Ատամների խնամքը և բուժումը հղիության ընթացքում

Ատամների խնամքը և բուժումը հղիության ընթացքում

Վաղուց ձևավորվել էր մի սխալ համոզմունք, որ երեխա կրելու, կրծքով կերակրելու ընթացքում մայրերը կորցնում են ատամները: Ստոմատոլոգները երբեմն դժվարությամբ են համոզում տատիկների նմանատիպ պատմություններով մեծացած մայրերին, որ հղիությունն ատամների հետ ոչ մի խնդիր չի առաջացնի, եթե կանայք հետևեն ատամների վիճակին և ամեն կերպ նպաստեն իրենց առողջության ամրապնդմանը: Ատամներն առողջ պահելու համար ապագա մայրերից շատ ջանք չի պահանջվում: Անհրաժեշտ է ճիշտ սնվել, խնամել ատամները բուժական-կանխարգելիչ մածուկների, ողողման հեղուկների, ատամի թելերի օգնությամբ, հղիության ընթացքում կալցիում խմել և պարբերաբար այցելել ստոմատոլոգի՝ կատարելով նրա բոլոր ցուցումները:

Ինչի՞ համար է կարևոր ճիշտ սնվելը

Հղի կնոջ սննդակարգը պետք է կազմված լինի կալցիումով և վիտամիններով հարուստ մթերքներից: Դա կարևոր է և՛ փոքրիկի զարգացման, և՛ մոր ատամների համար: Այս նյութերի անբավարարությունը կհանգեցնի ատամների թուլացման, էմալի վրա բծերի առաջացման և այլ խնդիրների: Հղիության ընթացքում հնարավոր է, որ խնդիրներ առաջանան նաև լնդերի հետ կապված: Լնդերը դառնում են փխրուն, արյունահոսող, ընդ որում՝ ատամները կարող են ավելի զգայուն դառնալ: Այս պարագայում կարևոր է մանրակրկիտ խնամքը և մաքրումը:

Ատամների մաքրումը լնդերի համար և՛ մերսում է, և՛ բուժում, քանի որ ատամի մածուկներն ունեն տարատեսակ բուժական-կանխարգելիչ հատկություններ: Խոզանակները պետք է լինեն միջին կոշտության, սակայն եթե լնդերն արնահոսում են, ապա բուժման ընթացքում ավելի լավ է օգտագործել փափուկ խոզանակ: Ատամները պետք է մաքրել օրվա մեջ երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան: Եթե հղի կինն ունի տոքսիկոզ, ապա փսխումից հետո անհրաժեշտ է ողողել բերանը կերակրի սոդայի թույլ լուծույթով կամ պարզապես ջրով, քանի որ ստամոքսի թթվային միջավայրը կարող է կործանարար ազդեցություն ունենալ ատամների էմալի վրա:

Հարկավոր է ուշադիր հետևել ատամների վիճակին, կարիեսի առաջացման առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի: Էլ ավելի լավ է կես տարին մեկ անգամ այցելել բժշկի: Ատամների հիվանդության վաղ բացահայտումը արագ բուժման գրավականն է, և, որ պակաս կարևոր չէ, ավելի շահավետ է բուժել մակերեսային կարիեսը, քան արմատային ուղիներում քրոնիկական գործընթացները: Ավելորդ չէ հիշեցնել, որ ապագա փոքրիկին նույնպես մայրիկի անառողջ ատամները միայն վնաս կարող են հասցնել:

Ատամների բուժումը հղիության ընթացքում

Շատ են հղիության ընթացքում ատամները բուժելու վերաբերյալ խոսակցությունները: Կանանց ֆորումները լի են ատամները ծննդաբերությունից հետո բուժելու մասին սխալ խորհուրդներով: Բնականաբար ավելի լավ է բուժել ատամները նախքան բեղմնավորումը, սակայն հղիության ընթացքում նույնպես կարելի է և պետք է: Որոշ դեպքերում բժիշկը կարող է հետաձգել հիվանդի բուժումը, բայց միայն բժիշկը պետք է որոշի այդ հարցը: Քանի որ կանանց մեծամասնության համար բժշկի այցելելը սթրես է, բուժման համար նախընտրելի է հղիության երկրորդ եռամսյակը, երբ փոքրիկի բոլոր օրգաններն արդեն ձևավորված են, և մայրիկի ինքնազգացողությունն էլ լավ է: Եթե կա ատամնացավ, այտուց կամ այլ խնդիրներ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Հետաձգելը հանգեցնում է քրոնիկական գործընթացի և բարդությունների զարգացման, իսկ դա կարող է վնասել առողջությանը:

Հղի կանայք չպետք է վախենան ստոմատոլոգի այցելելուց: Ժամանակակից դեղամիջոցները հաջողությամբ կցավազրկեն, իսկ բժիշկը կընտրի ձեզ համապատասխան դեղամիջոցը, որը հակացուցված չէ հղիներին: Բժշկին անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ձեր հղի լինելու մասին և չանհանգստանալ: Ժամանակակից ստոմատոլոգիան հրաշքներ է գործում: Նոր սերնդի ախտորոշիչ սարքավորումները չեն վնասի ոչ ձեզ, ոչ ձեր փոքրիկին: Նոր թվային ռենտգենային սարքերը ճառագայթման այնքան քիչ աստիճան ունեն, որ ձեր փոքրիկը, գտնվելով ապահով վայրում, անգամ ոչինչ չի զգա: Ատամների ռենտգենային պատկերները նշանակետային են, այսինքն՝ ուղղված են միայն դեպի ատամի հատված: Այնուամենայնիվ հղիության ընթացքում ցանկացած ախտորոշիչ միջամտություն պետք է նշանակի բժիշկը և միայն այն դեպքերում, երբ կա դրա անհրաժեշտություն:

Սիրելի՛ ապագա մայրեր, եթե հետևեք ձեր ատամների առողջությանը, պարբերաբար այցելեք ստոմատոլոգի, կատարեք նրա բոլոր ցուցումները և ճիշտ սնվեք, ապա կունենաք գեղեցիկ ժպիտ ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ ծննդաբերությունից հետո:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար