Ժամանակից շուտ ծնված երեխաներ

Ժամանակից շուտ ծնված երեխաներ

Անհաս են համարվում այն երեխաները, ովքեր ծնվում են մինչև գեստացիոն շրջանի ավարտը, այսինքն՝ 22-ից 37 շաբաթականում, 2500գր-ից փոքր քաշով և 45սմ-ից փոքր հասակով:

Անհաս երեխաներն ունենում են ջերմակարգավորման խանգարում, ապնոէի հակվածությամբ շնչառություն, թույլ իմունիտետ և անտրոպոմետրիկական ու կլինիկական թույլ նշաններ:

Աստիճանները

Անհաս երեխաների դասակարգումը հիմնված է նրանց քաշի վրա`

  • 1-ին աստիճան- քաշը 2001-2500գր (35-37 շաբաթական),
  • 2-րդ աստիճան- քաշը՝ 1501-2000գր (32-34 շաբաթական), 
  • 3-րդ աստիճան- քաշը՝ 1100-1500գր (29-31 շաբաթական), 
  • 4-րդ աստիճան- քաշը՝ 1000գր-ից պակաս (29 շաբաթականից փոքր):

Պատճառները

Վաղաժամ ծննդաբերության պատճառները բազմազան են և ներկայացվում են երեք դիտանկյունից:

Մայրական գործոն`

  • քրոնիկական հիվանդություններ (սրտանոթային համակարգի, էնդոկրինային, երիկամների հիվանդություններ), 
  • հղիության ընթացքում տարած սուր վարակիչ հիվանդություններ, 
  • գինեկոլոգիական հիվանդություններ, 
  • ներարգանդային պարույր, 
  • վնասվածքներ, 
  • իսթմիկացերվիկալային անբավարարություն, 
  • տարիք (17 տարեկանից փոքր և 30 տարեկանից մեծ), 
  • ռեզուս-կոնֆլիկտային հղիություն, 
  • վնասակար սովորություններ, 
  • ընկերքի խնդիրներ (առաջադրություն, շերտազատում), 
  • աշխատանքի վնասակար պայմաններ, 
  • հղիության բարդացում (գեստոզ): 

Հայրական գործոն`

  • տարիք (50 տարեկանից մեծ), 
  • քրոնիկական հիվանդություններ: 

Պտղի գործոն`

  • զարգացման ներարգանդային արատներ, 
  • բազմապտուղ հղիություն, 
  • էրիթրոբլաստոզ, 
  • ներարգանդային վարակում:

Նշանները

Անհաս երեխաները վառ արտահայտված կլինիկական պատկեր են ունենում: Նկատվում է մարմնի մասերի անհամաչափություն, գանգի ոսկորների, ինչպես նաև ականջախեցիների փափկություն: Այս երեխաների ենթամաշկային ճարպի շերտը թույլ է զարգացած, նրանք չեն կարողանում պահպանել մարմնի ջերմաստիճանը:

Թոքերի թերզարգացածությունը պայմանավորված է սուրֆանկտանտի բացակայությամբ, որն ապահովում է թոքային ալվեոլների բացվելն արտաշնչելիս, արտահայտվում է շնչառության խանգարմամբ և պարբերական ապնոէյով:

Մաշկը կնճռոտ է, առաջին օրերին վառ կարմիր երանգ է ունենում, դիտվում է մկանային թույլ տոնուս կամ վերջինիս բացակայություն: Ֆիզիոլոգիական ռեֆլեքսները (ծծման, որոնման և այլ) թույլ են արտահայտված:

Տղաների դեպքում ամորձիները փոշտի մեջ չեն լինում, աղջիկների դեպքում թերզարգացած են լինում սեռական շուրթերը: Նկատվում է լյարդի անբավարար աշխատանք, ինչն արտահայտվում է դեղնուկով: Թույլ զարգացած իմունային համակարգի հետևանքով մեծանում է վարակվելու վտանգը:

Անհաս երեխաների թերապիան

Անհաս երեխաների բուժմամբ զբաղվում է նեոնաթոլոգը: Ժամանակից շուտ ծնված երեխաների համար գոյատևման համար որոշակի պայմաններ են հարկավոր: Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը պետք է լինի 25°C, իսկ խոնավությունը՝ նվազագույնը 55-60%: Այդ նպատակով անհաս երեխաներին պահում են կուվեզում (հատուկ ինկուբատոր): Առողջ երեխայի դուրս է գրվում հիվանդանոցից 8-10 օր անց, եթե քաշն աճում է մինչև 2կգ:

Եթե անհաս երեխայի քաշը 14 օրվա ընթացքում չի հասնում 2կգ-ի, ապա նրան տեղափոխում են և բուժումը շարունակում հիվանդանոցի երեխաների բաժանմունքի ռեանիմացիոն սենյակում: Նրանց տեղավորում են կուվեզի մեջ, որտեղ թթվածին է տրվում:

Անհաս երեխաներին սկսում են լողացնել 2 շաբաթականից, զբոսանքի են տանում 3-4 շաբաթականը լրանալու և 1700-1800գր քաշի դեպքում:

Կերակրումը

Անհաս երեխաներին կերակրում են կրծքի կթած կաթով ծնունդից 2-6 ժամ անց հակացուցումների բացակայության դեպքում: Ծանր վիճակում գտնվող երեխաներին կերակրում են զոնդի միջոցով կյանքի առաջին 24-48 ժամերի ընթացքում:

Կրծքով կերակրում են 1800-2000գր քաշով երեխաներին: Առաջին օրը մեկ կերակրման ծավալը կազմում է 5-10մլ, երկրորդ օրը՝ 10-15մլ, երրորդ օրը՝ 15-20մլ: Բացի այդ, անհաս երեխաներին ցուցված են նաև վիտամիններ՝ В1, В2, В5, В6, С, Е, D:

Հետևանքները և զարգացման կանխատեսումները

Անհաս երեխաների կյանքի վերաբերյալ կանխատեսումները կախված են բազմաթիվ գործոններից: Առաջին հերթին՝ հղիության ժամկետից և ծննդյան պահին ունեցած քաշից: 22-23 շաբաթականում ծնվելու դեպքում կանխատեսումները կախված են թերապիայի ինտենսիվությունից և որակից: Մահվան ելքի վտանգը մեծանում է հետևյալ դեպքերում՝

  • նախածննդաբերական արնահոսություն, 
  • հետույքային առաջադրությամբ ծննդաբերություն, 
  • բազմապտուղ հղիություն, 
  • ասֆիքսիա ծննդաբերության ընթացքում, 
  • երեխայի մարմնի ցածր ջերմաստիճան: 

Անհասության՝ ապագայում ի հայտ եկող հետևանքներն են՝ 

  • մտավոր և ֆիզիկական զարգացման հապաղում, 
  • միոպիա, 
  • աստիգմատիզմ, 
  • գլաուկոմա, 
  • ցանցաթաղանթի շերտազատում, 
  • լսողության խանգարում, 
  • աղջիկների դեպքում՝ նաև դաշտանային ցիկլի խանգարում, սեռական օրգանների ինֆանտիլիզմ և բեղմնավորման հետ կապված խնդիրներ:
Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…