Ինչո՞ւ ենք խուսափում գինեկոլոգի դիմելուց․ 5 հիմնական պատճառ

05.11.20193615

Թերևս չկա մի կին, որը տեղյակ չլինի գինեկոլոգիական պլանային ստուգումների անհրաժեշտության մասին, չկա նաև մեկը, որը ժամանակ առ ժամանակ չհետաձգի բժշկին դիմելը։ Ինչո՞ւ ենք այդպես վարվում ի վնաս մեր առողջության։

1. Ամոթ

Կնոջը խանգարող հիմնական զգացումներից մեկն ամոթն է։ Ամոթ է քննարկել սեփական սեռական կյանքը, դրա առկայությունն ու բացակայությունը, վաղ կամ ուշ սկիզբը, զուգընկերների քանակը և այլն։

Ամաչեցնում է և անհարմարություն պատճառում հենց զննումը, սեփական արտաքին տեսքի մասին մտքերը (ավելորդ քաշ, էպիլյացիայի անհրաժեշտություն), անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները (անհամաչափություն, պիգմենտավորված սեռական շուրթեր, տհաճ հոտ և այլն)։

Կարևոր է հասկանալ, որ բժիշկն այդ ամենին ուշադրություն չի դարձնում։ Նա միայն կենտրոնանում է ախտաբանական վիճակի ախտորոշման և առողջության ընդհանուր գնահատման վրա։ Նրա համար արտաքին տեքսը կարևոր չէ։

2. Վախ

Մեկը պետք է առաջին անգամ դիմի գինեկոլոգի և վախենում է անորոշությունից, մյուսը վախենում է ցավից, նախորդ անհաջող փորձից, երրորդը վախենում է անցանկալի ախտորոշում լսելուց և այլն։ Շատերն էլ այնքան են հետաձգում այցը, բարձիթողի վիճակի մատնում խնդիրը, որ հետո էլ սկսում են վախենալ բժշկի քննադատությունից ու նախատինքից։

3. Անվստահություն

Հաճախ չենք վստահում բժիշկներին և վախենում ենք վատ վերաբերմունքից, անտեղի շատ հետազոտությունների նշանակումից, չեղած խնդրի արհեստական բուժումից։

4․ Չիմացություն

«Ինչո՞ւ դիմեմ բժշկի, ոչ մի տեղս չի ցավում», «սեռական կյանքով չեմ ապրում, ուրեմն պետք չէ դիմել գինեկոլոգի», «միայն մեկ սեռական զուգընկեր ունեմ, նրան վստահում եմ և բժշկի դիմելու իմաստ չկա», «լսել եմ, որ ՈւՁՀ-ն վնասում է պտղին, այդ պատճառով չեմ հետազոտվում», «քան դեռ կերակրում եմ կրծքով, չեմ հղիանա, բայց ինչու՞ է դաշտանն ուշանում»։

Սրանք թյուր պատկերացումների մի փոքր մասն են միայն, որոնք «արգելում» են ճիշտ ժամանակին դիմել բժշկի։ Միշտ իմացեք, որ տարին մեկ-երկու անգամ պարզապես պարտադիր է դիմել գինեկոլոգի, եթե անգամ ակնհայտ գանգատ չունեք։ Բազմաթիվ խնդիրներ ու հիվանդություններ կան, որոնք ախտանշաններով չեն դրսևորվում կամ էլ գաղտնի են ընթանում։

5. Բժշկի անտարբերությունը

Հաճախ ամեն բան ճիշտ արված է լինում՝ հետազտություններ, ախտորոշում, սակայն բժիշկը հիվանդին պատշաճ ժամանակ չի հատկացնում այդ ամենը բացատրելու համար, և հիվանդը մնում է անորոշության մեջ՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում իր հետ և ինչ պետք է անի հետագայում։

Բժշկական էթիկայի մասին սովորում են դեռևս համալսարանում, սակայն այդ առարկան մեզ մոտ կարծես թե համապատասխան ուշադրության չի արժանանում ուսանողների կողմից, երբեմն էլ պատշաճ չի մատուցվում։

Խիստ կարևոր է բուժառուի հետ հաղորդակցման հմտությունների տիրապետելը, նրան որպես հավասարի ընդունելը, նրան լսելն ու բացատրելը, այլ ոչ թե վերևից՝ հեղինակության դիրքից նայելը։