Հղիության 10-րդ շաբաթ
Տասներորդ շաբաթով ավարտվում է հղիության զարգացման առավել բարդ և կրիտիկական շրջաններից մեկը։ Հենց առաջին 8-10 շաբաթների ընթացքում է վտանգավոր բացասական ազդեցություն թողնող ցանկացած գործոն (սթրեսները, մոր հիվանդությունները, դեղորայքի ընդունումը և այլն)։ Այդ բոլորը կարող են կործանարար ներգործություն ունենալ ապագա երեխայի ներքին օրգանների կազմավորման և զարգացման վրա։
Տասներորդ շաբաթում է ամբողջովին ձևավորվում և սկսում գործել ընկերքը, որը պատասխանատու է նյութափոխանակության և պտղին վնասակար նյութերի ազդեցությունից պաշտպանելու համար։ Այդ նշանակում է, որ զարգացման կրիտիկական փուլն անցել է, սակայն պետք չէ կորցնել զգոնությունը, առջևում դեռ ամիսներ կան։
Պտղի զարգացումը
Սաղմի երկարությունը 30-40 մմ է, զանգվածը՝ 8գ: Գլխի արտաքին ձևը, դեմքը նմանվում է մարդու: Գլուխը կլորացած է և ձգված: Կոպերն ավելի զարգացած են: Ամբողջապես ձևավորված է արտաքին ականջը: Ձևավորված է նաև վերին շրթունքը: Ի հայտ են գալիս լեզվի համային ընկալիչները (ռեցեպտորները):
Ավարտին է մոտենում սրտի զարգացման ճգնաժամային փուլը: Վերին ու ստորին վերջույթները լավ ձևավորված են: Մատները երկարում են, բոլորն առանձնացած են: Ոտնաթաթերը շարունակում են երկարությամբ աճել: Մանկիկն արդեն շարժվում է, կարող է ձեռքերը գլխին, դեմքին, բերանին մոտեցնել, բերանը բացուխուփ անել, կլլել:
Սեռական օրգանների շրջանի մաշկն սկսում է զգայուն դառնալ, աղջիկների դեպքում ձևավորվում է ծլիկը, տղաների դեպքում՝ առնանդամը: Մինչ այդ առկա պոչուկը հետ է զարգանում: Պտղի ենթաստամոքսագեղձը ձևավորվում է 3-րդ ամսում՝ շարունակելով զարգանալ ամբողջ ներարգանդային կյանքի ընթացքում:
Ինսուլինը կանոնակարգում է նյութափոխանակության բոլոր տեսակները, գլխավորապես՝ պտղի բջջաթաղանթների թափանցելիությունն ամինաթթուների հանդեպ: Պտղի էրիթրոցիտներում ի հայտ են գալիս արյան խումբը պայմանավորող տարբեր ագլյուտինոգեններ: Սկսվում է կաթնատամների զարգացումը:
Կնոջ օրգանիզմը
Արգանդն աստիճանաբար մեծանում է։ Տեղակայված է ցայլքային ոսկորից փոքր-ինչ վեր։ Հնարավոր է, որ մաշկի վրա պիգմենտներ ի հայտ գան։ Զգալիորեն խթանվում է մազերի աճը ( որովայնի, կրծքի, դեմքի վրա), ինչը բնական է համարվում, քանի որ հորմոնային վերակառուցման հետևանքն է։ Մազերն ինքնուրույն կանհետանան ծննդաբերությունից հետո առաջին 2-4 ամսվա ընթացքում։
Կարդացեք՝ Պիգմենտային բծերի առաջացման պատճառները հղիության ընթացքում
Զգացողությունները
Տասներորդ շաբաթում սրտխառնոցը գուցե շարունակվի, նույնիսկ՝ ավելի սրվի, ուստի պետք է համբերությամբ զինվել և հետևել բժշկի խորհուրդներին։ Սրտխառնոցին և փսխմանը կարող է միանալ նաև այրոցը, որն առաջանում է, երբ կերակրափողը որովայնից բաժանող մկանները կրճատվում են՝ ստամոքսի պարունակությանը թույլ տալով բարձրանալ կերակրափող։ Ստամոքսահյութն սկում է գրգռել կերակրափողի զգայուն լորձաթաղանթը, և կինն այդ զգում է որպես այրոց (երբեմն էլ ցավ)։
Հաճախաի է դառնում միզարձակումը, քանի որ մեծացող արգանդն սկսում է ճնշել միզապարկը։