Արդյո՞ք լինում են անվտանգ աբորտներ

08.10.201417115

Հաճախ է պատահում, որ կանայք երբեմն արդարացված կամ չարդարացված պատճառերով դիմում են հղիության արհեստական ընդհատման՝ կարծելով, թե այն բոլորովին անվնաս միջամտություն է: Հղիության արհեստական ընդհատումն անգամ ամենավաղ ժամկետում կարող է խիստ վտանգավոր լինել կնոջ առողջության համար: Բանն այն է, որ ի սկզբանե հղիությունը լուրջ փոփոխություններ է առաջացնում կնոջ օրգանիզմում, հատկապես կենտրոնական կարգավորման համակարգերում՝ նյարդային և հորմոնային:

Մոր օրգանիզմի և սաղմի միջև սերտ կապ է առաջանում բեղմնավորման առաջին իսկ պահից: Դեռևս նախքան բեղմնավորված պտղաձվի՝ արգանդի պատին ամրանալը պտղի զարգացման վրա ազդում են հորմոնները՝ էստրոգենները, պրոգեստերոնը, պրոստագլանդինները և կենսաբանորեն ակտիվ այլ նյութերը: Վերջիններս արգանդի ներքին շերտը՝ արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիումը) նախապատրաստում են սաղմի ներդրմանը:

Հորմոնների և կենսաբանորեն ակտիվ նյութերի ազդեցությամբ ապագա մոր ամբողջ օրգանիզմում աստիճանաբար վերակառուցում է սկսվում, հատկապես հորմոնակախյալ օրգաններում՝ կաթնագեղձերում, ձվարաններում, արգանդում, արտաքին սեռական օրգաններում: Ցանկացած արտաքին միջամտություն, որը հանգեցնում է հղիության ընդհատման, հորմոնային կտրուկ խանգարման պատճառ է դառնում: Այս հանգամանքով է բացատրվում աբորտի անապահով լինելը, եթե անգամ այն անցկացվել հղիության ամենավաղ շրջանում:

Էական անհամաձայնություն է ի հայտ գալիս կենտրոնական նյարդային համակարգի և հորմոնային համակարգի աշխատանքում, միջամտությունը խախտում է ներզատական գեղձերի՝ հիպոիզի, վահանագեղձի, ձվարանների, մակերիկամների բնականոն աշխատանքը և նպաստում արտահայտվածության տարբեր աստիճանով նյարդային խանգարումների՝ վեգետատիվ դիսֆունկցիայի սրում, հոգեկան խանգարումներ, դեպրեսիա, նևրոզ և այլն:

Դեղորայքային աբորտը ևս չի կարող լիովին անվտանգ համարվել: Չկա այդպիսի մեթոդ: Ցանկացած տիպի աբորտ խաթարում է հղիության հորմոնային պրոցեսի ընթացքը և կոպտորեն ընդհատում սկսված հորմոնային վերակառուցումը: Իհարկե, որքան փոքր է հղիությունը, այնքան թույլ են արտահայտվում փոփոխությունները, սակայն այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ հորմոնների վերակառուցումն սկսվում է հղիության հենց սկզբից՝ ձվաբջջի բեղմնավորումից: Այդ պատճառով էլ դեղորայքային աբորտից հետո ևս մեծանում է հորմոնակախյալ օրգանների հիվանդությունների առաջացման վտանգը, մեծանում է նաև այդ օրգանների բարորակ և չարորակ ուռուցքների ձևավորման հավանականությունը: Բացի այդ որոշ դեղամիջոցներ կարող են հետագայում հանգեցնել էնդոկրինային անպտղության:

Հղիության արհեստական ընդհատման հետևանքներից են նաև տարաբնույթ հորմոնային խանգարումները, ինչպես նաև վահանագեղձի, հիպոֆիզի հիվանդությունները, գինեկոլոգիական հիվանդությունները՝ էնդոմետրիոզը, ձվարանների դիսֆունկցիան, քրոնիկական էնդոմետրիտը, սալպինգաօֆորիտը, անպտղությունը: Հետագա հղիությունների դեպքում նախկինում կատարված արհեստական ընդհատումը կարող է ռեզուս-կոնֆլիկտի պատճառ դառնալ, որի պարագայում ռեզուս բացասական մոր օրգանիզմում ռեզուս դրական պտղի նկատմամբ հակամարմիններ են առաջանում:

Բանն այն է, որ եթե աբորտով ավարտված հղիության ընթացքում արդեն իսկ արտադրվել է հակամարմինների որոշակի քանակ, ապա այդ հակամարմիններն սկսում են իրենց կործանարար ազդեցությունը թողնել պտղի օրգանիզմի վրա և հաջորդող հղիության դեպքում հակամարմիններն ավելանում են: Որքան շատ են հակամարմինները, այնքան լուրջ է նրանց ազդեցությունը պտղի օրգանիզմի վրա:

Այսպիսով, եթե անմիջապես ծննդաբերությունից հետո կրկին հղիացել եք, ապա հիշեք, որ անվտանգ աբորտ չի լինում: Աբորտը լուրջ հարված է կնոջ օրգանիզմին: Անգամ այն դեպքերում, երբ կինն առանց ակնհայտ բարդությունների է տանում աբորտը, ապա միևնույն է հետագայում այն երբեմն կարող է տհաճ հետևանքներ առաջ բերել: