Գարտներյան ուղիների կիստա (հեշտոցի պատի բուշտ)

25.02.201411897

Գարտներյան ուղու կիստան մեզոնեֆրալ ծորանների (վոլֆյան) մնացորդների սաղմնային գոյացություն է: Կիստան տեղակայվում է հեշտոցի կողմնային, հազվադեպ`առաջնային պատի վերին երրորդականում՝ միզուկի մոտ, պարունակում է թափանցիկ լորձային հեղուկ:

Գարտներյան ուղու կիստաները հաճախ երկարաձիգ են, ունեն մինչև 3-5 սմ տրամագիծ, երբեմն կարող են մեծ չափերի հասնել՝ վերին բևեռով հասնելով հարարգանդային բջջանքին:
Գարտներյան ուղու կիստան կլինիկական որևէ դրսևորում կարող է չունենալ և բացահայտվել գինեկոլոգիական հետազոտության ժամանակ: Հայելիների օգնությամբ զննելիս հեշտոցի համապատասխան պատը իջած է երևում գոյացության հետևից, որն ունի փափուկ կամ պինդ առաձգական բաղադրություն: Գարտներյան ուղու կիստան ՈՒՁՀ-ի ժամանակ երևում է հստակ ուրվագծերով, հիպոէխոգեն պարունակությամբ, միայնակ կամ բազմախորշ կազմությամբ:

Վիրահատման ցուցումները՝ փոքր կիստաները հիվանդին չեն անհանգստացնում, ուստի վիրահատման կարիք չկա: Մեծ կիստաները ենթակա են վիրահատական բուժման:

Վիրահատման պայմանները՝ հեշտոցի մշակում (սանացիա):

Վիրահատության նախապատրաստումը՝ միզապարկը դատարկելուց հետո հիվանդին պառկեցնում են գինեկոլոգիական սեղանին:

Անզգայացման եղանակը՝ տեղային անզգայացում:

Հանձնարարականներ հիվանդի համար՝ անձնական հիգիենայի պահպանում, սեռական հարաբերությունից խուսափում 1 ամիս: