Դեմքի մաշկը հղիության ընթացքում
Հղիության ընթացքում զգալի փոփոխություններ են նկատվում արտաքին տեսքում։ Շատերին է հետաքրքրում, թե այդ ընթացքում ինչ փոփոխություններ է կրում դեմքը։ Հաճախ շրջապատող մարդիկ նկատում են, որ կնոջ դեմքը գեղեցկացել է՝ մաշկն ավելի մաքուր է դարձել, գույնը՝ ավելի առողջ։
Այդպես է լինում, քանի որ մեծանում է արյան ծավալը, մաշկի բոլոր շերտերը հարստանում են թթվածնով, լավանում է մաշկի տոնուսը։ Դեմքի մաշկն ավելի յուղոտ է դառնում, քանի որ հորմոնային ֆոնի փոփոխությունների պատճառով ակտիվանում են քրտնագեղձերը։ Երբեմն մաշկը նաև չորանում է, ինչը պայմանավորված է լինում վիտամին A-ի և E-ի պակասով։
Յուղոտ մաշկի պարագայում հնարավոր է, որ կորյակներ առաջանան։ Այդ խնդրի դեմ պայքարում օգնում են բնական միջոցները, օրինակ վաղենակի (կալենդուլա) թուրմը։ Ոչ մի դեպքում չի կարելի դեղորայք խմել, քանի որ կարող է վտանգավոր լինել երեխայի համար։ Եթե կինը հակված է այտուցների, ապա բացառություն չի լինի նաև դեմքը։ Երեսի այտուցվածությունն արտահայտվում է կոպերի, այտերի և քթի ուռածությամբ։ Հարկավոր է դիմել բժշկի և համոզվել, որ այտուցվածության պատճառն ախտաբանական որևէ պրոցես չէ։
Թյուր պատկերացում կա, ըստ որի՝ այտուցվածության դեպքում պետք է կտրուկ սահմանափակել հեղուկի քանակը, սակայն հղիության բնականոն ընթացքի համար հարկավոր է ջուր խմել, պետք չէ կտրուկ սահմանափակել այն։ Ավելի լավ է սահմանափակել կամ բացառել աղի օկտագործման քանակը, քանի որ հենց դրա ավելցուկն է հանգեցնում ջրաղային փոխանակության խանգարման և այտուցվածության։
Շատերի դեպքում հղիության ընթացքում դեմքի պիգմենտացիան է ուժգնանում՝ այտերին, ճակատին և քթին պիգմենտային բծեր են ի հայտ գալիս։ Այդ լաքաները ոչ մի դեպքում չի կարելի սպիտակեցնել, երևույթը ժամանակավոր է և ծննդաբերությունից հետո մաշկը կվերականգնվի։ Պիգմենտացիայի հակվածություն ունեցող մաշկի խնամքը ենթադրում է մաքրում, խոնավացում և պաշտպանություն արևի ճառագայթներից։
Ցածր իմունիտետի պատճառով հնարավոր է, որ մաշկին պապիլոմաներ կամ գորտնուկներ ի հայտ գան։ Այդ խնդրին հակված են դեմքի կամ մարմնի վրա խալեր ունեցող կանայք։ Հղիության ընթացքում չի կարելի հեռացնել պապիլոմաները, խալերը դրանով կարելի է զբաղվել միայն ծննդաբերությունից հետո։
Մեկ այլ խնդիր է դեմքի վրա մազերի արագ աճը, ինչի պատճառը կրկին արյան շրջանառության լավացումն է, արդյունքում՝ մազերի ֆոլիկուլների սնուցումը։ Այդ նույնպես ժամանակավոր բնույթ է կրում և սովորաբար անցնում է ծննդաբերությունից հետո, եթե խնդիրը պայմանավորված չէ ադրոգենների մակարդակի բարձրացմամբ։
Պետք է չմոռանալ, որ հղիության ընթացքում դեմքի մաշկը շատ զգայուն է դառնում արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Այդ պատճառով պետք է զգուշորեն ընտրել կոսմետիկան, ավելի լավ է ընտրել բնական միջոցները, որպեսզի տարատեսակ քիմիական միջոցներն արյան միջով չանցնեն պտղին։
Երբեմն պատահում է, որ տարիներ շարունակ օգտագործած կոսմետիկան հղիության ընթացքում գրգվածություն է առաջացնում, այդ դեպքում պետք է անցում կատարել դեպի զգայուն մաշկի համար նախատեսված բնական բուսական միջոցների։