Ամեն ինչ առաջին դաշտանի (մենարխե) մասին
Հասունացման շրջան
27865
Ամեն ինչ առաջին դաշտանի (մենարխե) մասին
Ե՞րբ պետք է սկսվի այն, ինչ ակնկալել և արժե արդյոք անհանգստանալ
Երբ պետք է սկսվի ձեր դաշտանի շրջանը
Այս հարցին ճշգրիտ պատասխան չկա: Ենթադրվում է, որ մենարխեն (ինչպես բժիշկներն անվանում են դաշտանի սկիզբը, կազմված է հունարեն բառերից, որոնք թարգմանվում են որպես «ամիս» և «սկիզբ») տեղի է ունենում մոտ 12 տարեկան հասակում: Բայց այս թիվը միջին ցուցանիշների շարքից է: Իրականում շատ ավելի փոփոխական է. որոշ աղջիկների մոտ դաշտանային շրջանը կարող է սկսվել 8 տ․-ից, մյուսների մոտ՝ 16-ից, և դա նույնպես նորմալ է: Աղջիկների մեծամասնություն մոտ դաշտանը սկսվում է 10-15 տարեկան հասակում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարմին ունի իր անհատական ժամանակացույցը։
Ինչով է պայմանավորված դաշտանի սկիզբը
Դաշտանի սկիզբը կապված է հորմոնալ մակարդակի փոփոխությունների հետ: Երբ աղջիկը մեծանում է, նրա մարմինը վերակառուցվում է` նախապատրաստվելով մայրությանը: Ձվարանները սկսում են ակտիվորեն արտադրել էստրոգեն և պրոգեստերոն: Այս հորմոններն իրենց հերթին հանգեցնում են մարմնի փոփոխության. առաջանում են մազիկներ սեռական օրգանների հատվածում և թևաթակին, մեծանում է կուրծքը: Բացի այդ, արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիում) աստիճանաբար խտանում է՝ պատրաստվելով ստանալ բեղմնավորված ձվաբջիջ: Եթե ձվաբջիջ չկա, էնդոմետրիումը մերժվում է և դուրս է գալիս. ահա թե ինչպես է առաջանում դաշտանը: Մեծահասակ աղջիկների և կանանց մոտ այս գործընթացն ըստ ցիկլի կրկնվում է ամիսը մեկ անգամ: Միջինում առաջին դաշտանը տեղի է ունենում կրծքագեղձի աճից մոտ 2 տարի անց կամ հեշտոցային սպիտակ արտադրությունից մեկ տարի անց:
Այնուամենայնիվ, կան այլ նշաններ, որոնք ենթադրում են մենարխեի մոտալուտ սկիզբ:
Ինչպես հասկանալ, որ շուտով կսկսվի առաջին դաշտանը
Մենարխեի մոտենալու ախտանիշները համընկնում են նախադաշտանային համախտանիշի հետ:
Դրանք են՝
-ակնեների առաջացում, մաշկի գրգռում
-ցավ կրծքագեղձերում
-փքվածություն
-աթոռակի խանգարումներ՝ փորկապություն կամ փորլուծություն
-հոգնածության զգացում, հոգնածության ավելացում
-ավելորդ հուզականություն, դյուրագրգռություն
-սննդի, հատկապես քաղցրավենիքի պահանջ
- թափանցիկ կամ սպիտակ արտադրություն հեշտոցից
Այնուամենայնիվ, ոչ բոլոր աղջիկներն ունեն ախտանիշներ: Երբեմն դաշտանը պարզապես սկսվում է՝ առանց նախազգուշական նշանների:
Որքա՞ն է տևում առաջին շրջանը:
Ամեն ինչ անհատական է: Ոմանց համար առաջին շրջանը սահմանափակվում է ներքնազգեստի վրա արյան մի քանի կաթիլով: Այլ աղջիկների շրջանում դաշտանը կարող է տևել 5-6 օր և բավականին առատ, ինչպես մեծահասակների մոտ:
Դաշտանային ցիկլի պարբերականությունը անհատական է:
Ամսական ցիկլը կարող է հաստատվել անմիջապես, իսկ հետո հաջորդ դաշտանը կարող է սկսվել առաջինից 4-5 շաբաթ անց: Բայց ընդհատումներ նույնպես հնարավոր են, երբեմն`մի քանի ամսվա ընթացքում: Ամեն դեպքում, դաշտանից 2-3 տարի անց այն դառնում է կանոնավոր և կրկնվում է ամիսը մեկ անգամ: Սա ենթադրում է, որ աղջիկը լիովին հասունացել է, և օրգանիզմը հետագայում պատրաստ է մայր դառնալուն:
Ինչ անել, եթե առաջին դաշտանն ուշանում է։
Կապվեք գինեկոլոգի հետ, եթե աղջիկն արդեն 16 տարեկան է, և նրա դաշտանային շրջանը չի սկսվել: Արժե նաև խորհրդակցել բժշկի հետ, եթե դեռահասը 14 տարեկան է, և դեռ սեռական հասունացման նշաններ չկան՝ չեն աճում մազեր սեռական օրգանների և անութային հատվածում, չեն մեծանում կրծքերը։
Կան դաշտանի ուշացման բազմաթիվ պատճառներ.
․ անբավարար քաշ՝ ներառյալ թերսնուցում,
․ չափից շատ ֆիզիկական ակտիվություն: Սա կարող է լինել, օրինակ, չափազանց ակտիվ պարը, ռիթմիկ մարմնամարզությունը, աթլետիկան,
․ սթրես,
․ հորմոնալ անհավասարակշռություն,
․ սեռական օրգանների զարգացման խանգարումներ:
Բժիշկը զննում է երեխային, հետաքրքրվում է նրա կենսակերպով, առաջարկում է որոշակի անալիզներ հանձնել:
Կախված հետազոտության արդյունքից՝ մանկաբույժը ձեզ կհուշի հետագա անելիքները, կամ էլ աղջկան կուղարկի մասնագետի մոտ՝ սննդաբան, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, հոգեթերապևտ և այլն:
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ առաջին դաշտանի ընթացքում և հետագայում
Առողջ աղջիկների մեծամասնությունը դաշտանային խնդիրներ չունի: Բայց, այնուամենայնիվ, խնդիրներ երբեմն կարող են լինել:
Կապվեք ձեր մանկաբույժի կամ գինեկոլոգի հետ, եթե՝
․ դաշտանը տևում է մեկ շաբաթից ավելի,
․ արյունը չափից շատ է, օրինակ՝ եթե ստիպված եք փոխելու ամբողջությամբ լցված երկու և ավելի միջադիր մեկ ժամվա ընթացում:
․ դաշտանային արտադրությունը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի, բայց դրանք դեռ անկանոն են,
․ առկա է արյունային արտադրություն դաշտանային ժամանակահատվածների միջև,
․ դաշտանի ընթացքում կան ցավեր, և այդ ցավերը չեն վերանում նույնիսկ ցավազրկող դեղեր ընդունելուց հետո։
Բժիշկը կորոշի այս խախտումների պատճառը և կօգնի ազատվելու դրանցից:
Նմանատիպ նյութեր

Դիսմենորեա (ցավոտ դաշտան) և օլիգոմենորեա (սակավ դաշտան)

Դաշտանային ցիկլը ծննդաբերությունից հետո

Առատ դաշտան. պատճառները և բուժումը

Երկարատև դաշտան. երբ անհանգստանալ

Նախադաշտանային համախտանիշը որպես գոյապայքարի միջոց
