Բեղմնավորումը և ոգելից խմիչքները
Հղիության պլանավորման ընթացքում օգտագործել ոգելից խմիչք, թե ոչ: Այս հարցին յուրաքանչյուր ոք անկասկած յուրովի կպատասխանի: Ոմանք կասեն, որ դատելով բազմաթիվ ամուսինների դրական արդյունքից՝ օրվա ընթացքում 1 բաժակ գինին ոչ միայն չի վնասի բեղմնավորմանը, այլև կմեծացնի վերջինիս հավանականությունը, մյուսներն էլ, հիմնվելով բժիշկների մեծամասնության կարծիքի վրա, կպնդեն հակառակը: Ո՞րն է ճիշտը: Փորձենք հասկանալ:
Ալկոհոլի ազդեցությունն օրգանիզմի վրա
Բոլորին է հայտնի, որ ալկոհոլը վնասակար է, և որքան թույլ ու երիտասարդ է օրգանիզմը, այնքան ուժգին է նրա կործանարար ազդեցությունը: Ներթափանցելով արյան մեջ՝ ալկոհոլը «սոսնձում» է էրիթրոցիտները, որոնք խցանում են գլխուղեղի անոթները, և առաջացնում թույլ հարբածության, որն իրականում բջիջների թթվածնաքաղց է:
Ապացուցված է, որ ալկոհոլը կանանց վրա ավելի արագ է ազդում և ավելի կործանարար հետևանքներ ունենում, քան տղամարդկանց վրա, ինչև պայմանավորված է ֆիզիոլոգիական առանձնահատկություններով. կանանց լյարդն ավելի քիչ վերամշակող ֆերմենտ՝ ալկոհոլդիհիդրոգենեզ է արտադրում, այդ պատճառով էլ նրանք ավելի արագ են հարբում, ալկոհոլի միևնույն չափաբաժինն ավելի ուժեղ թունավոր ազդեցություն է թողնում կանանց օրգանիզմի վրա, քանի որ ջրի քանակը նրանց օրգանիզմում ավելի քիչ է:
Ընդ որում՝ որպեսզի օրգան-համակարգերում փոփոխություններ կատարվեն, ամենևին էլ պարտադիր չէ չափազանց շատ խմել: Դրա համար բավական է նունիսկ շաբաթական մի քանի անգամ ընկերների հետ հանդիպման կամ խնջույքի ժամանակ փոքր քանակությամբ ոգելից խմիչք օգտագործել: Դրա արդյունքում հնարավոր է առաջանալ՝
- սրտանոթային համակարգի խնդիրներ,
- լյարդի և ենթաստամոքսային գեղձի քրոնիկական հիվանդություններ,
- չարորակ ուռուցքներ,
- դիմադրողականության զգալի անկում,
- հիպերտոնիա,
- նյարդային և հոգեկան հիվանդություններ,
- վերարտադրողական աշխատանքի խանգարումներ և այլն:
Ալկոհոլը և տղամարդու պտղաբերությունը
Բազմաթիվ տղամարդիկ կարծում են, որ ալկոհոլը որևէ կերպ չի անդրադառնում իրենց վերարտադրողական համակարգի և բեղմնավորելու կարողության վրա, սակայն սա թյուր պատկերացում է:
Ալկոհոլի հաճախակի օգտագործման հետևանքով վնասվում են հիպոֆիզի և հիպոթալամուսի բջիջները, ինչը կարող է նյարդային համակարգի գործունեության խանգարման, ինչպես նաև իմպոտենցիայի պատճառ դառնալ:
Ալկոհոլը նվազեցնում է արական հորմոնի՝ տեստոստերոնի քանակը, ինչի հետևանքով խանգարվում է հորմոնային հավասարակշռությունը, փոփոխվում է կազմվածքը և նվազում է պտղաբերությունը:
Ոգելիչ խմիչքների անգամ փոքր քանակը վնասակար ազդեցություն է թողնում արական սեռական գեղձերի վրա՝
- առաջանում է անոթների թրոմբոզ,
- չորանում են սերմնատար ուղիների ծորանները,
- խանգարվում է սեռական բջիջների հասունացման գործընթացը,
- նվազում է սերմնաբջիջների քանակը և կենսունակությունը:
Սերմնաբջիջներից շատերն ալկոհոլի հետևանքով ձեռք են բերում քրոմոսոմների արատավոր հավաքակազմ և սխալ կազմություն, ուստի չեն կարող բեղմնավորել ձվաբջիջը: Բացի այս, ալկոհոլը մեծացնում է հղիության վաղ փուլերում ինքնաբերաբար կատարվող վիժումների հավանականությունը: Սա առաջին հերթին պայմանավորված է սեռական բջիջների գենետիկական անոմալիաներով և սաղմի զարգացման խանգարումներով, ինչը մասամբ կարող է ալկոհոլային թունավորման հետևանք լինել:
Ալկոհոլը և կանանց պտղաբերությունը
Ալկոհոլի նկատմամբ ունեցած զգայունակության պատճառով անգամ դրա փոքր քանակությունը կարող է մեծ վնաս հասցնել կնոջ օրգանիզմին: Ոգելից խմիչքների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել՝
- դաշտանային ցիկլի խանգարումների,
- հորմոնային փոփոխությունների (տեստոստերոնի մակարդակի բարձրացում, վահանագեղձի խնդիրներ),
- ավելորդ քաշի կուտակման,
- կաթնագեղձերի հիվանդությունների,
- բեղմնավորման կարողության նվազման և այլն:
Հղիություն պլանավորելիս հարկավոր է հաշվի առնել, որ ալկոհոլը խստիվ հակացուցված է ոչ թե ընկերքի և պորտալարի ձևավորումից հետո , ինչպես կարծում են շատերը, այլ սաղմի՝ արգանդի պատին ամրանալուց հետո:
Խմե՞լ, թե՞ ոչ
Ոգելից խմիչքներ օգտագործել կամ չօգտագործելը խիստ անհատական է. չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրը տարբեր կերպ է վերաբերվում իր առողջությանը, և ոչ ոք չի կարող կանխատեսել արդյոք մի փոքր բաժակ գարեջուրը կվնասի իր առողջությանը, թե ոչ: Ուստի հղիություն պլանավորելիս բազմաթիվ մասնագետներ խորհուրդ են տալիս լիովին հրաժարվել կամ գոնե նվազագույնի հասցնել ալկոհոլը, որպեսզի չվնասեն փոքրիկին:
Այդուհանդերձ ցանկալի է, որ տղամարդիկ լիովին հրաժարվեն սպիրտային խմիչքներից ենթադրայլ բեղմնավորումից դեռևս 3-4 ամիս առաջ, իսկ կանայք՝ գոնե ձվազատումից հետո (հերթական դաշտանից մոտավորապես 2 շաբաթ առաջ) և իհարկե հղիության հաստատումից հետո:
Հիշեք, որ ալկոհոլի յուրաքանչյուր գրամը կարող է որոշել ձեր ապագա երեխայի ճակատագիրը: Մտածեք, արժե՞ ռիսկի դիմել: