Վաղ կլիմաքս․ կա՞ հղիանալու հնարավորություն
Կլիմաքսը սովորաբար սկսվում է 45 տարեկանից հետո։ Եթե ձեր մոր կամ տատիկի դեպքում այն սկսվել է ավելի վաղ, ապա ամենայն հավանականությամբ դուք ևս հակում ունեք վաղ մենոպաուզայի։ Այդ դեպքում բժիշկները բնական երևույթ են համարում, իսկ եթե ժառանգական հակվածություն չլինելու դեպքում վաղ մենոպաուզան կարող է վկայել օրգանիզմի աշխատանքի խանգարումների մասին։
Կլիմաքսը բնորոշվում է ձվարանների հյուծմամբ և որպես հետևանք՝ սեփական ձվաբջջով հղիանալու անկարողությամբ։ Ըստ այդմ՝ վաղ կլիմաքսին է վերաբերում նաև ձվարանների հյուծումն ու հորմոնային խանգարումները։ Եթե սեփական ձվաբջջով հղիանաու հնարավորություն չկա և միակ ելքը արտամարմնային բեղմնավորումն է, ապա հորմոնային անհավասարակշռությունը լիովին շտկելի է։
Կարդացեք՝ Վերարտադրողական տարիք
Վերարտադրողական ֆունկցիայի վաղաժամ մարմանը նպաստող գործոններն են՝
- ժառանգականությունը,
- նախկինում տարած գինեկոլոգիական վիրահատություններ,
- աուտոիմունային հիվանդություններ,
- էնդոկրին համակարգի, հիմնականում՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներ,
- ճառագայթային թերապիա օնկոլոգիական հիվանդությունների դեպքում,
- սթրես,
- տարած և լիարժեք չբուժված վարակիչ հիվանդություններ,
- վնասակար սովորություններ և այլն։
Ե՞րբ անհանգստանալ
Ինչպե՞ս տարբերել դաշտանի ուշացումը վաղ կլիմաքսից։ մենոպաուզայի հիմնական նշանը, իհարկե, դաշտանի բացակայությունն է։ Սկզբնական շրջանում դաշտանը դադարներով է լինում, հետագայում դառնում է սակավարյուն՝ ժամանակ առ ժամանակ աչքի ընկնելով նաև առատությամբ։ Դիտվում է հեշտոցի չորություն, սեռական ցանկության նվազում, տրամադրության հաճախակի փոփոխություններ, ջերմային առհոսք և այլն։
Պետք չէ կենտրոնանալ այս ախտանշանների վրա, որովհետև դրանք, իրականում, շատ նման են գինեկոլոգիական և էնդոկրին մի շարք հիվանդությունների ախտանշաններին։ Այդ պատճառով էլ հարկավոր է աչքաթող չանել օրգանիզմի ազդանշանները և դիմել բժշկի, որն էլ կախտորոշի խնդիրը։
Կկատարվի կլինիկական զննում, ուլտրաձայնային հետազոտություն և հորմոնային վիճակի ստուգում։ ՈւՁՀ-ն կօգնի գնահատել ձվարանների վիճակը և դրանցում ֆոլիկուլների առկայությունը։
Ստուգվում է հետևյալ հորմոնների մակարդակը՝
- ֆոլիկուլախթանիչ հորմոն,
- լյուտեինիզացնող հորմոն,
- պրոլակտին,
- անտիմյուլլերյան հորմոն,
- թիրեոտրոպ հորմոն և այլն։
Համակողմանի հետազոտությունից հետո հնարավոր կլինի պարզել դաշտանի դադարի պատճառները և վիճակի շտկման հետագա մարտավարությունը։ Հնարավոր է, որ հավելյալ միջամտությունների կարիք զգացվի:
Հղիություն
Վաղ դաշտանադադարի և AMH հորմոնի մակարդակի ցացր լինելու դեպքում երեխա ունենալու միակ միջոցը դառնում է արտամարմնային բեղմնավորումը դոնորային ձվաբջջով։
Եթե ֆոլիկուլներ կան, AMH հորմոնը նորմայի մեջ է, և խնդիրը միայն հորմոնային անհավասարակշռությունն է, ապա նշանակվում է հորմոնափոխարինիչ թերապիա, որը վերացնում է կլիմաքսի տհաճ ախտանշանները, թույլ է տալիս խթանել ձվազատումը և բեղմնավորման հնարավորություն է ընձեռում։
Բուժման արդյունքը մեծապես կախված է հաջողության հանդեպ հոգեբանական տրամադրվածությունից և բուժումը ճիշտ ժամանակին սկսելուց։