Քաշ, մարմնի զանգվածի ինդեքս և հորմոններ

09.03.201522347

Կանանց շատ հազվադեպ է գոհացնում իրենց կազմվածքը։ Հաճախ իրենց թերությունները կապում են քաշի հետ: Մարմնի զանգվածի ինդեքսը հաշվելով կարելի է հասկանալ, թե որն է քաշի և հասակի հարաբերության կատարյալ ցուցանիշը, սակայն իրականում այդ ցուցանիշները ոչ մի իմաստ չեն արտահայտում: Քաշը հաշվարկելու համար կան այլ կարևոր գործոններ, ինչպես՝ օրգանիզմում ճարպի պարունակությունը, սեռը, որոնք պետք է հաշվի առնել: Ավելի լավ հասկանալու համար նայենք նկարին:

Մարմնի զանգվածի ինդեքսը և ճարպերի հարաբերակցությունը

Պատկերից հասկանալի է դառնում, որ միևնույն հասակի, քաշի և մարմնի զանգվածի ինդեքսի պարագայում անգամ ստացվում են լիովին տարբեր պատկերներ: Ձախ կողմի մարդու մարմնի զանգվածը կազմված է հիմնականում մկաններից, իսկ աջ կողմի մարդունը՝ ճարպային հյուսվածքից: Ձախ կողմի մարդու կազմվածքը մոտ է կատարյալին, իսկ աջինը՝ սուբյեկտիվ պրոբլեմատիկ է, չնայած որ երկու դեպքում էլ մարմնի զանգվածի ինդեքսը նույնն է:

Ճարպերի օպտիմալ պարունակությունը

Եթե սպասում եք, որ բոլորի համար այս ցուցանիշը պետք է նույնը լինի, ապա սխալվում եք: Բնությունն այնպես է արել, որ կնոջ օրգանիզմում ճարպերի օպտիմալ պարունակությունը 5-10 տոկոսով ավելի շատ է, քան տղամարդու օրգանիզմում: Կնոջ համար առողջ ցուցանիշներ են 18-27%, իսկ տղամարդկանց համար՝ 13-22%: Սրա պատճառն ակնհայտ է՝ որովհետև կանանց անհրաժեշտ է ճարպերի ավելի մեծ քանակ հղիության և փոքրիկի կերակրման ժամանակահատվածներում: Եթե առողջական խնդիրներ չլինեն, ճարպերի անբավարարությունը լուրջ դեր չի ունենա: Եթե խնդիրներ առաջանան, ապա առանց ճարպային պաշարների օրգանիզմը միանգամից կսկսի այրել կենսունակության համար անհրաժեշտ սննդանյութեր: Իսկ երբ դրանք էլ ավարտվեն, օրգանիզմը կսկսի «անջատել» գոյատևման համար ոչ կարևոր օրգանները, օրինակ վերարտադրողական ֆունկցիան: Դա է ամենորեայի պատճառը շատ նիհար կանանց դեպքում:

Պետք է հասկանալ մի շատ կարևոր բան՝ լինել բարեկազմ և ունենալ մարմնի զանգվածի կատարյալ ինդեքս չի նշանակում ունենալ օրգանիզմում ճարպերի ճիշտ հարաբերակցություն և լինել առողջ: Նույնիսկ բարեկազմ կանայք, ովքեր սպորտով չեն զբաղվում, կարող են ավելի բարձր ճարպաշերտի ցուցանիշ ունենալ, քան ավելի գեր, բայց սպորտով զբաղվող կանայք: Տարատեսակ դիետաներ փորձելով կարելի է նիհարել, սակայն առանց մարմնամարզության մկանային զանգված չի ձևավորվի նույնիսկ բարեկազմ կանանց համար: Այդ հատուկ սննդակարգերն օգնում են նվազեցնել մարմնի զանգվածը, բայց ոչ մի կերպ չեն անդրադառնում օրգանիզմում ճարպերի հարաբերակցության վրա: Այսինքն՝ եթե ձեր նպատակը ոչ թե նիհար, այլ առողջ մարմին ունենալն է, ապա առաջին հերթին հարկավոր է զբաղվել մկանային զանգվածի զարգացմամբ: Այդ ընթացքում էլ հնարավոր է, որ մարմնի ընդհանուր զանգվածը չփոփոխվի, սակայն ճարպն աստիճանաբար կվերածվի մկանի:

Ինչպե՞ս են հորմոններն անդրադառնում քաշի վրա

Եթե այնուամենայնիվ փորձում եք նիհարել, իսկ փորձերն անհաջողությամբ են ավարտվում, ապա անհրաժեշտ է ստուգել հորմոնները: Օրինակ պրոգեստերոնը և էստրոգենն իրենց դերն ունեն այդ հարցերում:

Օրգանիզմում պարունակվող բնական պրոգեստերոնը ճարպերն այրող բնական միջոց է (դա չի վերաբերում պրոգեստերոնի քիմիական հիմքով փոխարինիչներին): Հորմոնը ոչ միայն արգելակում է ճարպերի կուտակումը, այլև օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկը: Այդ կերպ հորմոնի անբավարարությունն ազդում է քաշի վրա և հանգեցնում է դրա ավելացմանը: Բացի այդ պրոգեստերոնը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և վահանագեղձի ֆունկցիան: Եթե շաքարի մակարդակը բարձրանում է, ենթաստամոքսային գեղձն ավելի մեծ քանակությամբ ինսուլին է արտադրում, իսկ դա իր հերթին նպաստում է ճարպաշերտի կուտակմանը: Պրոգեստերոնի անբավարարության հետևանքով վահանագեղձի թերֆունկցիան նույնպես կարող է հանգեցնել անցանկալի կիլոգրամների կուտակման:

Քաշի վրա զգալիորեն ազդում է նաև էստրոգենը: Դրա մակարդակի բարձրացումը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի և ճարպերի կուտակման: Դա բացատրվում է բնության օրենքով՝ էստրոգենի մակարդակը միշտ բարձր է հղի կանանց օրգանիզմում, քանի որ հենց նրանց են անհրաժեշտ ճարպային պաշարներ, որպեսզի պտղի սնուցման համար բավարար ռեսուրսներ լինեն:

Ամփոփենք

Մարմնի զանգվածի ինդեքսը վերացական հասկացություն է և չի կարելի կիրառել այն գործնականորեն: Բացարձակ քաշն այնքան կարևոր չէ, որքան օրգանիզմում ճարպերի պարունակությունը: Սննդակարգի միջոցով արդյունքի չհասնելը կարող է պայմանավորված լինել պրոգեստերոնի մակարդակի նվազման և էստրոգենի մակարդակի բարձրացման հետ և այլն: