Արգանդի արտանկում

25.02.201434201

Ներքին սեռական օրգանների իջեցումն ու արտանկումը արգանդի կամ հեշտոցի պատերի դիրքի խախտումն է, ինչը դրսևորվում է սեռական օրգանների տեղաշարժով մինչև հեշտոցամուտք կամ այդտեղից արգանդի արտանկմամբ: Նշված երևույթը կարելի է դիտարկել որպես կոնքի հատակի ճողվածքի տարատեսակ, որը զարգանում է հեշտոցամուտքի շրջանում: «Ներքին սեռական օրգանների իջեցում ու արտանկում» տերմինի տակ լայնորեն գործածական են նաև այնպիսի հոմանիշներ, ինչպիսիք են «գենիտալ պրոլապս», «ցիստոռեկտոցելե», այնպիսի բնորոշումներ, ինչպիսիք են «իջեցում», «արգանդի և հեշտոցի պատերի ամբողջական կամ ոչ ամբողջական» արտանկում: Միայն հեշտոցի առաջնային պատի իջեցման պարագայում տեղին է «ցիստոցելե», իսկ հետին պատի իջեցման պարագայում` «ռեկտոցելե» արտահայտությունը:

Համաճարակաբանությունը

Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհի կանանց 11,4%- ին ամբողջ կյանքում ուղեկցում է գենիտալ պրոլապսի վիրաբուժական միջամտության հնարավոր վտանգը, այսինքն` ներքին սեռական օրգանների իջեցման ու արտանկման կապակցությամբ 11-ից մեկն իր կյանքում կենթարկվի վիրահատության: Հիվանդների ավելի քան 30%-ը կրկին վիրահատվում է պրոլապսի կրկնվելու պատճառով: Կյանքի տևողության երկարացմանը զուգահեռ ներքին սեռական օրգանների իջեցումն ավելի հաճախ է դիտվում: Մեր օրերում գինեկոլոգիական հիվանդությունների շարքում ներքին սեռական օրգանների իջեցումն ու արտանկումը 28% -ի է հասնում, իսկ, այսպես կոչված՝ «գինեկոլոգիական մեծ վիրահատությունների» 15%-ն իրականացվում է հենց այդ պատճառով: 

Կանխարգելումը

Կանխարգելման հիմնական ուղղություններն են՝ 

  • ծննդաբերության խնամքով (ճիշտ) վարումը (թույլ չտալ երկարատև, տրավմատիկ ծնունդներ),
  • արտասեռական հիվանդությունների բուժումը (ներորովայնային ճնշման բարձրացմամբ ուղեկցվող),
  • ծննդաբերությունից հետո շեքի անատոմիական կառուցվածքի շերտ առ շերտ վերականգնումը, եթե կան պատռվածքներ, կատարված է շեքահատում՝ էպիզիոտոմիա (սեռական մեծ շրթունքների հատում) կամ պերինեոտոմիա,
  • հիպոէստրոգենային վիճակներում հորմոնների կիրառումը, 
  • կոնքի հատակի մկաններն ամրացնող համալիր վարժությունների կիրառում:

 

Դասակարգումը

Առաջարկվում է կոնքի օրգանների պրոլապսի հետևյալ դասակարգումը։ 

  • I աստիճան՝ արգանդի վզիկն իջնում է հեշտոցի կեսից ցած, 
  • II աստիճան՝ արգանդի վզիկը և/կամ հեշտոցի պատերն իջնում են մինչև հեշտոցամուտք, 
  • III աստիճան՝ արգանդի վզիկը և/կամ հեշտոցի պատերն իջնում են հեշտոցամուտքից ներքև, իսկ արգանդի մարմինը տեղակայվում է դրանից վերև, 
  • IV աստիճան՝ ամբողջ արգանդը և/կամ հեշտոցի պատերը գտնվում են հեշտոցամուտքի սահմաններից դուրս:

Պատճառագիտությունը և ախտածագումը

Հաճախ հիվանդությունը զարգանում է վերարտադրողական տարիքում և միշտ ունի զարգանալու միտում, ըստ որում՝ առաջընթացի հետ խորանում են գործառութային խանգարումները` հաճախ ավելանալով մեկը մյուսին` պատճառելով ոչ միայն ֆիզիկական տառապանք, այլև անձին դարձնելով մասամբ կամ բոլորովին անաշխատունակ: Այս ախտաբանական երևույթի ժամանակ մշտապես առկա է արտածին կամ ներծին պատճառներով պայմանավորված ներորովայնային ճնշման բարձրացում, ինչպես նաև կոնքի հատակի անկատար վիճակ, որոնց առաջացման պատճառները բաշխվում են չորս խմբի՝

  • սեռական հորմոնների սինթեզի խանգարում,
  • շարակցական հյուսվածքի անկատար վիճակ` «համակարգային» անբավարարության տեսքով, 
  • կոնքի հատակի վնասվածքներ,
  • նյութափոխանակության, մազանոթային արյան շրջանառության խանգարումներ, ներորովայնային ճնշման հաճախակի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված քրոնիկական հիվանդություններ:

Հիշյալ գործոններից մեկի կամ մի քանիսի ներգործությամբ զարգանում է ներքին սեռական օրգանների և կոնքի հատակի կապանների անկատար վիճակ: Ներորովայնային ճնշման բարձրացման հետևանքով փոքր կոնքի օրգաններն արտամղվում են կոնքի հատակից: Միզապարկի ու հեշտոցի պատերի անատոմիական սերտ կապը նպաստում է ախտաբանորեն փոփոխված կոնքի ստոծանու (հատակի), միզապարկի և հեշտոցի պատերի համատեղ իջեցմանը: Վերջինը վերածվում է ճողվածքապարկի`ձևավորելով ցիստոցելե: Սա իր հերթին մեծանում է նաև միզապարկի ներսում սեփական ճնշման բարձրանալով` ստեղծելով արատավոր շրջան: Սեռական օրգանների պրոլապսով հիվանդների համար լուրջ խնդիր է ֆիզիկական լարման ժամանակ անմիզապահությունը. ուրոդինամիկ խանգարումներն առկա են գործնականում ներքին սեռական օրգանների իջեցմամբ կամ արտանկմամբ յուրաքանչյուր երկրորդ հիվանդի դեպքում: Նման կերպ է ձևավորվում նաև ռեկտոցելեն: Այդպիսի հիվանդներից յուրաքանչյուր երրորդն ունի պրոկտոլոգիական բարդություններ: Հատուկ տեղ են զբաղեցնում արգանդի հեռացումից հետո հեշտոցի գմբեթի արտանկմամբ հիվանդները:

Կլինիկական դրսևորումները 

Կոնքի օրգանների պրոլապսն առավել հաճախ դիտվում է տարեցների և ծերերի շրջանում: Հիմնական գանգատներն են հեշտոցում օտար մարմնի զգացումը, ստորորովայնային և գոտկային շրջաններում ձգող բնույթի ցավերը, շեքում ճողվածքապարկի առկայությունը: Անատոմիական փոփոխություններին միանում են հարակից օրգանների գործառույթի խանգարումները: Միզարձակության խանգարումներն արտահայտվում են օբստրուկտիվ ձևով` երբեմն սուր միզապահությամբ` պահանջելով անհետաձգելի միջամտություն, գերակտիվ միզապարկով` լարվելիս անհետաձգելի միջամտությամբ: Սակայն գործնականում հաճախ հանդիպում են համակցված ձևերը:

Միզարձակության խանգարումների, դիսխեզիայի (ուղիղ աղիքի հարմարողական հնարավորությունների խանգարում), փորկապության հետ մեկտեղ գենիտալային պրոլապսով կանանց ավելի քան 30%-ը տառապում են դիսպարեունիայով (սեռական ակտի ցավոտությամբ):

Ախտորոշումը

Ներքին սեռական օրգանների իջեցման ու արտանկման դեպքում կիրառվում են հետազոտման հետևյալ եղանակները՝ 

  • անամնեզ (վերհուշական տվյալներ), 
  • գինեկոլոգիական զննում, 
  • հեշտոցային ՈՒՁՀ, 
  • ուրոդինամիկ համակցված հետազոտություն, 
  • հեշտոցազննում, միզապարկի զննում, ուղիղ աղիքի զննում: 

Վերհուշական տվյալները (անամնեզ) հավաքելիս պետք է պարզել ծննդաբերությունների ընթացքի առանձնահատկությունները, արտասեռական հիվանդությունների առկայությունը, որոնք կարող էին հանգեցնել ներորովայնային ճնշման բարձրացման, ճշտել կրած վիրահատությունները:

Ֆիզիկական հետազոտություն

Ներքին սեռական օրգանների իջեցման ախտորոշման հիմքը ճիշտ կատարված երկձեռնանի զննումն է: Որոշում են հեշտոցի պատերի և/կամ արգանդի իջեցման աստիճանը, միզասեռական համակարգի շեղումները: Արգանդի և հեշտոցի պատերի արտանկման, ինչպես նաև սեռական օրգանների ճիշտ տեղակայման մոդելավորման դեպքում պարտադիր են ծանրաբեռնվածության փորձերը (Վալսալվի, հազի):

Ուղիղ աղիք-հեշտոցային (ռեկտովագինալ) զննման ժամանակ կարելի է տեղեկանալ հետանցքի վիճակի, որովայնամիզ-շեքային ապոնևրոզի, լևատորների, ռեկտոցելեի արտահայտվածության աստիճանի մասին:

Գործիքային հետազոտություն

Անհրաժեշտ է կատարել արգանդի ու հավելումների ներհեշտոցային ՈւՁՀ: Ներքին սեռական օրգանների փոփոխություններ նկատելիս կարելի է ընդլայնել պրոլապսի վիրահատական միջամտության ծավալը նախքան դրանց հեռացնելը: Ուլտրաձայնային հետազոտության արդի հնարավորությունները թույլ են տալիս լրացուցիչ տեղեկություններ ստանալ միզապարկի սեղմանի, հարմիզուկային հյուսվածքների վիճակի մասին: Դա անհրաժեշտ է հաշվի առնել նաև վիրահատական բուժման եղանակն ընտրելիս:

Բուժումը

Բուժման հիմնական եղանակը վիրահատական միջամտությունն է: Հեշտոցային պեյսարիաների կիրառումը տալիս է ժամանակավոր արդյունք և որոշ դեպքերում կարող է հանգեցնել զանազան բարդությունների:

Տեղեկություններ հիվանդի համար

Հիվանդները հետագայում պետք է խուսափեն 10 կգ-ից ավելի ծանրություն բարձրացնելուց: Կարևոր է կարգավորել կղազատումը, բուժել շնչառական համակարգի քրոնիկակն հիվանդությունները, որոնք տևական հազով են ուղեկցվում: Խորհուրդ չի տրվում ֆիզիկական մի քանի վարժություն կատարել (հեծանվային մարզում, թիավարում): Կարիքի դեպքում պետք է բուժել միզարձակության խանգարումները:

Ելքը

Ներքին սեռական օրգանների պրոլոպսի բուժման ելքը սովորաբար բարենպաստ է համարժեք ընտրված վիրահատական բուժման, աշխատանքի ու հանգստի ճիշտ կանոնակարգի, ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակման դեպքում: