Այլ նյութեր
Դաշտանային ցիկլի ազդեցությունը կնոջ առողջության վրա
Շատ դեպքերում դաշտանային ցիկլից է կախված, թե կինն ինչպես կարձագանքի այս կամ այն իրադարձությանը: Ինչպես հայտնում է Medical News Today-ը, Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ հոգեկան խնդիրները հնարավոր է լուծել, եթե բուժումն սկսվի դաշտանային ցիկլի որոշակի օրերին: Հայտնի է, որ վատ տրամադրության և տագնապի դեպքում մարդ ավելի է տրվում տխուր և տանջող մտքերի: Հաճախ դա լինում է այն դեպքում, երբ մարդն ուժգին սթրես է տարել:
Որպեսզի պարզեն, թե ինչպես է գործում այդ մեխանիզմը, բրիտանացի գիտնականները հետազոտեցին 41 կնոջ, որոնց տարիքը 18-35 տարեկան էր: Բոլոր հետազոտվողների դաշտանային ցիկլը բնականոն էր, բացի այդ չէին օգտագործում որևէ բեղմնականխիչ: Յուրաքանչյուր մասնակցի գիտնականները մի տհաճ տեսանյութ էին ցույց տալիս, որից հետո հետազոտման և սթրեսի հորմոնի մակարդակը որոշելու համար վերցվում էր նրանց թուքը:
Եզրափակիչ փուլում մասնակիցներին հարցնում էին արդյո՞ք նրանք տագնապային մտքեր են ունենում: Դրական պատասխանի դեպքում հետազոտողները հետաքրքրվում էին, թե ինչ պարբերականությամբ են այդ մտքերը ծագում: Ինչպես պարզվել է, կանայք, ովքեր լյուտեինային վաղ շրջանում էին, ինչը համընկնում է դաշտանի սկզբից հաշված 16-20-րդ օրերին, 3 անգամ ավելի շատ էին հակված տագնապածին մտքերի, քան մյուսները:
Այս բացահայտումը կարող է օգտագործվել հոգեթերապիայում, հատկապես հետտրավմատիկ սթրեսային խանգարման բուժման ընթացքում: Բացի հոգեբանական բնույթի խնդիրներից, հնարավոր է, որ դաշտանային ցիկլի հետևանքով սրվեն նաև ասթմայի ախտանշանները և բարձրանա ոտքերի անոթների վնասման վտանգը: