Կանդիդոզ. սնկային հիվանդություն

Կանդիդոզ. սնկային հիվանդություն

Հեշտոցի կանդիդոզը շեքի և հեշտոցի բորբոքումն է, որն առաջանում է լորձաթաղանթի՝ Candida սնկերի ախտահարումից: Այդ միկրոօրգանիզմներն առկա են առողջ մարդու օրգանիզմում՝ հեշտոցի, հաստաղիքի և բերանի խոռոչի նորմալ միկրոֆլորայի կազմության մեջ: Սնկային հիվանդությունը առաջանում է հենց այդ սնկերի բազմացման հետևանքով: Հիվանդության ժամանակ արտադրությունները կաթնաշոռանման են, և հենց այստեղից էլ առաջացել է կանդիդոզի ժողովրդական անվանումը` կաթնախտ (молочница):

Կանանց 80% -ն իր կյանքում գոնե մեկ անգամ հիվանդանում է կանդիդոզով, իսկ որոշների օրգանիզմի հակվածության պատճառով կանդիդոզն ավելի հաճախակի է առաջանում՝ սրվելով դիմադրողականության թուլացման շրջանում: կանդիդոզն առավելապես կանանց հատուկ հիվանդություն է, քանի որ սուր կերպով հենց կանանց օրգանիզմում է դրսևորվում: Տղամարդիկ նույնպես հիվանդանում են կանդիդոզ, բայց ավելի քիչ: Կանդիդոզը վեներական հիվանդությունների շարքին չի դասվում:

Հիվանդության տեսակները

  • Տանելի կանդիդ, երբ հիվանդության ախտանշաններ չկան, սակայն հեշտոցային քսուքի մեջ հայտնաբերվում են սնկեր:
  • Կանդիդոզի սուր ձև` հիվանդությունն ընթանում է ոչ ավել, քան երկու ամիս, արտահայտվում է սուր կերպով, նկատելի են կանդիդոզին հատուկ բոլոր նշանները:
  • Քրոնիկ կանդիդոզ` հիվանդությունը տևում է երկու ամսից երկար, նշանները սուր չեն:

Եթե այցելուի մոտ մեկ տարվա ընթացքում չորս անգամ հայտնաբերվում է կանդիդոզ, ապա ախտորոշվում է կրկնվող քրոնիկ կանդիդոզ: Երբեմն հիվանդությունը կարող է կրկնվել բուժումից ընդամենը մի քանի օր հետո:

Կանդիդոզի զարգացման գործոններն ու պատճառները

  • Սթրեսի հետևանքով ընդհանուր դիմադրողականության անկում, եղանակային փոփոխություններ, երկարատև հիվանդություններ, նախադաշտանային համախտանիշ: 
  • Հակամանրէային միջոցների ընդունում (դրանք ավերիչ են ոչ միայն ախտածին, այլև օրգանիզմի համար օգտակար մանրէների համար, ստեղծում են բարենպաստ պայմաններ կանդիդոզի զարգացման համար):  
  • Հղիությունը
  • Շաքարային դիաբետ 
  • ՄԻԱՎ վարակ 
  • Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ 
  • Տեղային հակաբեղմնավորիչների օգտագործում (քսուքներ, մոմիկներ, հաբեր) 
  • Աղիքի դիսբիոզ (դիսբակտերիոզ)
  • Փոքրկոնքի օրգանների բորբոքում 
  • Հեշտոցային ցնցուղումներ 
  • Հիգիենայի խախտում
  • Որդային ինվազիաներ 
  • Քաղցր, ածխաջրային ուտելիքի չարաշահում 
  • Տարբեր սեռական զուգընկերի առկայություն (սեռական հարաբերությունն առանց պաշտպանվելու և հաճախակի սեռական զուգընկերոջը փոխելը կնոջ սեռական ոլորտ բերում է նոր մանրէներ, նրա դիմադրողականությունն սկսում է պայքարել դրանց դեմ, դիմադրողականության համակարգի ռեսուրսները պակասում են, ապա առաջանում է կանդիդոզ):

Ախտանշաններ

Կանդիդոզը կանանց օրգանիզմում 

  • Հեշտոցից ցավոտ, կաթնաշոռանման և փշուրանման կապուկներով արտադրություն, որն ունենում է թթվային, տհաճ հոտ: 
  • Սեռական օրգաններում քոր և այրոց: 
  • Կանդիդոզի քրոնիկ դրսևորման դեպքում քորը կարող է լինել միակ նշանը և կարող է ավելի ուժեղանալ սեռական հարաբերությունից հետո: Սեռական հարաբերության, միզելու ժամանակ ցավեր:

Ախտորոշումը

Քսուքի՝ արտադրության մանրէաբանական հետազոտում, հակասնկային միջոցների հանդեպ զգայունության ստուգում և այլն:

Բուժումը

Կանդիդոզ վուլվովագինիտի (արտաքին սեռական օրգանների և հեշտոցի ախտահարում ) թեթև արտահայտվածության դեպքում առավել հաճախ բուժում են տեղային կերպով` հեշտոցային հաբերի, մոմիկների, կլոտրիմազոլի հիմքով քսուքների միջոցով (Կանդիբենե, Կլոտրիմազոլ-Դ 100 և այլն): Այդ դեղերը խորը մտցվում են հեշտոցի մեջ. առավել հաճախ դա արվում է գիշերը և լվացումից հետո: Կարող են նշանակվել դեղեր խմելու համար: Կախված հիվանդության խորության աստիճանից՝ պետք է նշանակվի անհատական բուժում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հաճախ նշանակվում է նաև ընդհանուր վերականգնողական, դիմադրողականությունը բարձրացնող բուժում:

Հաճախ անմիջապես բուժման սկզբից կանդիդոզի նշանները սկսում են թուլանալ և մինչև բուժման ավարտը լրիվ վերանում են: Բայց թերապիայի կուրսը պետք է անպայման հասցնել ավարտին, որպեսզի հիվանդությունը չկրկնվի: Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ: Բոլոր միջոցները՝ թե ներքին և թե արտաքին ընդունման, պետք է նշանակվեն բժշկի կողմից միայն հետազոտումից հետո, քանի որ կանդիդոզի քողի տակ կամ դրա հետ միասին կարող են լինել նաև բոլորովին այլ վարակներ:

Տղամարդկանց կանդիդոզը կարող է ընդհանրապես չարտահայտվել կամ արտահայտվել հետևյալ ախտանշաններով՝

  • այտուցներ և քոր առնանդամի շրջանում և գլխիկի վրա, սպիտակ փառ,
  • սեռական հարաբերության և միզելու ժամանակ ցավ: 

Կարդացեք՝ Կանդիդոզը տղամարդկանց դեպքում

Տղամարդկանց նույնպես նշանակվում են հակասնկային դեղամիջոցներ և այլն: Այցելությունը բժշկին պարտադիր է: Անհրաժեշտ է բացառել հիվանդության և սեռավարակների համակցումը:

Կանխարգելումը

  • Արտաքին լվացման ժամանակ ջուրն ուղղել և ձեռքի շարժումներով տանել առջևից դեպի հետ և ոչ հակառակը, որպեսզի վարակը ուղիղ աղիքից չտարածվի: 
  • Չանել ներլվացումներ և չլվանալ հեշտոցը լողանալու ժամանակ: 
  • Հակամանրէային բուժման ընթացքում անպայմանորեն պետք է նշանակվեն հակասնկային միջոցներ կանդիդոզի առաջացումը կանխելու համար: 
  • Կրել բամբակյա ներքնազգեստ: 
  • Լվացման ժամանակ չօգտագործել հոտավետ օճառ կամ լոգանքի գել, այլ միայն հատուկ չեզոք ինտիմ գելեր:
  • Չօգտագործել հոտավետ միջադիրներ, ինտիմ դեզոդորանտներ:
views 239408
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը