Ինտիմ հիգիենայի գաղտնիքները

Ինտիմ հիգիենայի գաղտնիքները

Ամեն օր որոշակի ժամանակ հատկացնելով լոգանքին և ատամները մաքրելուն՝ հաճախ մոռանում ենք ինտիմ հատվածների հիգիենայի մասին: Ինտիմ հիգիենայի պահպանումն ուղղակիորեն կապված է վերարտադրողական առողջության պահպանման հետ, սակայն հաճախ պարզապես ամաչում ենք բժշկին հարցնել այդ նուրբ խնամքի ճիշտ ձևը:

Ինտիմ հիգիենայի հիմնական կանոնները

Իգական սեռական օրգանները նախասահմանված են բեղմնավորման և երեխա լույս աշխարհ բերելու համար, և այդ համակարգի աշխատանքում ցանկացած շեղում կարող է հանգեցնել լուրջ խանգարումների:

Արգանդի խոռոչը մաքուր է և այնտեղ հիվանդածին միկրոօրգանիզմների ներթափանցմանը խոչընդոտում են լակտոբակտերիաները, որոնք առկա են հեշտոցում և պահպանում են նրա միջավայրի թթվայնությունը: Եթե ինչ-ինչ պատճառներով հեշտոցի թթվայնությունն իր տեղը զիջում է ալկալայինի, ապա լակտոբակտերիաների քանակը շեշտակի նվազում է, և նրանց փոխարեն այլ մանրէներ են առաջանում, որոնք կարող են հայտնվել արգանդի խոռոչում և հանգեցնել բորբոքման, հետագայում՝ նաև խնդիրների հղիության ընթացքում:

Այսպիսի իրավիճակ կարող է հարուցվել տարբեր պատճառներով և դրանցից մեկն է հիգիենայի կանոնների խախտումն է կամ էլ ինտիմ հատվածների չափից շատ մաքրումը: Ուստի սեփական առողջությանը չվնասելու համար հարկավոր է որոշակի կանոններ պահպանել:

1. Կանոնավոր լվացվեք

Լվացվել պետք է օրվա ընթացքում առնվազն 2 անգամ, կատարյալ դեպքում՝ ամեն անգամ զուգարան գնալուց հետո: Եթե չկա այդպիսի հնարավորություն, ապա կարող եք օգտվել թաց անձեռոցիկներից: Արտաքին սեռական օրգանները պետք է լվանալ նախապես օճառով լվացված ձեռքերով, առանց սպունգի, առջևից հետ ուղղությամբ՝ հետանցքից վարակը հեշտոց չփոխանցելու նպատակով: Լվացվելուց հետո նուրբ հատվածները չվնասելու համար պետք է սրբվել անձնական սրբիչի թեթև հպումներով:

2. Լվացեք միայն արտաքին սեռական օրգանները

Որոշ կանայք լվանում են ոչ միայն սեռական օրգանների արտաքին լորձաթաղանթը, այլև ցնցուղի օգնությամբ կատարում են ներլվացումներ: Չի կարելի այդպես անել: Իմացեք, որ ավելորդ հիգիենան խախտում է հեշտոցի միկրոբիոցենոզը: Ներլվացում կարելի է կատարել միայն այն դեպքերում, եթե բժիշկն է խորհուրդ տվել:

3. Անհրաժեշտության դեպքում օգտագործեք միայն հատուկ միջոցներ

Բազմաթիվ մասնագետներ խորհուրդ են տալիս սեռական օրգանները լվանալ միայն մաքուր, տաք ջրով, սակայն մի շարք հիվանդությւոնների դեպքում բժիշկը կարող է ինտիմ հիգիենայի որոշակի միջոցներ խորհուրդ տալ, օրինակ՝ հեղուկ օճառ, գել, քսուք կամ մուս՝ պատրաստված դեղաբույսերից (երիցուկ, հալվե (ալոե), արևքուրիկ (զվերաբոյ), ուրց և այլն), կամ կաթնաթթու: Ոչ մի դեպքում չի կարելի սովորական օճառ օգտագործել, հատկապես հակամանրէային կամ լվացքի օճառ. այն չորացնում է սեռական օրգանների լորձաթաղանթը և թթվայնության խանգարումներ հարուցում:

4. Բամբակյա ներքնազգեստ հագեք

Բնական հումքից կարված հարմարավետ ներքնազգեստը մաշկին թույլ է տալիս շնչել: Սինթետիկ ներքնազգեստը, ինչպես նաև սթրինգ տեսակը հաճախ է գինեկոլոգիական հիվանդությունների պատճառ դառնում: Ներքնազգեստը պետք է փոխել ամեն օր:

5. Զգույշ եղեք ամենօրյա միջադիրների հարցում

Որպեսզի ամենօրյա միջադիրները խնդիրներ չառաջացնեն, պետք փոխել դրանք ամեն անգամ զուգարան գնալուց հետո: Բացի այս, ընտրեք առանց հավելյալ բուրմունքի միջադիրները. Քիմիական բուրումնավետ նյութերը հաճախ ալերգիկ ռեակցիաների և սնկային հիվանդությունների պատճառ են դառնում:

6. Լողավազան այցելելուց կամ ջրամբարներում (ծով, լիճ) լողալուց հետո խոնավ լողազգեստով երկար մի մնացեք

Խոնավությունը կատարյալ միջավայր է հիվանդածին մանրէների առաջացման համար: Ջրից դուրս գալուց անմիջապես հետո չոր, մաքուր հագուստ հագեք:

7. Զգույշ եղեք ինտիմ հատվածների մազահեռացման հարցում

Օգտվեք միայն մեկանգամյա օգտագործման սափրիչից, որպեսզի բացառեք վարակումից, իսկ սափրելուց հետո լվացվեք տաք ջրով և ինտիմ հիգիենայի հատուկ միջոցներով:

Հիգիենան «հատուկ օրերի» ընթացքում

Դաշտանը հատուկ շրջան է կնոջ համար, քանի որ այդ օրերի ընթացքում հեշտոցի ֆլորայի պաշտպանական գործառույթը թուլանում է, ուստի հիմնական կանոններից բացի այդ ընթացքում պետք է՝

  • փոխել միջադիրը օրը մի քանի անգամ, տամպոնը՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ և գիշերվա ընթացքում օգտագործել ոչ թե տամպոն, այլ միջադիր, 
  • որոշ ժամանակով հրաժարվել սեռական կյանքից, ինչպես նաև լողավազանում կամ ջրամբարում լողալուց, որպեսզի խուսափեք վարակումից: 

Հիգիենան հղիության ընթացքում

Հղիության ընթացքում ինտիմ հիգիենայի առանձնահատուկ կանոններ չկան, որոնք էապես տարբերվեն սովորական կանոններից, սակայն կան մի շարք հանգամանքներ, որ ապագա մայրերը պետք է իմանան:

  • Ցանկալի չէ վաննայում լողանալ:
  • Սնկային հիվանդությունների կրկնման հակում ունեցող կանայք պետք է լվացվեն ինտիմ հիգիենայի՝ կաթնաթթու պարունակող միջոցներով՝ նախապես խորհրդակցելով բժշկի հետ:
  • Հղիության ընթացքում ցանկալի է չօգտվել ամենօրյա միջադիրներից, որոնք կարող են գրգռել մաշկը:

Միշտ հիշեք, որ իգական սեռական օրգանների ինտիմ հիգիենան նույնքան, եթե ոչ ավելի կարևոր է, քան մարմնի այլ հատվածների հիգիենան: Հետևելով հիմնական կանոններին՝ կպահպանեք առողջությունը և միշտ ցանկալի ու գրավիչ կլինեք ձեր տղամարդու համար:

 

Աղբյուրը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …