Ձվարանների թերֆունկցիա

Ձվարանների թերֆունկցիա

Ձվարանները կնոջ վերարտադրողական կարևորագույն օրգաններից են, արտադրում են հորմոններ, նպաստում, որ ձվաբջիջը հասունանա, ինչը կնոջը թույլ է տալիս հղիանալ և երեխա լույս աշխարհ բերել։

Ձվարանների ֆունկցիայի նվազումը հանգեցնում է վերարտադրողական ֆունկցիայի խանգարման։ Դրանից տուժում է ամբողջ օրգանիզմը։

Ձվարանների թերֆունկցիան կամ ձվարանի անբավարարությունն այն փոփոխությունների ամբողջությունն է, որն առաջանում է, երբ հորմոնների արտադրման և դաշտանային ցիկլին մասնակցելու գործում ձվարանների աշխատանքը նվազում է։ Այն ախտորոշում չէ և ոչ էլ հիվանդություն, համախտանիշ է, որն առաջանում է այլ դրսևորումների հետ միասին (կամ միայնակ) և արտահայտվում բնորոշ նշաններով՝ կախված առաջացման ժամանակից՝ սեռահասունացման շրջանում կամ վերարտադրողական հասունության շրջանում։

Առանձնացվում է ձվարանների հիպոֆունկցիայի երկու տեսակ՝

  • առաջնային խանգարումներ, որոնք առաջանում են ներարգանդային շրջանում և պայմանավորված են ձվարանի թերզարգացմամբ, 
  • երկրորդային խանգարումներ, որոնք առաջանում են հորմոնային անհավասարակշռության, նյութափոխանակության տարաբնույթ խանգարումների, ինչպես նաև կարգավորող օրգանների՝ հիպոթալամուսի և հիպոֆիզի ազդեցության խանգարումների արդյունքում։

Պատճառները

Ձվարանների ֆունկցիայի նվազման պատճառները շատ են և կախված են վերջինիս տեսակից։ Հիմնական պատճառներն են՝

  • ձվարանների՝ ներարգանդային շրջանում ձևավորման վրա ազդող անբարենպաստ գործոններ (հղիության ախտաբանություն), 
  • հղիության շրջանում մոր օրգանիզմում հորմոնային անհավասարակշռություն, 
  • հղիության ընթացքում մոր տարած վարակիչ հիվանդությունները, 
  • քրոմոսոմային անոմալիաներ, 
  • ժառանգական հիվանդություններ։

Ձվարանների երկրորդային հիպոֆունկցիայի պատճառներն ավելի բազմազան են՝

  • ուժգին հյուծվածություն, նյարդային անորեքսիա, 
  • սննդակարգում ճարպերի՝ որպես սեռական հորմոնների սինթեզի աղբյուրի բացակայություն, 
  • վիտամինային անբավարարություն, 
  • սթրեսներ, նյարդային ցնցումներ, 
  • սեռական օրգանների տուբերկուլյոզ, 
  • հավելումների քրոնիկական, ինչպես նաև սուր բորբոքային պրոցեսներ, 
  • գլխի վնասվածք, երբ տուժում է հիպոֆիզի կամ հիպոթալամուսի հատվածը, 
  • ուղեղի անոթներում արյան շրջանառության խանգարում, 
  • Շիխանի համախտանիշ (հիպոֆիզի հատվածի սուր նեկրոզ), 
  • քիմիաթերապիա։

Ախտանշանները

Վերարտադրողական շրջանում ի հայտ գալու դեպքում ձվարանների հիպոֆունկցիան դրսևորվում է հետևյալ ախտանշաններով՝

  • թեթև աստիճանի դեպքում արգանդը բնական չափի է, էնդոմետրիումը՝ բավարար,
  • դաշտանը սակավարյուն է, ցավոտ, հնարավոր է բացակայի (երկրորդային ամենորեա), 
  • զարգացման դեպքում ձևավորվում են կլիմաքսի ախտանշաններ՝ դաշտանի բացակայությամբ,
  • ի հայտ են գալիս հոգեբանական խնդիրներ, 
  • առաջանում է ջերմային առհոսք, ճնշման տատանումներ, 
  • արգանդը փոքրանում է, 
  • հեշտոցի լորձաթաղանթը չորանում է, 
  • էնդոմետրիումն ատրոֆիայի է ենթարկվում, 
  • առաջանում է անպտղություն։

Ձվարանների բնածին անբավարարության ախտանշանները՝

  • սեռահասունացման ուշացում 15-17 տարեկանից հետո, 
  • կաթնագեղձերի ուշ կամ թերի զարգացում, 
  • դաշտանային ցիկլի խանգարումներ (ամենորեա, օլիգոմենորեա)։ 

Ըստ ծանրության աստիճանի՝ առանձնացնում են ախտանշանների դրսևորման երեք աստիճան։

Ծանրության թեթև աստիճանի դեպքում՝

  • երկրորդային սեռական նշանների թերի զարգացում (թևատակերի և ցայլքի թույլ մազակալում), 
  • կաթնագեղձերի թերզարգացում, 
  • արգանդի հիպոպլազիա (արգանդը զարգացած չէ, փոքր է, էնդոմետրիումը ձևավորված է, բայց հյուծված), 
  • դաշտան կա, բայց կանոնավոր չէ, ցավոտ է։ 

Ծանրության միջին աստիճանի դեպքում ՝

  • արտաքին սեռական օրգանները տեսանելիորեն զարգացած չեն, 
  • արգանդը և հեշտոցը փոքր են, 
  • իգական տիպի մազակալումը թույլ է կամ չկա, 
  • կրծքագեղձերը զարգացած չեն, 
  • դաշտան չկա։ 

Ծանր դեպքերում՝

  • արգանդի և սեռական օրգանների հիպոպլազիա (կոշտ են և փոքրացած), 
  • արգանդի դիրքը սխալ է, 
  • կաթնագեղձերը զարգացած չեն, 
  • չկա մազակալում, 
  • արտաքին սեռական օրգաններն ամբողջովին մանկական են, 
  • հեշտոցի լորձաթաղանթն ատրոֆիայի ենթարկված է, 
  • դաշտան չկա։

Ախտորոշումը

Ախտորոշման հիմքը երկրորդային սեռական հատկանիշների, դաշտանի բացակայության, անհամաչափ մարմնակազմության փաստն է։

Ախտորոշման հիմքը՝

  • արգանդի և հավելումների ՈւՁՀ, 
  • ձվարանային հորմոնների մակարդակի որոշում, 
  • հիպոֆիզի և հիպոթալամուսի հորմոնների մակարդակի որոշում, 
  • անհրաժեշտության դեպքում հորմոնային ֆունկցիոնալ թեստերի անցկացում, 
  • լապարասկոպիա և այլն։

Բուժումը

Ձվարանների հիպոֆունկցիայի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում է գինեկոլոգ-էնդոկրինոլոգը։ Թերապիայի մեթոդների ընտրությունը կախված է հիպոֆունկցիայի տեսակից և առաջացման ժամանակից, ինչպես նաև ծանրության աստիճանից։

Երկրորդային հիպոֆունկցիայի դեպքում բուժումն ուղղվում է ձվարանների վրա ազդող գործոնների վերացմանը, թերապիայի սկզբունքները հիմնականում նման են առաջնային հիպոֆունկցիայի բուժման սկզբունքներին։

Ձվարանների առաջնային հիպոֆունկցիայի և սեռական հատկանիշների թերզարգացածության դեպքում անհրաժեշտ է՝

  • սննդակարգի կարգավորում, 
  • հարակից հիվանդությունների բուժում, 
  • բուժական մարմնամարզություն և թերապիա՝ ուղղված փոքր կոնքում արյան շրջանառության կարգավորմանը, 
  • փոխարինիչ հորմոնաթերապիա՝ սեռական օրգանների ճիշտ ձևավորման և գործելու նպատակով։ 

Հղիանալու նպատակով անցկացվում է խթանիչ թերապիա։ Ճիշտ ժամանակին սկսած թերապիայի դեպքում բոլոր փոփոխություններն արագ վերանում են, կինը կարողանում է երեխա ունենալ և բնականոն կյանք վարել։

views 23011
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը