Արգանդի պարանոցի բացվածքի պոլիպի հեռացում

24.05.2019844

Արգանդի պարանոցի բացվածքը (ցերվիկալ կանալ) պատված է միաշերտ ցիլինդրային էպիթելով, որի վրա երբեմն կարող են բարորակ նորագոյացություններ՝ պոլիպներ առաջանալ։ Վերջիններիս հեռացումը բուժման միակ արդյունավետ մեթոդն է, քանի որ դեղորայքային բուժումը 100%-ոց արդյունք չի ապահովում։

Երբեմն բուժառուներին անհանգստացնում է մի հարց՝ պե՞տք է առհասարակ հեռացնել պոլիպը։ Այո, որովհետև հնարավոր է, որ ժամանակի ընթացքում բարորակ այդ նորագոյացությունը վերածվի չարորակի, բացի այդ այն հակված է մեծանալուն և կարող է փակել պարանոցի բացվածքն ու խախտել նրա ֆունկցիան։

Արգանդի պարանոցի բացվածքի պոիլիպի հեռացումը կատարվում է հետևյալ մեթոդներով՝

  • լազերային, 
  • ռադիոալիքային, 
  • էլեկտրակոագուլյացիա։

Լազերային հեռացումն ավելի խնայող է և պակաս վնասակար, քանի որ լազերի միջոցով հնարավոր է լինում հեռացնել միայն պոլիպի բջիջները և չվնասել հարակից առողջ հյուսվածքները։

Ռադիոալիքային հեռացումը ենթադրում է ախտաբանական բջիջների գոլորշիացում բարձր հաճախականությամբ ալիքների միջոցով։ Պոլիպի հեռացումից հետո վերականգնում չի պահանջվում, քանի որ միջամտությունը բավականին պարզ է և ժամանակատար չէ։ Անմիջապես հետո հնարավոր է վերադառնալ տուն և անցնել կյանքի բնականոն ռիթմին։

Ինչպե՞ս է ախտորոշվում արգանդի պարանոցի բացվածքի պոլիպը

Պոլիպն առաջին հերթին հայտնաբերվում է գինեկոլոգիական զննման արդյունքում, Ինչպես նաև՝

  • ՈւՁՀ հետազոտության, 
  • կոլպոսկոպիայի։ 

Բուժումը

Վիրաբուժական միջամտության դեպքում պոլիպը հեռացվում է պարանոցի բացվածքի քերման միջոցով (պոլիպէկտոմիա)։ Միջամտությունը կատարվում է ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ, իսկ վերցված նմուշն ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության։

Խորհուրդներ Խորհուրդ է տրվում սեռական հանգիստ մեկ ամիս, ջերմային պրոցեդուրաների բացառում, ֆիզիկական ծանրաբեռնվածության նվազեցում, ինտիմ հիգիենայի պահպանում, տարին երկու անգամ գինեկոլոգիական խորհրդատվություն, սեռական վարակների ժամանակին բուժում, խուսափում ինքնաբուժությունից։