Ինչպես սկսել հղիության պլանավորումը
Հղիության պլանավորումը հնարավոր բոլոր միջոցառումների իրականացումն է, որոնք ուղղված են ձվաբջջի հասունացման, արգանդում դրա ամրացման և սաղմի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն:
Առաջին հերթին գնահատվում է ծնողների առողջությունը: Անհրաժեշտ է հանձնել ընդհանուր անալիզներ: Կինը պետք է այցելի էնդոկրինոլոգի և կատարի վահանաձև գեղձի ՈՒՁ հետազոտություն, այնուհետև՝ գինեկոլոգի և կանացի ՈՒՁ հետազոտման: Ապագա ծնողների համար կարևոր է անցնել սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություն:
Հղիության պլանավորումը նախընտրելի է սկսել ենթադրյալ բեղմնավորումից առնվազն 3-4 ամիս առաջ: Հրաժարվեք ալկոհոլից, խուսափեք ծխախոտի ծխից, ավելի շատ ժամանակ անցկացրեք դրսում, շնչեք թարմ օդ, վայելեք բնությունը:
Եթե ընդունում եք հակաբեղմնավորիչ դեղեր, անհրաժեշտ է նախ հրաժարվել դրանցից: Այլ դեղերի ընդունման դեպքում, որոնք դադարեցնել հնարավոր չէ, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ դրանց անվտանգության մասին:
Վերանայեք օրվա ռեժիմը: Խորհուրդ է տրվում քնել օրական առնվազն 8 ժամ, ցանկալի է՝ օդափոխված սենյակում: Համաճարակի շրջանում խուսափեք մարդաշատ վայրերից: Սննդամթերքների օգնությամբ բարձրացրեք դիմադրողականությունը, որպեսզի խուսափեք սեզոնային հիվանդություններից:
Խուսափեք սթրեսներից: Դրանք նույնքան վտանգավոր են, որքան դեղերը և աղտոտված օդը: Փորձեք միշտ բարձր պահել տրամադրությունը, ժպտացեք, զբաղվեք ձեզ հաճելի գործերով:
Հղիության ընթացքի, պտղի զարգացման, ինչպես նաև կնոջ առողջության վրա անբարենպաստ ազդեցություն կարող է ունենալ կնոջ օրգանիզմում վիտամինների և հանքանյութերի անբավարարությունը, հետևաբար ցացնկալի է հղիության պլանավորման փուլում ընդունել վիտամիններ, իսկ դրանց ընտրության վերաբերյալ խորհրդակցեք բժշկի հետ: Հատկապես կարևորվում է ֆոլաթթվի, B խմբի վիտամինների, A և E վիտամինների, յոդի դերը:
Այս ամենին զուգահեռ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև սննդակարգին: Թարմ բանջարեղենն ու մրգերը բնական վիտամինների մեծ աղբյուր են, որոնցով պետք է հարստացնեք ձեր սննդակարգը: Օգտակար է կանաչ տերևավոր բանջարեղենը, որը հարուստ է ֆոլաթթվով: Շատ օգտագրծեք նաև բջջանյութ և սպիտակուցներ պարունակող մթերքներ: Կալցիումի պաշարները հարստացնելու համար օգտագործեք շատ կաթնամթերք: