Հղիության 10 նշան

12.10.201739492

Հղիության առաջին նշաները հաճախ ի հայտ են գալիս նախքան դաշտանի ուշացումը, չնայած որ բազմաթիվ կանայք պարզապես չեն նկատում դրանք։ Իմպլանտացիայի՝ բեղմնավորված պտղաձվի՝ արգանդի պատին ամրանալու պահից սկսած կնոջ օրգանիզմում փոփոխություններ են կատարվում, ախտանշաններ են ի հայտ գալիս, որոնց միջոցով հնարավոր է հասկանալ հղիության առկայությունը։

Հղիության տասը նշան

1. Դաշտանից մոտավորապես մեկ շաբաթ առաջ փոքր քանակությամբ վարդագույն կամ շագանակագույն արտադրություն է նկատվում։ Այդ պատահում է պտղաձվի իմպլանտացիայի պահին, շատերը կարծում են, որ այդ պարզապես դաշտանի վաղ սկիզբ է։

2. Համային զգացումների փոփոխություն։ Կինն սկսում է զզվել սիրելի ուտելիքներից՝ փոխարենը ցանկանալով ուտել այն, ինչ նախկինում դուրը չի եկել։

3․ Կրծքի զգայունակության մեծացում։ Պտուկները կարող են այնքան զգայուն դառնալ, որ հնարավոր չլինի ձեռք տալ, երբեմն կուրծքն այտուցվում է ու սկսում ցավալ։ Այդ զգացողությունները ժամանակի ընթացքում անցնում են և անհանգստություն չեն պատճառում։

4. Հաճախակի միզարձակում։ Պատճառն ինչպես արգանդի կտրուկ մեծացումն ու միզապարկին ճնշելն է, այնպես էլ հորմոնային ֆոնի փոփոխությունը։

5. Հոգնածություն և ընդհանուր թուլություն։ Հորմոնային փոփոխությունները հղիության սկզբում վատ ինքնազգացողության պատճառ են դառնում, քնկոտություն, անտարբերություն, քնի խանգարում և մշտական հոգնածություն է առաջանում։

6. Մարմնի բարձր ջերմաստիճան։ Հղիության առաջին եռամսյակում մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մի քանի աստիճանով։

7. Պտուկների գույնի մգացում։ Հարպտկային շրջանակը մգանում է և եզրագծերն ավելի հստակ են դառնում։

8. Սրտխառնուք և փսխում։ Վաղ տոքսիկոզը սովորաբար սկսվում է հղիության հինգերորդ շաբաթին մոտ ժամկետում, իսկ ոմանք առհասարակ չեն ունենում այն։ Եբեմն, սակայն, ապագա մայրն այդ զգացումներն ունենում է նախքան դաշտանի ուշացումը։ Սրտխառնոցը կարող է առաջանալ ոչ միայն առավոտյան, այլ օրվա ցանկացած պահի, առանց պատճառի և որպես ռեակցիա որոշ հոտերի կամ ուտելիքների արտաքին տեսքի հանդեպ։

9. Դաշտանի բացակայություն։ Կանոնավոր ցիկլի դեպքում դաշտանի բացակայությունը վստահորեն վկայում է հղիության մասին, իսկ կողմնակի այլ ախտանշանների առկայության դեպքում հղիության հավանականությունը գրեթե 100% է։

10. Հղիության թեստի դրական արդյունք։ Սովորաբար թեստն անցկացնում են դաշտանի ուշացման առաջին օրը, բայց հիմնականում նախքան ուշացումն էլ որակյալ, բարձր զգայունակությամբ թեստի վրա թույլ երկրորդ գծիկ է ի հայտ գալիս, որը նույնպես վկայում է հղիության մասին։

Չմոռանաք, որ վերոնշյալները միայն հավանական նշաններ են։ Որքան շատ են դրանք, այնքան մեծ է հղի լինելու հավանականությունը։ Դաշտանի ուշացման առաջին իսկ օրերին հստակ, հավաստի պատասխան կարող է տալ արյան՝ մարդու խորիոնային գոնադոտրոպինի հայտնաբերման հետազոտությունը։