Ինչպե՞ս պատրաստվել հղիության

Ինչպե՞ս պատրաստվել հղիության

Կյանքի ամենահրաշալի և բարդ փուլերից մեկին՝ հղիությանը շատ կարևոր է պատրաստվել ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆիզիկապես: Կան տասնյակ լուրջ խնդիրներ, որոնցից հետագայում խուսափելու համար, պարզապես անհրաժեշտ է հղիության պլանավորումից առաջ մի քանի քայլ կատարել:

Հղիության նախապատրաստմանը վերաբերող բոլոր հարցերի մասին խոսել ենք Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի գինեկոլոգ Պավել Սոցկու հետ:

Ինչպե՞ս պատրաստվել հղիության:

Նախևառաջ, կարևորենք կնոջ նախապատրաստումը հղիությանը: Երբ կինը պլանավորում է հղիություն, ապա դեռ մի քանի ամիս առաջ պետք է նախապատրաստվել: Դրա մասին գիտեն բոլորը, բայց թե ինչպես՝ քչերը: Առաջին հերթին պետք է առողջ ապրելակերպ վարել: Առողջ ապրելակերպն իր մեջ ներառում է նաև սննդակարգի ճիշտ պահպանում, որը պետք է պարունակի բուսական և սպիտակուցներով լի սնունդ: Ինչ վերաբերում է վատ սովորույթներին՝ տղամարդիկ ոգելից խմիչքի և ծխախոտի օգտագործումը պետք է ընդհանրապես դադարեցնեն կամ նվազեցնեն հղիության պլանավորումից երեք ամիս առաջ, իսկ կանայք՝ կես տարի առաջ: Կինը հղիության պլանավորումից երկու կամ երեք ամիս առաջ պետք է օգտագործի ֆոլաթթու:

Հայտնի է, որ ֆոլաթթուն կանխում է բազմաթիվ արատների առաջացումը, և շատ դեպքերում արատներն առաջանում են հենց ֆոլաթթվի պակասից: Խորհուրդ է տրվում վերցնել 5 մգ-ոց չափաբաժինը և ուտելուց հետո օգտագործել: Շատ կարևոր է նաև օգտագործել Օմեգա 3 և ցանկացած վիտամինային կոմպլեքս: Սրանք անհրաժեշտ են օրգանիզմն ամրապնդելու համար: Եթե որևէ հանքանյութի կամ վիտամինի պակաս կա, ապա պետք է լրացվի: Մյուս խորհուրդը պարտադիր այցն է ստոմատոլոգին, որպեսզի կինը, եթե որևէ խնդիր ունի, կարգավորի և հղիության ընթացքում ստոմատոլոգի այցելելու կարիք չլինի: Եթե կալցիումի հետ կապված խնդիրներ կան, ապա կարելի է նախօրոք կալցիում խմել, քանի որ հղիության ընթացքում առաջանում է նաև կալցիումի պակաս:

Հղիության պլանավորումից առաջ ի՞նչ պարտադիր հետազոտություններ պետք է անցնեն և՛ կինը, և՛ տղամարդը:

Ամուսնական զույգը հղիություն պլանավորելուց առաջ պարտադիր պետք է հանձնի վարակների անալիզներ, որպեսզի տեղյակ լինի` օրգանիզմում կա որևիցե խնդիր, թե ոչ: Կնոջ համար շատ կարևոր է փոքր կոնքի ՈՒՁՀ-ն: Եթե առկա են հարակից այլ օրգան համակարգի հիվանդություններ, ապա անպայման այդ հարցերը պետք է նախօրոք կարգավորել: Խորհուրդ է տրվում ստուգել վահանաձև գեղձը, քանի որ Հայաստանը հանդիսանում է յոդի պակասի էնդեմիկ օջախ:

Հաճախ ենք հանդիպում հիպոտերիոզով, այսիքն՝ յոդի պակաս ունեցող կանանց, որոնք բուժման և հորմոնի մակարդակը վերահսկելու կարիք ունեն: Եթե զույգերի ցեղում կան գենետիկ խնդիրներ, ապա անպայման պետք է հանձնել գենետիկ թեստ, օրինակ՝ կարիոտիպի թեստ: Եթե հատուկ այլ խնդիրներ էլ են առկա, օրինակ՝ պարբերական հիվանդություններ և այլն, ապա նույնպես պետք է հանձնել այդ անալիզը:

Ամուսնու համար, բացի վարակների անալիզներից, խորհուրդ է տրվում անպայման հանձնել սերմի անալիզ, որպեսզի տղամարդն իմանա իր սերմի որակի մասին. կա՞ արդյոք բուժման կարիք, թե՞ ոչ, ի՞նչ փուլում է ինքը գտնվում: Նվազագույն հետազոտությունները դրանք են: Մնացյալ հետազոտությունները կարող են ավելանալ կոնկրետ մարդկանց գանգատներից, խնդիրներից և գենետիկ հիվանդություներից կախված:

Հղիության պլանավորումից առաջ, ո՞ր դեղամիջոցների օգտագործումն է անհրաժեշտ դադարեցնել:

Կա դեղամիջոցների բավականին մեծ ցանկ, որոնցից մաքրվելու համար օրգանիզմին ժամանակ է անհրաժեշտ: Առաջին տեղում հոգեմետ դեղորայքն է, նվազագույնը վեց ամիս է անհրաժեշտ, որպեսզի օրգանիզմը մաքրվի: Ինչ վերաբերում է ցավազրկողներին, հակաբիոտիկներին, ապա մեկ ամիս առաջ դադարեցումը բավական է: Հաճախ են հարցնում հակաբեղմնավորիչների մասին։ Ասեմ, որ հակաբեղմնավորիչների դադարեցումից հետո միանգամից կարելի է պլանավորել հղիություն:

Իսկ ի՞նչ կասեք վիրահատական միջամտությունների մասին:

Կախված վիրահատությունների և միջմտությունների տեսակից՝ անհրաժեշտ է նվազագույնը երկուսից երեք ամիս սպասել, ապա նոր պլանավորել հղիություն: Եթե մեծ վիրահատություններ են, օրինակ՝ միոմաների հեռացում և այլն, ապա խորհուրդ է տրվում հղիանալ նվազագույնը վեց ամիս հետո:

Հնարավո՞ր է արդյոք պլանավորել երեխայի սեռը, թե՞ դա միֆ է:

Այո, հնարավոր է, այդպիսի հասկացություն կա: Այսօր կան բազմաթիվ գրաֆիկներ, հաշվարկներ, բայց դրանք գիտական որևէ ապացույց չունեն: Միայն մի մեթոդ կա, որը քիչ թե շատ գիտական բացատրություն ունի, բայց կրկին 100%-ով ապացուցված չէ: Դա ձվազատման օրը որոշելու եղանակով սեռի պլանավորումն է: Բացատրությունը հետևյալն է. սերմնաբջիջները լինում են երկու տեսակի՝ X քրոմոսոմ պարունակող և Y քրոմոսոմ պարունակող: Y քրոմոսոմ պարունակող սերմնաբջիջներն առավել շարժունակ են, բայց կենսունակ չեն:

Հենց սրա վրա է հիմնված ձվազատման միջոցով երեխայի սեռը պարզելու մեթոդը: Եթե ազատ սեռական հարաբերության օրը համընկնում է ձվազատման օրվա հետ, ապա ձվաբջջին առաջինը հասնում են Y քրոմոսոմ պարունակող սերմնաբջիջները, այսինքն՝ մեծանում է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը: Ձվազատման օրվանից դուրս ավելի բարձր է աղջիկ բեղմնավորելու հավանականությունը:

Եթե զույգը պլանավորել է հղիություն, սակայն չի ստացվում, ե՞րբ պետք է անհանգստանալ և բժշկի դիմել:

Եթե մինչև 30 տարեկան երիտասարդ զույգ է, որն ապրում է կանոնավոր սեռական կյանքով, առողջական որևէ գանգատ չի նշում, և արդեն լրացել է մեկ տարին, ապա անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի և մանրամասն հետազոտություններ անցնել: 35 և ավելի տարիք ունեցողները 6 ամիս հետո կարող են դիմել բժշկի՝ հասկանալու համար, թե ինչն է պատճառը:

 

Պատրաստեց Արմինե Սարգսյանը
Աղբյուրը՝ doctors.am

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Միջինում դաշտանը տեղի է ունենում 28 օրը մեկ, ավելի ճիշտ՝ 21-ից 35-րդ օրերին

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետը հիվանդություն է, որի դեպքում գլյուկոզան չի թափանցում բջիջներ

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։