6 մտավախություն բեղմնականխիչների վերաբերյալ

25.09.20147523

Մատչելի, կիրառությամբ դյուրին. այնուամենայնիվ, արժե՞ լիովին վստահել հակաբեղմնավորիչ հաբերին: Մի քանի մտահոգիչ հարցեր և դրանց պատասխանները:

Ոմանք կասկածամտորեն են վերաբերվում հակաբեղմնավորիչ հաբերին՝ մտավախություն ունենալով, որ վերջիններս կնպաստեն գիրացմանը, բացասաբար կանդրադառնան ապագայում հղիանալու կարողության կամ սեռական ցանկության վրա: Նմանատիպ վերաբերմունքի պատճառը նախկինում արտադրվող հաբերն են, որոնք մեծ քանակությամբ հորմոններ էին պարունակում: Այդ ժամանակներից ի վեր բեղմնականխիչները կատարելագործվել են, սակայն հորմոնային միջոցներն իսկապես մի շարք թերություններ ունեն, ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեհուզական բնույթի:

1. Որոշ կանանց մտահոգում է՝ արդյո՞ք հակաբեղմնավորիչ հաբերը չեն ազդի վերարտադրողական կարողության, ապագայում հղիանալու հնարավորության վրա:

Այսպիսի մտավախությունները որևէ հիմք ունենալ չեն կարող. հղիանալու կարողությունը լիովին վերականգնվում է բեղմնականխիչների օգտագործումը դադարեցնելուց անմիջապես հետո: Նմանատիպ մտավախությունները հաճախ հոգեբանական, երբեմն իռացիոնալ բնույթի են լինում: Մեզ թվում է, թե ժամանակակից բժշկությունը խաղ է անում հղիանալու կարողության, իգական հորմոնների և երիտասարդության համար պատասխանատու հորմոնների հետ:

Սա հիմք է ծառայում ավելի անհեթեթ նախապաշարմունքների համար. մեզ թվում է, թե հակաբեղմնավորիչների երկարատև ընդունումը արական հատկանիշներ կհաղորդի արտաքինին, դեմքի հատվածում մազեր կհայտնվեն և այլն: Իրականում այս հաբերը միայն իգական հորմոններ են պարունակում և օրգանիզմի վրա թողնում իգականությունը շեշտող, հակաանդրոգենային ազդեցություն: Հնարավոր է, որ երբեմն կինը պարզապես լիարժեք տեղեկությունների կարիք է զգում. եթե նա հասկանա, թե ինչպես են հաբերն ազդում օրգանիզմի վրա, վախերն այլևս չեն անհագստացնի:

2. Հաբերի թերություններից մեկն այն է, որ պետք է ամեն օր ընդունել, ինչը անհարմարության զգացում է առաջացնում:

Եթե սեռական կյանքը կանոնավոր չէ, ապա հաբերի ամենօրյա ընդունումն անգամ նյարդայնացնում է: Այդ պարագայում անհրաժեշտ է ուսումնասիրել բեղմնականխման այլ միջոցները: Այդ մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

3. Կանանց մեծամասնությունը կարծում է, որ հակաբեղմնավորիչ հաբերը նպաստում են գիրացմանը: Արդյո՞ք այս մտավախությունը որևէ հիմք ունի:

Ճիշտ ընտրված բեղմնականխիչը չպետք է գիրացնի: Եթե այնուամենայնիվ գիրություն է նկատվում, ապա հավանական պատճառները երկուսն են՝ հեղուկի կուտակում կամ ախորժակի մեծացում: Հորմոնային հակաբեղմնավորիչներն ստեղծված են «հղիության վիճակի կրկնօրինակման» սկզբունքով (հենց սա է նպաստում, որ ձվազատում չկատարվի), ըստ այդմ՝ այդպիսի անհատական կողմնակի ազդեցությունը տեսականորեն հնարավոր է: Եթե հակաբեղմնավորիչը այտուցվածություն է առաջացնում կամ խթանում ախորժակը, ապա նշանակում է, որ այն սխալ է ընտրված և պետք է այլ միջոց փորձել:

4. Հորմոնային հակաբեղմնավորիչները մեծացնում են կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղի վտանգը:

Տվյալներ կան, որոնք հաստատում են այս փաստը. քաղցկեղի այդ տարատեսակների վտանգը մի քանի անգամ մեծանում է, սակայն զգալիորեն նվազում է ձվարանների և արգանդի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Հետևաբար կարող ենք ասել, որ նշված վտանգները փոքր-ինչ փոխհատուցում են միմյանց: Այս հարցն իրականում խորն ուսումնասիրման կարիք ունի: Թե ինչպես են վերջին սերնդի դեղամիջոցները, որոնք նվազագույն չափաբաժնով հորմոններ են պարունակում, ազդում օրգանիզմի վրա, դեռևս երկարատև հետազոտությունների փուլում է: Վտանգը նվազեցնելու նպատակով ցանկալի է քաղցկեղի նշված տարատեսակների հանդեպ նախատրամադրվածության հետազոտություն անցնել և պարզել արդյոք արյունակից ազգականներից որևէ մեկը քաղցկեղ չի ունեցել:

5. Որոշ կանայք կարծում են, թե հաբերը նվազեցնում են սեռական ցանկությունը:

Հետազոտությունների համաձայն՝ բեղմնականխիչները որևէ կերպ չեն ազդում լիբիդոյի վրա: Հոգաբանության տեսանկյունից անհանգստության, հղիանալու վտանգի բացակայությունը, պաշտպանվածության հարցում համոզվածությունը, ընդհակառակը, պետք է կնոջը տրամադրեն սիրով զբաղվելուն: Այդուհանդերձ որոշ կանայք, ովքեր շատ լավ են զգում իրենց մարմինը, խոստովանում են, որ գիտեն, թե երբ է իրենց օրգանիզմում ձվազատում կատարվում, և այդ պահին ավելի վառ արտահայտված սեռական ցանկություն են զգում, քան հակաբեղմնավորիչ օգտագործելու պարագայում. վերջինի դեպքում ցանկությունն ավելի հավասարաչափ է, միատիպ ամբողջ ցիկլի ընթացքում:

6. Ինչ սպասելիքներ ունենալ բեղմնականխիչներից ապագայում: Արդյո՞ք նախադրյալներ կան տղամարդկանց համար նախատեսված հաբեր ստեղծելու համար:

Այս խնդիրը բավականին արդիական է. կինն իրավունք ունի ակնկալելու, որ տղամարդը վերջապես կկարողանա իր հետ կիսել առողջությանը վնասելու ռիսկը: Տղամարդկանց համար նախատեսված հաբերի փնտրտուքները ժամանակ առ ժամանակ վերսկսվում են, սակայն իրականացված հետազոտությունների արդյունքները հիասթափեցնող են: Հորմոնների ընդունման դեպքում տղամարդը կորցնում է սեռական ցանկությունը, իսկ վատագույն դեպքում՝ վերարտադրողական կարողությունը առհավետ: Երևի թե տղամարդկանց համար նախատեսված հաբերի ստեղծումը սկզբունքորեն նոր մոտեցում է պահանջում: