Ընտանիքի պլանավորման առավելությունները

Ընտանիքի պլանավորման առավելությունները

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման՝ «Ընտանիքի պլանավորումը վերարտադրողական ֆունկցիայի վերահսկումն է՝ միայն ցանկալի երեխաների ծնունդն ապահովելու նպատակով»։

Ընտանիքի պլանավորումը յուրաքանչյուր զույգի և առանձին անհատի հիմնական իրավունքներից է, որը հնարավորություն է տալիս ազատ և պատասխանատու որոշումներ կայացնելու երեխաների թվի և նրանց ծնունդների ժամանակի, ծնունդների միջև եղած ընդմիջումների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու այդ որոշումներն իրականացնելու համար։

Ընտանիքի պլանավորումը՝

  • հնարավորություն Է տալիս պլանավորած և ցանկալի երեխաներ ունենալու, որոնք առավել լիարժեք խնամք, սնունդ և կրթություն են ստանում, առավել առողջ և բարեկեցիկ են մեծանում, 
  • նվազեցնում է աբորտներն ու դրանցով պայմանավորված մայրական հիվանդացությունն ու մահացությունը, 
  • նպաստում է ինչպես մանկական հիվանդացության ու մահացութան ցուցանիշների նվազմանը, այնպես էլ երեխաների ծնունդների միջև օպտիմալ ընդմիջումների պահպանմանը (արդյունքում՝ 3- 5 տարի), 
  • նվազեցնում է հղիության և ծննդաբերության բարդությունները, 
  • հակաբեղմնավորման մեթոդի ընտրությունից կախված՝ նվազեցնում է արտարգանդային հղիության, ձվարանի և Էնդոմետրիումի քաղցկեղի, ձվարանի կիստայի, մաստոպաթիայի, առատ դաշտանի և դրանով պայմանավորված երկրորդային անեմիայի, դիսմենորեայի դեպքերը, 
  • պահպանակների կիրառման դեպքում կանխում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների փոխանցումը, 
  • նպաստում է զույգերի փոխըմբռնմանը, 
  • նպաստում է ընտանիքի տնտեսական բարեկեցությանը, քանի որ ընտանիքի անդամների թիվը համապատասխանեցնում է զույգերի ցանկությանը։

Առողջ հղիությունների միջև ժամանակահատվածը

Կարգավորելով հղիությունների միջև ժամանակահատվածը՝ կինը հնարավորություն է ունենում վերականգնելու իր առողջությունը, ավելի շատ ժամանակ տրամադրելով աճող երեխայի խնամքին՝ պատշաճորեն հոգ է տանում ու դաստիարակում է նրան։

15-18 տարեկան հղիների մահվան հավանականությունը կրկնակի բարձր է 20 տարեկանից բարձր կանանց համեմատ։ Ազգաբնակչության շրջանում թյուր կարծիք կա, թե պետք է երիտասարդ տարիքում կարճ ընդմիջումներով երեխաներ ունենալ այն պատճառով, որ այս շրջանում կնոջ օրգանիզմն ամուր է և առողջ։ Իրականում ցանկացած տարիքում կարճ ընդմիջումներով հղիությունները կնոջ առողջության համար անբարենպաստ են։

Առաջին հղիության առողջ և անվտանգ ընթացքի համար ցանկալի է, որ կինը լինի առնվազն 18 տարեկան։ Հաջորդ հղիությունը խորհուրդ է տրվում ծրագրել՝

  • նախորդ երեխայի ծնունդից առնվազն 24 ամիս հետո, 
  • հղիության ինքնաբեր կամ արհեստական ընդհատումից առնվազն 6 ամիս հետո։ 

Ցանկալի է, որ հղիությունների միջև ընդմիջումները չգերազանցեն 5 տարին։ Հղիությունների միջև ճիշտ ժամանակահատվածի պահպանումը.

  • Նվազեցնում է կարճ ընդմիջումներով հղիություններին բնորոշ բարդությունները։ 
  • Մորը հնարավորության է տալիս բավարար ժամանակ կրծքով կերակրելու նախորդ երեխային։ Այդ իմաստով այն ոչ միայն օգտակար է երեխայի համար, այլև նվազեցնում է մոր կրծքագեղձի և ձվարանի քաղցկեղի հավանականությունը։ 
  • Կնոջն ավելի շատ ժամանակ է ընձեռում թե' ֆիզիկապես, թե' նյութապես, թե' հոգեբանորեն նախապատրաստվելու ապագա երեխայի ծնունդին։ 
  • Կնոջը հնարավորություն է տալիս ավելի շատ ժամանակ տրամադրելու իրեն, երեխային, զուգընկերոջը։ Նա կարող է մասնակցել կրթական, տնտեսական և սոցիալական տարբեր միջոցառումներին։ 
  • Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում։ Դա նպաստում է երեխայի ֆիզիկական և հոգեբանական լիարժեք զարգացմանը։

 

Աղբյուրը՝ Մանկաբարձություն: Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար /Խմբ. բ.գ.դ. պրոֆեսորներ Գ. Ա. Բեգլարյան և Ռ. Ա. Աբրահամյան– Երևան/: Երևանի Մ. Հերացու անվան պետ. բժշկ. համալս. հրատ. 2010թ.

views 10081
Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վերարտադրողական շրջան

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում

Հղիության պլանավորում

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում