջ իջնում է էստրոգենների քանակը:
Բոլո՞ր կանայք են ջերմային առհոսքը նույն կերպ զգում
Ոչ, յուրաքանչյուր կին յուրովի է զգում ջերմության բռնկումը՝ ավելի հաճախ կամ հազվադեպ, թույլ կամ ուժգին: Ավելի ծանր առհոսք են ունենում այն կանայք, ովքեր կաթնագեղձի քաղցկեղ են տարել և Տամոքսիֆեն դեղամիջոցն օգտագործել: Բացի այս, որքան արագ է սկսվում կլիմաքսը, այնքան արտահատված են դրսևորվում դրա ախտանշանները:
Ավելի արտահայտված աղխտանշաններ են ունենում այն կանայք, ովքեր ձվարանների հեռացման վիրահատություն են տարել (վիրաբուժական մենոպաուզա), ինչպես նաև այն դեպքում, երբ մենոպաուզան սկսվել է քիմիաթերապիայի արդյունքում: Հաճախակի և ուժգին ջերմային առհոսք են զգում նաև ծխող և ավելորդ քաշ ունեցող կանայք:
Ե՞րբ կդադարի ջերմային առհոսքը
Եթե սկսել եք ջերմային առհոսք զգալ, ամենայն հավանականությամբ այն կտևի նվազագույնը մեկ տարի, ոմանց դեպքում՝ նվազագույնը հինգ տարի, հազվադեպ՝ յոթից տաս տարի:
Երբ է անհրաժեշտ դիմել բժշկի
Կանանց մեծամասնությունը դեղորայքային բուժման կարիք չի զգում և կարող է ինքնուրույն հաղթահարել խնդիրը: Պետք է անհապաղ դիմել գինեկոլոգի, եթե ջերմային բռնկումները խանգարում են աշխատելուն կամ լիարժեք հանգստանալուն, անքնություն են առաջացնում կամ ուղեկցվում գլխապտույտով, անհանգստության և տագնապի զգացումներով:
Խորհուրդներ, որոնք կօգնեն ինքնուրույն դիմակայել ջերմային առհոսքին
- Հնարավորության դեպքում խուսափեք սթրեսային իրավիճակներից:
- Երկար ժամանակ տրամադրեք հանգստին և պլանավորեք օրը: Դա թույլ կտա խուսափել վազքից և ավելորդ ապրումներից:
- Սուրճ մի խմեք կամ կրճատեք քանակը, կարող եք խմել կոֆեինից զուրկ սուրճ:
- Մի խմեք նաև ոգելից խմիչքներ կամ կրճատեք քանակը՝ հասցնելով նվազագույնի:
- Հրաժարվեք կծու և համեմունքներով հարուստ ուտեստներից:
- Մի ծխեք:
- Խուսափեք շոգ վայրերից:
- Եթե նկատել եք, որ ջերմային առհոսքն ի հայտ է գալիս որոշակի իրավիճակներում (երբ րոշակի վայրում եք, որոշակի ուտեստ եք ուտում, որոշակի ըմպելիք խմում և այլն), խուսափեք դրանցից:
- Եթե ջերմային առհոսքն սկսվում է գիշերը, ապա նախքան քնելը օդափոխեք սենյակը և զով պահեք այն:
- Եթե շատ եք քրտնում գիշերը, բամբակից գիշերանոց հագեք և ավելի բարակ ծածկոցով քնեք:
- Օգտագործեք միայն բամաբակե սավաններ:
- Քնելուց առաջ սառը լոգանք ընդունեք: Փորձեք շատ զբոսնել. անգամ ամեն օր 15 րոպե զբոսանքը կարող է հազվադեպ դարձնել ջերմային առհոսքը:
- Ավելի օգտակար կլինի բարձրանալ աստիճաններով, քան վերելակով: Չարժե թերագնահատել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. այն օգնում է նվազեցնել առհոսքի հաճախականությունը, ինչպես նաև անքնության, քրոնիկական հոգնածության ռիսկը, մարզում են սիրտը և այլն:
- Երբ զգում եք առհոսքը մոտենում է, նստեք և մի քանի անգամ խորը շունչ քաշեք:
- Հրաժարվեք տաք լոգանքից, շոգեբաղնիքից:
- Մշտապես սառը ջուր ունեցեք ձեզ մոտ:
- Հաճախեք յոգայի կամ մերսման:
Ջերմային առհոսքի բուժումը
Էստրոգեններով հորմոնային թերապիան համարվում է կլիմաքսի ընթացքում ջերմային առհոսքի բուժման արդյունավետ միջոց է: Խորհրդակցել բժշկի հետ:
Փոխարինող հորմոնային թերապիա
«Փոխարինող» հասկացությունը նշանակում է, որ նշանակվող հորմոնային բուժումը լրացնում է սեռական հորմոնների այն պակասը, որն ունի կինը կլիմաքսի ընթացքում: Դրա շնորհիվ հնարավոր է ոչ միայն հաղթահարել ջերմային առհոսքի խնդիրը, այլև մենոպաուզայի մյուս ախտանշանները՝ հեշտոցի չորություն, տրամադրության անկում, սեռական ցանկության անկում, կալցիումի հեռացում ոսկորներից և այլն: Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Ամփոփում
Բնական երևույթ է, որ ջերմային առհոսք եք զգում և հարկավոր չէ դիմել բժշկի, եթե այն չի խաթարում ձեր կյանքի բնականոն ընթացքը: Կարող եք ինքնուրույն լուծել այդ խնդիրը՝ ուշադրություն դարձնելով ձեր սննդին և ապրելակերպին: Եթե ջերմային բռնկումներն ուժգին են և հաճախ կրկնվող, ապա հնարավոր է, որ բժիշկը դեղորայքային բուժում նշանակի: