Ծիրանաչիր․ օգտակարությունն ու վնասակարությունը

11.11.20191097

Ծիրանաչիրը մեզանում ընդունված, հնուց հայտնի աղանդեր է։ Կխոսենք բնական եղանակով չորացրած, առանց քիմիկատների չրի մասին։ 100 գրամ ծիրանաչրի կալորիականությունը 232 կկալ է։

Այն հարուստ է վիտամիններով՝ А, В1, В2, С, РР, միկրոտարրերով և մակրոտարրերով, հանքանյութերով՝ կալիում, կալցիում, մագնիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, բջջանյութ, ճարպաթթուներ և օրգանական թթուներով։

Օգտակար հատկությունները

Սննդաբանները խորհուրդ են տալիս ամեն օր 4-5 ծիրանաչիր ուտել աշուն-գարուն ժամանակահատվածում, ինչը կօգնի օրգանիզմում լրացնել օգտակար նյութերի քանակը, կանխել սակավարյունությունը, աչքերի, ստամոքսաղիքային տրակտի, սրտանոթային համակարգի հիվանդությունները, թրոմբոֆլեբիտը և աթերոսկլերոզը։

Կարող եք 100 գրամ չիրն աղալ, խառնել երկու ճաշի գդալ մեղրին և ուտել (օրական 2-3 անգամ՝ մեկ ճաշի գդալ)։ Այդ նույնը բուժական նպատակով կիրառելու համար խորհրդակցեք ձեր բժշկի կամ հենց սննդաբանի հետ։

Ծիրանաչիրը հաճախ ուտելու դեպքում կարգավորում է հորմոնային հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է վնասակար խոլեստերինը, կանխում է ինֆարկտն ու ինսուլտը, լավացնում է դիաբետ ունեցող մարդկանց ընդհանուր վիճակը, որոնք երիկամների և վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներ ունեն։

Ծիրանաչրում պարունակվող մի շարք նյութեր օգնում են ճնշել քաղցկեղածին բջիջների զարգացումը։ Այդ նպատակով կարող եք համադրել մի քանի տեսակի չիր՝ ծիրանաչիր (200գր), սալորաչիր (100գր) և ընկույզ (100գր), աղալ դրանք և ավելացնել մեղրը (2 ճգ)։ Հարկավոր է մեկական ճաշի գդալ ուտել նախաճաշելուց առաջ և քնելուց առաջ։

Ծիրանաչիրն օգնում է նաև օրգանիզմից հեռացնել խարաններն ու թունավոր նյութերը, իսկ նրանում պարունակվող պեկտինյան նյութերը նպաստում են նաև ծանր մետաղների և ռադիոնուկլիդների հեռացմանը։

Վնասակար հատկությունները

Ծիրանաչրի չարաշահումը կարող է փորլուծություն և մարսողության խանգարում առաջացնել։ Խորհուրդ չի տրվում տալ մինչև մեկ տարեկան երեխաներին, քանի որ կարող է դիաթեզ առաջացնել։ Հակացուցված է հիպերտոնիայի և ասթմայի դեպքում, քանի որ կարող է նվազեցնել զարկերակային ճնշումը։