Վերականգնում անհաջող ԱՄԲ-ից հետո

15.01.20156942

Արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիաներն օրեցօր կատարելագործվում են: Այն ֆինանսական, հոգեբանական և ֆիզիկական մեծ ներդրում է պահանջում: Երբ այդ ամենը դրական արդյունք չի ապահովում, հաճախ հաջորդում է հիասթափությունն իրենից, ամուսնուց, տեխնոլոգիայից, բժիշկներից ու շրջապատից: Հիասթափությանն էլ կարող է հաջորդել դեպրեսիան: Այդ պատճառով էլ նման քայլի դիմելուց առաջ պետք է լավ նախապատրաստվել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես:

Որքան էլ կինը նախապատրաստված լինի բացասական արդյունքի, ցանկացած դեպքում սա դառնալու է լուրջ փորձություն իր և իր շրջապատի համար: Այդ պատճառով էլ անհաջող ԱՄԲ-ից հետո վերականգնումը խիստ կարևոր է: Վերականգնման կարիք ունի կնոջ օրգանիզմը, նրա հոգեկանը, ընտանեկան հարաբերությունները և այլն:

Բացի այդ, անհրաժեշտ է պլանավորել հետագա գործողությունները՝

  • պարզել անհաջողության հնարավոր պատճառները,
  • եթե պատճառը հայտնաբերված է՝ վերացնել այն,
  • փորձել կրկին:

Ցավոք նման ծրագրի դիմելն անհրաժեշտություն է, եթե կա ֆինանսական հնարավորություն: Սակայն հուսահատվել պետք չէ, բնական ճանապարհով հղիանալու հավանականությունը ԱՄԲ-ից հետո հասնում է 24%-ի (ըստ INSERM ֆրանսիական համալսարանի տվյալների):

Օրգանիզմի վերականգնում՝ առողջ մարմնում առողջ հոգի: Ֆիզիկական վարժություններ կատարելիս արտադրվում է ադրենալին և էնդորֆին՝ «երջանկության հորմոն»: Այս պատճառով էլ սպորտը կօգնի կարգի բերել ոչ միայն մարմինը, այլև հոգեկանը: Բացի այդ, սպորտով զբաղվելը բազմազանություն է մտցնում կյանք և ստիպում է դուրս գալ բնակարանից, որը պակաս կարևոր չէ դեպրեսիվ իրավիճակներում: Պարբերաբար մարզումները կօգնեն ազատվել ավելորդ սանտիմետրերից, որոնք կարող էին հայտնվել ԱՄԲ իրականացման ժամանակահատվածում կամ դեպրեսիային ընթացքում հեռուստացույցի առաջ ընդունած քաղցրավենիքից: Հարմար կլինի ցանկացած բան՝ սկսած հեծանվավազքից, վերջացրած մոտակա ֆիտնես կենտրոնում խմբային պարապմունքերից: Կարևորը պարբերաբար զբաղվելն ու հստակ նպատակն է:

Չմոռանաք վերարտադրողական առողջության մասին: Հաճախ հենց անհաջող ԱՄԲ-ից հետո է հնարավոր դառնում պարզել, թե որն է խնդիրը: Կինը պետք է դիմի իր բժշկին և քննարկի անհաջող ԱՄԲ-ի հնարավոր պատճառները: Կարիք կլինի վերահանձնել որոշ անալիզներ: Հնարավոր է պահանջվի ախտորոշիչ վիրահատություն:

Կօգնի նաև ապրելակերպի փոփոխությունը: Լավ կլինի վերանայել սնունդը, անհրաժեշտության դեպքում հատուկ սննդակարգ պահել, օրվա գրաֆիկում ճշգրտումներ մտցնել և պարզապես զբաղվել ձեզնով:

Վերականգնում հոգեպես: Դժվարին իրավիճակներում խիստ կարևոր է ընտանիքի անդամների, բարեկամների ու ընկերների աջակցությունը: Եթե չի ստացվում ինքնուրույն հաղթահարել առաջացած խնդիրը, անհրաժեշտ է դիմել հոգեբանի, ով մասնագիտական օգնություն կտրամադրի: Խորհուրդ է տրվում նաև այցելել աջակցության խմբակներ, որտեղ հավաքվում են նմանատիպ խնդրով կանայք: Ցանկացած դեպքում, եթե կան դեպրեսիայի, ապատիայի (անտարբերության) նշաններ, ավելի լավ է չհապաղել և քայլեր ձեռնարկել:

Ընտանեկան հարաբերությունների վերականգնում: ԱՄԲ-ից հետո տուժողը ոչ միայն կինն է, այլև ամուսինը: Շատ հաճախ ԱՄԲ-ի ընթացքի հետ կապված մտավախությունները, հուսահատության պահերը, վախերը և լարվածությունն իրենց ազդեցությունն են թողնում ամուսինների հարաբերությունների ու սեռական կյանքի վրա: Հաճախ միջամտության ձախողումն ավելի է սրում իրավիճակը: Կանայք սկսում են կարծել, որ այդ ամենում գլխավոր տուժողն իրենք են, և որ ամուսինը պարտավոր է որպես ուժեղ սեռի ներկայացուցիչ սատարել իրենց, քնքշանքով ու ջերմությամբ վերաբերվել՝ ծաղիկներ, ռոմանտիկ ընթրիք և ուշադրության այլ դրսևորումներ, որպեսզի օգնի իրեն դուրս գալ այդ դժվարին իրավիճակից: Արդյունքում ամուսինը, ով ևս մեծ աջակցության և սիրո կարիք է զգում, զրկվում է կնոջ ուշադրությունից ու հոգատարությունից:

Կինը պետք է գիտակցի, որ հենց այսպիսի իրավիճակն է ընդունակ դառնալու ընտանիքի քայքայման սկիզբ, պետք է ճիշտ գնահատի իրավիճակը և թույլ չտա դեպքերի նման զարգացում: Լավ կլինի միասին այցելել հոգեբանական խորհրդատվության և ամրացնել հարաբերությունները: