Վիտամին E-ն հղիության պլանավորման փուլում

Ինչպես բազմիցս նշել ենք, հղիությանը պետք է նախապես պատրաստվել։ Կատարյալ կլինի, եթե նախապատրաստումն սկսեք պլանավորվող բեղմնավորումից 3-6 ամիս առաջ։ Ինչպես կնոջ օրգանիզմի, այնպես էլ երեխայի զարգացման համար կարևոր դեր են խաղում վիտամինները։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել և ապահովել, որ վիտամին E-ի քանակությունն օրգանիզմում պակաս չլինի։ Այն կարևորագույն վիտամիններից է, որոնք պետք է ընդունել հղիությունից առաջ և դրա ընթացքում։

Վիտամին E-ն կարելի է անվանել հակաօքսիդանտ, որը վերացնում է բոլոր բորբոքումները, լավացնում է արյան շրջանառությունը, միկրոշրջանառությունը, ինչպես նաև զգալիորեն լավացնում է հյուսվածքների սնուցումը։ Այն մասնակցում է փոխանակման պրոցեսներին, լավացնում է արյան մակարդելիությունը և առհասարակ դրական ազդեցություն ունենում արյունատար համակարգի ընդհանուր վիճակի վրա։ Մկաններն սկսում են ավելի ինտենսիվ աշխատել, իսկ վերքերն ավելի արագ են ապաքինվում։ Բացի այդ, վիտամին E-ն անվանում են երիտասարդության վիտամին, քանի որ այն զգալիորեն դանդաղեցնում է տարիքային պիգմենտացիայի առաջացումը, ինչպես նաև կարևոր դեր խաղում հղիության պլանավորման փուլում։

Օգտակար հատկությունները

Այդ վիտամինը ձվարաններին օգնում է լիարժեք կատարել իրենց ֆունկցիաները։ Հղիության ամբողջ ըթացքում ապահովում է հորմոնային ֆոնի բնականոն վիճակը, ինչպես նաև պտղին պաշտպանում է ինքնաբեր վիժումից։ Ունենում է նաև դրական այլ ազդեցություն՝ դաշտանային ցիկլի վերականգնում, չզարգացած արգանդի հասունացում, ձվարանների դիսֆունկցիայի բուժում, վերարտադրողական ֆունկցիայի բարելավում, սեռական գեղձերի աշխատանքի կարգավորում և այլն։

Վիտամին E-ն անհրաժեշտ է, որպեսզի պտղի շնչառական համակարգը բնականոն զարգանա։ Այդ պատճառով իր կարևորությամբ այն կարելի է համեմատել ֆոլաթթվի հետ։

Վիտամին E-ն նպաստում է ընկերքի ձևավորմանը, ապահովում վերջինիս լիարժեք աշխատանքը, աջակցում է պրոլակտինի արտադրմանը, որն անհրաժեշտ է լակտացիային, ինչպես նաև կանխում է նորածնի հեմոլիտիկ սակավարյունությունը։ Դրական ազդեցություն է թողնում ծայրամասերի արյան շրջանառության վրա՝ մեծացնելով էրիթրոցիտների կայունությունը քայքայման հանդեպ, որն առաջանում է մոր և պտղի արյան անհամատեղելիության պատճառով։

Հղիության ընթացքում վիտամին E-ն թույլ չի տալիս, որ արգանդի մկաններն ուժեղ կրճատվեն, դրանով հանդերձ հաճախ նորածինները կամ ժամանակից շուտ ծնված երեխաներն ունենում են դրա պակաս, ինչը պայմանավորված է այն բանով, որ վիտամինը շատ վատ է հաղթահարում ընկերքի խոչընդոտը։

Վիտամին E պարունակող դեղապատրաստուկներ և մթերքներ

Վիտամին E-ն պարտադիր առկա է լինում պոլիվիտամինային դեղապատրաստուկների կազմում։ Եթե չգիտեք, թե ինչ համալիր ընտրեք, խորհրդակցեք բժշկի հետ։

Վիտամին E-ն պարունակվում է բուսական յուղերի (արևածաղկի, եգիպտացորենի և այլն), մարգարինի որոշ տեսակների, նուշի, գետնընկույզի, ցորենի եւ նրա սերմի, եղինջի, մասուրի պտուղների, ազնվամորու տերևների, առվույտի, կտավատի սերմերի մեջ, հնդկաձավարի (գրեչկա), վարսակաձավարի, խիստ օգտակար` ցորենի թեփի, թարմ կանաչ ոլոռի, թարմ սպանախի և բրոկկոլիի, լոլիկի, ընկուզեղենի, սաղմոն ձկան (լոսոս), հացահատիկային բույսերի սաղմնային հատիկների, մսի, ավոկադոյի, կանաչեղենի, կաթի, կարագի մեջ:

Կենդանական ծագում ունեցող սննդատեսակներում գրեթե չի լինում, կա միայն լյարդի, ձվի դեղնուց և կաթի մեջ։ Ակտիվ ձևը`ալֆա-տոկոֆերոլը, թարմ բանջարեղենի մեջ է: Սառեցված բանջարեղենի մեջ դրա քանակությունը կրկնակի քիչ է, իսկ պահածոյացված տարբերակում գրեթե չկա: Չի պարունակվում գազարի, սոխի, կարտոֆիլի, վարունգի, հացի, մակարոնեղենի մեջ:

Օգտագործմանը ձևը և հակացուցումները

Վիտամին E-ի օրական չափաբաժինը 7-10 մգ է հղիության պլանավորման փուլում, հղիության ընթացքում՝ առավելագույնը 15մգ։ Հաշվի առեք, որ վիտամին E-ի քանակը տարբեր է լինում։ Ուստի այն պետք է ընդունել միայն բժշկի նշանակած դեղաչափով։

Վիտամին E-ն հաբերի տեսքով ընդունելու դեպքում անպայման պետք է հետևել, որ ստամոքսը դատարկ չլինի, խմեք ուտելուց հետո: Ցանկալի է ճարպեր պարունակող որևէ սննդամթերք ուտելուց հետո խմել, օրինակ` ընկույզ, մրգեր, արևածաղիկ և այլն. չէ՞ որ վիտամին E-ն ճարպերը քայքայող հատկություն ունի:

Վիտամին E-ն երբեմն կողմնակի ազդեցություն է թողնում, հատկապես, երբ նշանակած քանակից շատ եք օգտագործում։ Կարող է, օրինակ, ալերգիկ ռեակցիա առաջանալ, փորլուծություն կամ սրտխառնոց։ Մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում ճնշումը խիստ բարձրանում է։ Շատ զգույշ պետք է լինեն նրանք, ովքեր սրտամկանի ինֆարկտի առաջացման վտանգ ունեն։ Մեծ քանակությունը կարող է լրջորեն վնասել նաև պտղին՝ առաջացնելով տարաբնույթ արատներ և դառնալով մահվան պատճառ։ Վիտամինն օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ:

views 47798
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը